Մարտունիում թշնամին հետ է շպրտվել. Բերձորից հարավ ՊԲ-ին հաջողվել է բարելավում իրականացնել....

Մարտունիում թշնամին հետ է շպրտվել. Բերձորից հարավ ՊԲ-ին հաջողվել է բարելավում իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

478

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։

«Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։

«Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասաց Հովհաննիսյանը։

Սակայն ՊՆ ներկայացուցիչը հաղորդեց, որ այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով․

«Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։ Ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն »,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել