ԵԹԵ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ «ԿԱԹՍԱՅԻ ՄԵՋ ՉԵՔ», ԱՊԱ ԽՈՀԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՎԱՂ...

ԵԹԵ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ «ԿԱԹՍԱՅԻ ՄԵՋ ՉԵՔ», ԱՊԱ ԽՈՀԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՎԱՂ Է ՄՏԱԾԵԼԸ .ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ

2900

Արդեն 40 տարի նույն ոգևորությամբ ու նորի բացահատման սպասումով Սեդրակ Մամուլյանը մտնում է խոհանոց: Ասում է՝ լավ խորարարը պետք է երկու անգամ ամուսնանա: Առաջին ամուսնությունը պիտի լինի խոհանոցի հետ.

«Եթե դուք կերակուր պատրաստելիս չեք ընկղմվում, եթե պատրաստաման ժամանակ դուք կաթսայի մեջ չեք, ապա խոհարար դառնալու մասին դեռ վաղ է մտածելը»:

Եթե ծնողները համաձայնվեին, պարոն Մամուլյանը հիմա կլիներ ոչ թե խոհարար, այլ զինվորական: Սովորելու ժամանակ, թեև չէր երազում խոհարար դառնալ, բայց արդեն խոհանոցում պրակտիկ աշխատելիս գտավ ստեղծագործելու, գեղեցկացնելու, գեղագիտական զգացում ունենալու ձևը:

«Հայկական խոհանոցի միջոցով մեր բնավորության գծերը դառնում է ավելի հայկական»,-նշում է Սեդրակ Մամուլյանը: Խոհանոցը կարող է լինել ազգային ինքնությունը պահպանելու միջոցներից մեկը ու թերևս՝ միակը.

«Օրինակ Տրանսիլվանիայում ապրող հայերը, որոնք 11-12-րդ դարերում Անիից գաղթած հայերի ժառանգներն են: Նրանց հայ լինելու մասին ոչինչ չի հիշեցնում բացի խոհանոցից»:

Խոհարարական գաղտնիքներին թեև դեմ է, սակայն ընդգծում է, որ յուրաքանրյուր խոհարար պետք է ունենա իր ձեռագիրը: Նույնիսկ ճաշակողը պետք է հասկանա, թե ով է պատրաստել: Իր ուսանողների հետ բոլոր դասերը սկսում է մարդկային արժեքների ու որակների մասին զրույցով: Դրանցից առավել շատ կարևորում է հարենասիրությունը, ճշտապահությունը, ազնվությունն ու մաքրասիրությունը: Սեդրակ Մամուլյանը համարում է, որ  խոհարարը՝ որպես ազգային մշակույթի տարրի՝ խոհանոցի կրող, նույնպես սահմանապահ է մեր մշակութային եզերքում:

«Հեշտ է մեկին ինչ-որ բան պատրաստել սովորեցնելը, բայց դժվար է մեկին ստիպելը մտածել խոհարարի նման»,-ասում է Սեդրակ Մամուլյանը: Լավ խոհարարը որակով մթերք տեսնելիս պետք է անմիջապես մտածի, թե ինչ կարելի է դրանից պատրաստել: Ցանկացած ուտեստ պետք է ասելիք ունենա.

«Ինչպես նկարիչը կտավը վրձնելով ինչ-որ  բան է ուզում փոխանցել իր հոգուց, ինչպես կոմպոզիտորը հնչյունները համադրելով  ուզում է ինչ-որ բան փոխանցել ունկնդրին, այնպես էլ խոհարարը կերակուր պատրաստելով փորձում է թաքնված մի երևույթ արտահայտել»:

Կանայք որոշ դեպքերում անգերազանցելի են խոհանոցում: Խոհարարը խոստովանում է, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում պատրաստել այնպես, ինչպես մայրը և կինը: Պատճառը նրանց մեծ սերն է: Նույնիսկ ինքն է ինչ-որ բան սովորում կնոջից.

«40 տարվա խոհարար եմ, բայց չեմ կարողանում կնոջս պես տոլմա պատրաստել»,- ասում է Սեդրակ Մամուլյանը:

Թեև քիչ է լինում խոհանոցից դուրս, սակայն հնարավորության դեպքում այցելում է սպորտային մրցումների: Մասնագիտությանը զուգահեռ, ինչպես ինքն է ասում, ֆուտբոլի «բոլեյշիկ» է, հատկապես՝ «Արարատ» թիմի:

Ավելի քան 100 ուտեստների հեղինակը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահմանման ՀԿ-ի հիմնադիրներից է: Պարոն Մամուլյանի խոսքով՝ իրենց արդեն հաջողվել է հայ ազգային խոհանոցի հանդեպ վերաբերմունք ձևավորել: Համաշխարհային խոհարարության ասպարեզում հայկական խոհանոցը  դեռ լավ ներկայացված չէ : Խոհարարը  նշում է, որ իր նպատակներից մեկը խոհարարության ակադեմիա ստեղծելն է:

 

 

Սլավա Բադալյան

2-րդ կուրս

Կիսվել