Չնայած նրան, որ հայոց լեզուն շատ ճկուն է, միևնույն է, չկան բառեր որոնք կնկարագրեն կրտսեր սերժանտ Ռուստամ Պողոսյանի սերն ու նվիրումը հայրենիքին։
Քույրը՝ Սիլվին ասաց՝ 24 տարի է հարկավոր, որ պատմես, հիշես և հանկարծ որևէ կարևոր դրվագ բաց չթողնես նրա ապրած կյանքից։
Ուժեղ, անկոտրում ածականների կողքին միշտ կան բարի, հոգատար, խարիզմատիկ ածականները, երբ խոսքը Ռուստամի մասին է։ «Երբ սենյակ էր մտնում, անհնար էր իր դրական էներգիայով չվարակեր բոլորին» ,-հիշում է քույրը։
Պատերազմի ժամանակ թոքաբորբով հիվանդ է եղել, բայց դրա մասին ընտանիքին չի ասել, նրան հորդորել են բուժվել, հետո նոր միանալ զինակիցներին, սակայն 24 տարեկան հերոսին ճանաչողները կփաստեն, որ նա չէր կարող հանգիստ պառկել ու բուժում ստանալ, երբ գիտեր որ ռազմադաշտում ընկերները կյանքի ու մահվան մարտեր են տալիս։ Այն Ռուստամը, ով բոլորին միշտ օգնել և պաշտպանել էր, այս անգամ էլ նույն կերպ է վարվել՝ ասելով. «Ո՛չ, հարկավոր չէ, հոսպիտալում պառկած են տղաներ, ովքեր իրապես դրա կարիքն ունեն, ես ռազմադաշտում եմ պետք»։
Հոգատար և բարի տղան չէր կարող հանգիստ պառկել հոսպիտալում, երբ գիտեր, որ 18, 19, 20 տարեկան տղաները կռվի դաշտում են, այդ իսկ պատճառով հրաժարվում է և կանգնում ընկերների կողքին։
Ընտանիքի համար քարացած ժամերը շունչ էին ստանում, երբ հաջողվում էր Ռուստամի հետ խոսել. «Նա միշտ ոգևորում էր, ասում էր՝ լավ եմ, չանհանգստանաք, աղոթեք, և հաղթանակը մերն է»,- պատմում է Սիլվին։
Հերոսը իր մեծ սիրով, խարիզմատիկ բնավորությամբ, ուշադիր, հոգատար վերաբերմունքով բոլորի սիրելին էր։ Երբ իմացել են, որ բանակ է գնալու, ծանոթ, հարազատ, ընկեր, բարեկամ, բոլորը մի պահ սառել են և տագնպել, բայց մի վայրկյան անց Ռուստամի խոսքը սթափեցրել, ապա ոգևորել է բոլորին։ «Հայրենի հողը սուրբ վայր է, ու եթե մենք չպաշտպանենք, ապա ո՞վ է պաշտպանելու»,-ասել է նա։
Հայրենասեր Ռուստամը նվիրյալ հավատացյալ էր, չնայած՝ հիմա էլ նա կա ապրողներիս մեջ՝ մասնիկն է իրեն հիշողների։ Տարիներ շարունակ իր ձեռքով փայտից խաչեր է պատրաստել և ճամբար գնալիս նվիրել երեխաներին։
Հերոսի ընկերները շատ դեպքեր են հիշում՝ կապված Ռուստամի հետ, բայց ամենատպավորիչները ճամբարում անցկացրած օրերի հիշողություններն են, երբ նա շրջում, շփվում էր երեխաների հետ։ Լիլիթը հիմա Ռուստամից մի մասնիկ իր մոտ է պահում՝ փայտից խաչը, որը իրեն նվիրել էր Սարկավագ Ռուստամը (այդպես էին անվանում նրան, չնայած դեռ Սարկավագ չէր), և հարազատ ընկերոջ կարոտն այդ խաչից է առնում։ «Պատերազմը ինձ համար սկսվում էր Ռուստամով, ու ես ամեն օր բացում էի լրահոսը, ամեն տեղ իրեն փնտրում՝ ռեպորտաժներում, ֆոտներում, ժպտացող զինվորների նկարներն էի նայում՝ հույսով, որ իրեն կտեսնեմ իր վարակիչ ժպիտով, ու ես վստահ եմ եղել, որ Աստված Ռուստամի հետ է, իրեն ոչինչ չի պատահի»,-պատմում է Լիլիթը, ով 2016թ.-ից «Զեփյուռ» ճամբարում ծանոթացել, ապա մետերմացել էր Ռուստամի հետ։
Հերոսի մասին խոսելիս ընկերները միշտ ներկայով էին խոսում, հետո ուղղում իրենց, իսկ վերջում ասում. «Ախր նա կա, մենք զգում ենք իր ներկայությունը, նա այստեղ է՝ մեր սրտում, իսկ իր խորհուրդները միշտ մեր գլխում են»։
Լիլիթը այժմ ժպիտով է նշում, որ ինքը ընկերոջ ասածները ամբողջությամբ գրի է առել և իր կյանքում կառաջնորդվի այդ խոսքերով։
«Ճեմարանն ինձ սովորեցրեց ծառայել Աստծուն, բանակն էլ թող սովորեցնի ծառայել հայրենիքին»։ Լիլիթը երբեք չի մոռանա, չէ՞ որ սա հայորդու սրտի անկեղծ ցանկությունն էր, և նա ծառայեց հայրենիքին՝ մի ձեռքում խաչը, մյուս ձեռքում զենքը բռնելով։
Հովհաննեսը, ով Ռուստամի ճեմարանական ընկերն էր, պատմում է, որ անհնար էր ճանաչել նրան ու չսիրել, նա բարի էր, նվիրվող, միասին 3 տարի շարունակ նույն ճամբարն են գնացել. «Ես իրենից եմ սովորել, թե երեխան ինչ արժեք է, ինքն է սովորեցրել՝ ինչպես շփվենք երեխաների հետ»,-հիշում է Հովհաննեսը:
Նվիրյալը ճամբարների ժամանակ կազմակերպիչների կողքին նստելու փոխարեն՝ նախընտրում էր ամեն օր մի խմբի կողքին նստել և զրուցել երեխաների հետ։ Ընեկերը Ռուստամից մի դեպք հիշեց. «Ճամբարում մի ավանդույթ ունեինք՝ երեխաները պետք է նամակներ գրեին: Երբ ճամբարից գնալու օրն էր, այնտեղի երեխաներից մեկը, ով գյումրեցի էր, վերջին օրը գրել էր. «Ես ձեզի շատ կըսիրեմ, բայց ճիշտն ըսած, էն մեկին վաբշե չեմ սիրե», և այդ նամակը տվել էր ինձ, իսկ Ռուստամը կարդաց այն ու շատ տխրեց։ Գնացել հարցրել էր, թե ինչու չի սիրում իրեն, տղան էլ ասել էր. «Ձեզի ով ըտպեսնա բան ըսավ, ես ձեզի շատ կըսիրեմ, ես ջոկատավարին չեմ սիրե»»: Այս դրվագը Ռուստամի կյանքից ապացույցն է, որ նա մարդ էր բառի բոլոր իմաստներով։ Հերոսի համար բոլորի կարծիքը կարևոր էր, բոլորին սեր տալով ակնկալում էր, որ իր տված սերը ծիլեր է տալու։
Անսահման հումորասեր հայորդին երբեք չէր ընկճվում, ցանկացած հարցի պատասխանը գիտեր, բոլոր խնդիրները վայրկյանական էր լուծում, ու երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե խնդիրներ չկան Ռուստամի համար։
«Մի անգամ, երբ գիշեր էր, մեքենայով գալիս էինք Իջևանից, ես էլ ճանապարհին աղոթքներ էի ասում՝ որոշ հատվածներ թռնելով, պատարագից հատվածներ էի երգում, մեկ էլ շրջադարձի պահին մեր դիմաց ֆուռ դուրս եկավ։ Կամ պետք է մտնեինք ֆուռի տակ, կամ պետք է ձորը գլորվեինք,- պատմում է Հովհաննեսը,- բարեբախտաբար, Ռուստամը այդ պահին արագ կողմնորոշվեց և մեքենան շրջեց դեպի փոսը՝ մեզ փրկելով մահից։ Երբ դուրս եկանք մեքենայից, Ռուստամը նկատեց իմ վախեցած դեմքը, և, հավատարիմ մնալով իր բնավորությանը՝ սկսեց կատակել՝ ասելով՝ արա, դե ասացի՝ էդ աղոթքները մի կրճատի էլի»:
Հումորասեր, բարի հերոսը տաղանդների փնջով էր ծնվել, գրում էր բանաստեղծություններ, հյուսում երգեր, նվագում էր մի քանի երաժշտական գործիքներով։ Հստակ որոշում ուներ՝ հետ գալ բանակից և իր գրած բանաստեղծությունները հրապարակել՝ ամփոփելով գրքի մեջ։
Լիլիթը նշեց, որ բանակ գնալուց առաջ իրեն գիրք է նվիրել՝ «Կհանդիպենք բարձրունքում» վերնագրով։ Հիմա Ռուստամը բարձունքում է, կասկած չկա, և այնտեղից ուշի ուշով հետևում է և հոգ տանում բոլորի մասին։
«Մի պահ կար, ես նեղացել էի Աստծուց Ռուստամին մեզնից տանելու համար։ Նա գնաց՝ տանելով իրեն ճանաչողնեից մի մասնիկ, բայց հիմա հասկանում եմ, որ մեզնից շատ նա Աստծուն էր պետք։ Նվիրյալ, հավատարիմ մարդ էր, և Աստված ճիշտ համարեց, որ իր զավակը իր կողքին լինի»,- ասում է Լիլիթը։ Հուզմունը հազիվ զսպելով՝ նա հավելեց, որ Սևակի խոսքը հենց Ռուստամին է վերաբերում, երբ ասում է՝ «Ընկան նրանք կռվում, բայց ապրում են՝ ապրողներիս հոգիներում»։
Մենք ձեզ չենք մոռանա, դուք ապրում եք մեր մեջ, դուք չկորցրիք, այդ մենք ձեզ կորցրինք։ Ապրողներիս անունից՝ շնորհակալությու՛ն, Ռուստամ։
Սերինե Աղաբեկյան
3-րդ կուրս