Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ջանքեր գործադրելիս Մոսկվան հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված «առանցքային պայմանավորվածություններին»:
Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է այսօր՝ ելույթ ունենալով օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողությանը:
«Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին, ինչպես նաեւ հումանիտար բեռները: Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայունանում է:
Հումանիտար արձագանքման ռուսաստանյան կենտրոնը նույնպես սկսում է աշխատել, այն կօգնի տուժած տարածքների բնակիչներին, կվերականգնի ենթակառուցվածքները եւ պայմաններ կստեղծի նորմալ, խաղաղ կյանքի համար: Մենք ակնկալում ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս ջանքերին: Ելնում ենք նրանից, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում այս երկարատեւ հակամարտության երկարաժամկետ եւ լայնաֆորմատ կարգավորման համար՝ արդար հիմքի վրա, որը բխում է ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների շահերից»,- ասել է Պուտինը: