ԱՈՒՏԻԶՄԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԱՈՒՏԻԶՄԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

3654

«Այսօր Հայաստանում ապրում է աուտիզմ ախտորոշումը կրող 1000-ից ավելի երեխա։ Ամեն տարի ախտորոշման աճ է արձանագրվում։ Աուտիզմն ավելի տարածված է, քան մանկական շաքարային դիաբետը, ուղեղային կաթվածը և մանկական օնկոլոգիական հիվանդությունները» ,-ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Աուտիզմի հաղթահարում» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի անդամ Հասմիկ Մարգարյանը։

«Աուտիզմ» ազգային հիմնադրամ բարեգործական հասարակական կազմակերպության դեռահասների մասնագիտական ծրագրերի համակարգող Ինեսա Հարությունյանը նշեց, որ հենց այն տարիքում, երբ երեխան փորձում է տեսողական շփման միջոցով կապ հաստատել ծնողի հետ, այդ ընթացքում արդեն մասնագետները և ուշադիր ծնողները կարող են նկատել հատկանշական առանձնահատկություններ, որոնք սովորական չեն, օրինակ՝ անվանը չարձագանքելը, շրջապատող միջավայրով չհետաքրքրվելը, խոսքի բացակայության կամ ոչ ֆունկցիոնալ լինելը, մանկական խաղերում հասակակիցներից տարբերվելը և այլն: Ըստ Ինեսա Հարությունյանի՝ աուտիզմը դարի խնդիր է.

«Մեր գլխավոր նպատակն է, հասարակությանը իրազեկված պահելը, ինչն էլ թույլ կտա ախտորոշումն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրվել, ներգրավել հասարակության տարբեր ոլորտներում»,-ասաց նա։

Աուտիզմը  ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել։
Ապրիլի 2-ը ՄԱԿ-ի գլխավեր ասամբլեան հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։

«Աուտիզմ» ախտորոշումը լսելուց հետո շատ ծնողներ հուսալքվում են, փոխարենը, ըստ մասնագետների, շատ կարևոր է լինել երեխայի կողքին, դիմել հոգեբանների, լոգոպեդների, երեխային ներգրավել առօրյա կյանքի մեջ։ Սովորաբար աուտիկ անհատները ինքնատիպ են, յուրօրինակ, նրանցից շատերը ունեն տեսողական, երաժշտական, նկարչական կարողություններ, շատ հաճախ աչքի են ընկնում նաև գիտության բնագավառում։ Աուտիկները հակում ունեն հանճարներ դառնալու։
Նման օրինակ է՝ հայտնի ֆիզիկոս, մաթեմատիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր, նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը։ Նա մանուկ հասակում շատ ինքնամփոփ է եղել, մինչև 5 տարեկանը հանճարը մեկ բառ անգամ չի արտաբերել, իսկ 5-7 տարեկան հասակում մի քանի նախադասություն է վանկարկել։ Էյնշտեյնի այս յուրահատկություններին անդրադարձել է Բի Բի Սի հեռուստառադիոկոռպորացիան՝ կարծիք հայտնելով, որ ֆիզիկոսը աուտիկ է եղել։

Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ՝ գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով, ծանր մետաղների աղերով և այլն։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում կա աուտիզմով հիվանդ 67 միլիոն մարդ։ Աուտիզմ է ախտորոշված յուրաքանչյուր 150 երեխաներից մեկի մոտ։ Ընդ որում նկատվում է աուտիզմով երեխաների քանակի աճ։

 

Հակոբյան Արմիկ

3-րդ կուրս

Կիսվել