«Ողջ մնացինք մեր հրամանատարի ճիշտ ցուցումների շնորհիվ». պայմանագրային զինծառայող

«Ողջ մնացինք մեր հրամանատարի ճիշտ ցուցումների շնորհիվ». պայմանագրային զինծառայող

1268

Պուշկին Մարգարյանը արցախյան նոր պատերազմի մասնակից է, Արագածոտն մարզի Կարբի համայնքից։ Անձամբ է դիմավորում ինձ իրենց տան շեմին:

Նախորդ օրն էինք խոսել ու պայմանավորվել, որ չհետաձգենք հանդիպումը, հենց հաջորդ օրն էլ զրուցենք: Մի քանի բառ փոխանակելուց եւ համոզվելուց հետո, որ վնասված ոտքերով նորմալ քայլում է, մտնում ենք տուն:

Պուշկինը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, հեռակա ուսուցման համակարգով: Այս տարի ավարտելու է, կարատեիստ է՝ սև գոտի: ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է, կրտսեր սերժանտ:

«Առավոտյան պետք է գնայի աշխատանքի, բայց ավելի շուտ զանգ ստացա։ Իմանալով, որ շփման գծում իրավիճակը լարվել է, արագ գնացի զորամաս, այնտեղից շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին արդեն հասել էինք Քելբաջար: Մեր անձնակազմը, ինչպես որ գնացել ենք, այդպես էլ, բարեբախտաբար, բոլորս հետ եկանք: Արցախ հասնելուն պես հրամանատարն ասաց, թե որտեղ դիրքավորվենք, հայտնեց մեր մարտական խնդիրը և ասաց, որ սպասենք հրամանի»-, սկսում է պատմել Պուշկինը:

Խոստովանում է, որ սկզբում, երբ լսել է կռվի մասին լուրը, այդքան էլ լուրջ չի վերաբերվել: Մտածել է՝ մի քանի օրից կավարտվի, ինչպես ամեն անգամ: Ասում է, որ ինչքան մոտենում էին Քելբաջարի տարածքին, այդքան ձայները շատանում էին, տեխնիկայի ձայներից են փորձել հասկանալ, թե ինչ զինատեսակներ են օգտագործվում:

«Ես և զինակից ընկերս էինք, առաջին օրը դիրքերում գնացինք, որպեսզի հաց ուտենք, բայց շատ մոտիկից ձայներ լսվեցին, ձեռքիս աղ կար այդ պահին, արագ գցեցի մի կողմ: Փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ոչինչ չտեսանք ու Նարեկին ասացի, որ ծխախոտ տա, ուզում եմ ծխել: Նարեկը զարմացավ, որովհետև ես չեմ ծխում: Պայուսակի մեջ էր, գնացինք,  վերցրինք, դեռ չէի հասցրել դոմիկի դուռը փակել, երբ հակառակորդը սկսեց ռմբակոծել: Մի քանի վայրկյան տևեց, հետո դուրս եկա, ծխեցի ու հասկացանք, որ եթե այդ պահին ծխել չուզեի, կզոհվեինք: Այսպես առաջին անգամ փրկվեցինք»,- շարունակում է պատմել:

Ասում է, որ հաջորդ օրը սկսեցին գիտակցել իրադրության լրջությունը և մտածել, թե մյուս դիրքերում ինչ է կատարվում: «Արդեն մեկ շաբաթ էր, ինչ դիրքում էինք: Շատ մոտ արկ ընկավ, ընկերոջս ասացի, որ թաքստոց գտնենք պաշտպանվելու համար: Երբ հերթական արկն ընկավ, տարբեր տեղերում պատսպարվեցինք: Քանի որ անօդաչուներ կային, իրար հետ նույն տեղում չէինք մնում: Երբ ուզում էի թաքնվել, այդ պահին երկու ոտքով հարվածեցի երկաթին: Ընկա ինչ-որ բեռնատարի անվադողի մեջ և մնացի այդտեղ: Խաղաղվելուց հետո դուրս եկա, կարևորը՝ այն մտքով, որ ողջ մնացինք: Կես ժամ արդեն անցել էր, իսկ ես դեռ չէի հասկացել, որ ցատկելիս ոտքերս վնասել եմ: Մի պահ թմրեցին ոտքերս, նայեցի ու տեսա, որ արյուն է, երբ ասացի, որ հարվածել եմ երկաթին, սկսեցինք բարձր ծիծաղել: Նյութեր չունեինք մշակելու համար, նորից շալվարով փակեցի ու վերջ»,- ծիծաղում է՝ ասելով, որ հաջորդ անգամ, երբ նայեց, արդեն վերքեր էին մնացել:

Պատերազմի ժամանակ միայն մեկ անգամ է տուն եկել, 3 օրով, որից երկուսն անցկացրել է ճանապարհին: Հոկտեմբերի 29-ին հարազատներին անակնկալ ձեւով այցելեց:

«Դիրքերում էի, եղբայրս ուշ ժամի զանգեց, ասաց, որ քեռուս տղան զոհվել է: Այնպիսի իրավիճակ էր, որ դիրքս չէի կարող թողնել։ Հասկանալով իրավիճակը՝ չկարողացա գալ հոգեհանգստին: Այդ օրվանից արդեն սկսեցինք տարբեր ընկերների ու հարազատների մահվան լուրեր լսել: Ու արդեն ամեն կերպ ուժերդ փորձում ես գերլարել, պայքարելու քո ու ընկերոջդ փոխարեն»,- վերհիշում է Պուշկինը:

Ասում է, որ թիկունքից ուղարկված նամակները ոգևորում էին իրենց:

Հրադադարի օրերին, Պուշկինի խոսքով, ավելի զգոն էին՝ հասկանալով, որ ավելի ինտենսիվ կրակ են բացելու: «Վերջին օրը, երբ իմացանք, որ կռիվն ավարտվեց, թեև հիասթափության պահեր ապրեցինք, բայց դա միայն սկզբում, չէինք հավատում ու մնացել էինք մեր դիրքում: Օրեր անց արդեն իմացանք, որ զինադադարի լուրը ճիշտ է, և որոշումը եղել է անհրաժեշտաբար: Սպասեցինք այնքան ժամանակ, մինչև եկան ու իջեցրին դիրքերից:

Մենք ողջ մնացինք մեր հրամանատարի ճիշտ ցուցումների շնորհիվ: Նա ամենաթեժ պահերին մեր կողքին է եղել, մեզ հետ կռվել է»,- եզրափակում է Պուշկինը:

Նոյեմբերի 15-ին Քելբաջարը, համաձայն զինադադարի մասին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության, հանձնվեց Ադրբեջանին։ Պուշկինը ընկերների հետ իջավ դիրքերից։

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել