«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԷԼ ԿՈՄՊԵՏԵՆՏ ԼԻՆԵԼ, ՃԱՇԱԿՈՎ և ԱՇԽԱՏԱՍԵՐ». ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

«ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԷԼ ԿՈՄՊԵՏԵՆՏ ԼԻՆԵԼ, ՃԱՇԱԿՈՎ և ԱՇԽԱՏԱՍԵՐ». ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

1802

Լուսանկարելու համար թանկարժեք լուսանկարչական սարքը դեռ բավարար չէ, պետք է երևակայություն, քանի որ անգամ ամենահասարակ իրը քո մեկ ընտրած դիրքով կարող է հրաշք թվալ: Պրոֆեսիոնալ լուսանկարչի համար պակաս կարևոր չէ համբերությունը և ուշադրությունը: Ֆիքսել գեղեցիկը, հետաքրքիրը և տարօրիանակը. Սա է լուսանկարչի բուն աշխատանքը: Լուսանկարիչ Տիգրան Հովասափյանի համար լուսանկարչությունը մարդկանց ներաշխարհ թափանցելու հնարավորություն է:

Տիգրանը 23 տարեկան է: 2008 թվականին ընդունվել է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատրության բաժին, ինչն էլ հիմք դարձավ լուսանկարչությամբ զբաղվելու համար:

«Արվեստի հետ առնչություն ունեցող մարդկանց շրջանում լուսանկարչությամբ քիչ թե շատ բոլորն էլ հետաքրքրված են, ես որոշեցի ավելի լավ ուսումնասիրել ու ամբողջովին թաթախվեցի դրա մեջ: Օրեցօր ավելի ու ավելի եմ սիրում ֆոտոն և միջոցներ փնտրում ինքնազարգացման համար»:

Տիգրանն այժմ աշխատում է paparazzi.am կայքում: Բացի դրանից, կոմերցիոն նկարահանումներ է ունենում, ֆիլմերի կամ տեսահոլովակների նկարահանման ընթացքում հետաքրքրիր կադրեր է ֆիքսում: Նա ժպիտով նշեց, որ լուսանկարում է նաև հարսանեկան արարողությունների ժամանակ:

«Լուսանկարչությունը արվեստ է հետաքրքիր, ոմանց համար կարծում եմ երբեմն ռոմանտիկ, բայց աշխատանքի կամ առավել ևս շահութաբեր աշխատանքի վերածելու համար սիրելը բավարար չէ, պետք է մի քիչ էլ կոմպետենտ լինել, ճաշակով, աշխատասեր: Լուսանկարչության շնորհիվ օժտվում եմ մարդկանց ներաշխարհ թափանցելու ունակությամբ, բացի դրանից այն ինձ համար բնության հետ կապող ամենամեծ օղակն է: Լուսանկարում եմ գրեթե ամեն ինչ, մարդկանց, կենդանիների, բնությունը իր տարբերվող դրսևորումներով՝ մայրամուտ, լուսաբաց, անձրև, ձյուն և այլն»:

Տիգրանի կարծիքով ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունը և այն հաղթահարելու համար ժամանակ և կամք է պետք. «Բոլոր բնագավառներում, այստեղ նույնպես ինքնահաստատվելը շատ դժվար է, պրոֆեսիոնալ շուկա ներթափանցելու համար մեծ ջանքեր են պահանջվում, բացի այդ էլ շատ քաղաքներում արդեն վաղուց լճացել են տարատեսակ ստուդիաներ, ըստ այդմ էլ պետք է լինել ինդիվիդուալ»:

Չնայած այս բոլոր բարդություններին` Տիգրանը ձգտում է հենց Հայաստանում կայանալ, նպատակ ունի ստեղծել սեփական ստուդիան և աշխատել իր սկզբունքներով: Առայժմ լուսանկարները հասանելի է դարձնում մարդկանց համացանցի միջոցով:

«Ես ժլատ չեմ լուսանկարներիս հարցում, հակառակը կիսվում եմ  իմ հաջողված ու գեղեցիկ աշխատանքներով: Սիրում եմ իմ երկիրը, շատ կուզեմ այստեղ աշխատել, բայց ապագան կանխատեսել չեմ կարող, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում արտերկրաֆոբ էլ չեմ»:

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել