ՄԻ ԿԵՍՍ՝ ԵՂՆԻԿՆԵՐՈՒՄ, ՄՅՈՒՍ ԿԵՍՍ ՝ ԹԱԼԻՇՈՒՄ… ՄԵԿԸ՝ ԿՈՂՔԻՍ, ՄՅՈՒՍԸ...

ՄԻ ԿԵՍՍ՝ ԵՂՆԻԿՆԵՐՈՒՄ, ՄՅՈՒՍ ԿԵՍՍ ՝ ԹԱԼԻՇՈՒՄ… ՄԵԿԸ՝ ԿՈՂՔԻՍ, ՄՅՈՒՍԸ ԱՅՆՏԵՂ՝ ՎԵՐԵՎՈՒՄ…

2346

Հուլիս 7, 2014

– Լուի՛զ, բարև, ու՞ր տարան ախպորդ:
– Մենք այսօրվանից Եղնիկներում ենք ծառայելու:
– Ո՞նց, տենց հեռու՞:
– Ի՞նչ կարևոր ա, ես չեմ նեղվում, այս օրվանից արդեն մի կեսս Եղնիկներում  է, զինվորս գնաց մեր տղերքին միանա:
– Դե բարի ծառայություն, ձեզ էլ համբերություն:

Ու այսպես ամսիներ շարունակ նույն հարցերն ու ցանկություններն էինք անընդհատ լսում: Զինվորիս ծառայությունն էլ խաղաղ էր անցնում:

Հունվար, 2015
– Լուիզ, մեր Գևորգին Թալիշ տարան:
– Պապ, Աստված պահապան մեր երկու զինվորներին:
Հա՛, հա՛ , երկուսն էլ եղբայրներս են: Հարութը՝ քեռուս որդին, իմ կեսը, իսկ Գևորգը՝ հորաքրոջս թոռը, որին երբեք չէի տեսել. Ռուսաստանում էր ապրում, այնտեղ էր մեծացել, սովորել, աշխատել ու, երբ եկել էր ծառայության ժամանակը, վերադարձել էր հայրենիքին պարտքը տալու: Չէի տեսել, չէի ճանաչում, բայց շատ էի լսել նրա մասին: Մտածում էի կվերադառնա ծառայությունից, ու կծանոթանամ վերջապես, բայց…

Անցան ամիսներ… Ապրիլ 2, 2016
– Լուիզ, դու քնած ե՞ս, շուտ մտի ինտերնետ:
– Ի՞նչ ա եղել:
– Հարութից նորություն կա՞:
– Չէ, դիրքերում ա, կապ չկա, նորություն էլ չունեմ, կասես՝  ի՞նչ ա եղել:
– Պատերազմ ա սկսվել…
Հեռախոսս չհասկացա էլ՝  ոնց անջատեցի ու մտա Ֆեյսբուք:
-Ու՜ֆ, երևի ոչ հավաստի տեղեկություն ա, էլի ապատեղեկատվություն են երևի տարածել, մտնեմ Արծրուն Հովհաննիսյանի էջ:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ,  ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»:
– Փաստորեն ճիշտ էր ասում, սահմանին լարվածություն կա:

Խոսում էի ինքս ինձ հետ: Տանը մենակ էի, վախենում էի զանգել, հեռախոսով ինչ-որ բան խոսել հարազատներիս հետ: Վերցրի հեռախոսս. նորությունների բաժնում, մեկը մյուսին հերթ չտալով, լրատվական կայքերը (խոսքս ոչ բոլոր կայքերի մասին է) հայտնում էին, որ պատերազմ է սկսվել: Կարդում էի ու զայրանում, արդյո՞ք չեն մտածում, որ զինվորների ծնողներ, հարազատներ, ընկերներ են կարդում այդ ամենը: Մի՞թե նման կերպ անդրադառնալը խելացի քայլ է, ինչպե՞ս են մտածում այդ տեղեկատվություն տարածողները:
Բացի ռազմական գործողություններից՝ սպասելի էր նաև հակառակորդի տեղեկատվական և ապատեղեկատվական գրոհը: Պատերազմ էր, որտեղ գործում Էին բոլոր հնարավոր գործիքներով: Մնում էր առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ, չվստահել  կոնկրետություն չպարունակող, ոչ հստակ ու անորոշ տարրերով ոչ պաշտոնական լուրերին և , իհարկե, հեռու մնալ ադրբեջանական կայքերից տեղեկություններ տարածելուց:

Ցավոք, անցնում էին ժամեր, ու տեղեկանում էինք թեժ մարտերի ընթացքում ունեցած կորստների մասին: Աղոթում էի, սպասում լավ լուրերի, բայց դեռ չկար: Ժամեր անցան, ու տեսա Արծրուն Հովհաննիսյանի գրառումը և… հպարտ էի անչափ, գրառման մեջ խնդրում էր հազարավոր կամավորներին  դիմել խմբերով, քանի որ անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել:
Տղերքը մենակ չէին այլևս…
Ամեն օր  աչքերս բացում էի ու կարդում էն տղերքի անունները, որոնք ընկան, որոնք իրենց կյանքը տվեցին մեզ ու մեր երկրին:

Ապրիլ 4, 2016
Սասուն Մկրտչյան, Նոդարիկ Մարգարյան, Հովսեփ Կիրակոսյան, Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Յուրի Փարամազյան, Հովսեփ Մայիլյան, Հայկ Թորոյան, Մերուժան Ստեփանյան, Ռուբեն Իսկանդարյան…

Ապրիլ 5, 2016
Հարություն Աբրահամյան, Վրեժ Սարգսյան, Աղասի Ասատրյան…

Ապրիլ 6, 2016
Ռաֆիկ Հակոբյան, Նարեկ Մկրտչյան, Սարգիս Սահակյան, Արամ Աբրահամյան, Արամայիս Միքայելյան, Վարդան Թադևոսյան, Գագիկ Մելքոնյան, Սուրեն Արամյան, Գրիգոր Ավետիսյան, Վիկտոր Յուզիխովիչ, Գոռ Կիրակոսյան, Սարգիս Խալաֆյան…

Ապրիլ 8, 2016
Բենիամին Եղոյան, Հենրիկ Ղահրամանյան, Սաշա Գալստյան, Նորիկ Գասպարյան, Վահե Զաքարյան, Վլադիմիր Ալիխանյան, Արմեն Գասպարյան, Նիկոլայ Հովսեփյան, Տիգրան Աբգարյան, Հրաչ Գալստյան, ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ…

Նրանց մեջ էր եղբայրս՝  Գևորգ Գագիկի Վարդանյանը: էն տղան, ում հետ դեռ չծանոթացած՝  բաժանվեցինք: Սրտիցս արյուն էր գնում, բայց անսահման հպարտ էի: Հպարտ էի, որովհետև հերոսի քույր էի: Նկարն էի նայում, դե միայն դա էր մնացել, ու խոսում իր հետ, շնորհակալությունս հայտնում իրեն ու իր զինակից ընկերներին:
Համոզված եմ, Գևորգի սիրտը մնաց այնտեղ ՝ Թալիշում, իսկ հոգին… Գևորգն ինձ համար այնտեղ է դեռ՝ դիրքերում,  իր զինակից ընկերների կողքին:

Օրեր անց… Մայիս, 2016
Դռան զանգն էր: Նամակ էինք ստացել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պարգևատրել էր եղբորս՝  Հարություն Մինասի Մինասյանին և շնորհակալագիր ուղարկել՝  հայրենիքին մատուցած ծառայության, պետական սահմանի պահպանության գործում ներդած  ավանդի, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար:
Մինչ այդ բազմաթիվ խրախուսանքներ ու շնորհակալագրեր էինք ստացել, բայց սա ուրիշ էր ինձ համար…

Հուլիս 10, 2016
Եղնիկներ զորամասին հրաժեշտ տվեց ու, իր պարտքը կատարած, տուն վերադարձավ իմ հերոս եղբայրը: Էն տղան, ով ծառայության 2 տարիների ընթացքում երբեք չդժգոհեց ու հպարտ տուն վերադաձավ:
Քառօրյա պատերազմի մասնակից էր, բայց,  զինգրքույկում կատարված նշումները պատերազմի մասնկացության վերաբերյալ, կրծքի՝  Քաջարի մարտիկ կրծքանշանը, ձեռքին ունեցած շնորհակալագրերը, թույլ չէին տալիս նրան գոռոզանալու, ուրախանալու…Նա արդեն իսկ տուն մտած րոպեից, անվերջ կրկնում էր… հասկանում ե՞ք, ընկերներիս կեսին հողին հանձնեցի, իսկ մնացածին թողեցի այնտեղ, ի՞նչու ես եկա…մենակ եմ թողել ախր…

Լսում էի նրան ու էլի ու էլի հպարտանում: Մտածում՝  ինչ քաջարի մարտիկներ ունի հայոց աշխարհն ու հայոց բանակը:
2016 թվականի  ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ մնացին որպես քառօրյա պատերազմ, բայց թե՛ ռազմական գործողությունների ծավալը, թե՛ կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությունն ու քանակը, և թե՛ մեր տղերքի ոգին ու ամրությունը,  եկան փաստելու, որ, ճիշտ է,  տեղի ունեցածը իրապես պատերազմ էր, բայց կրկին անգամ համոզվեցինք, որ հայը մի միասնական բռունցք է, ու հայ զինվորն անպարտելի է ու միշտ իր տեղում կանգնած:
Հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ ունեմ Գևորգի, Հարութի ու մնացած տղաների նման հերոս եղբայրներ…

 

 

Լուիզիտա Մելքոնյան

4-րդ կուրս

Կիսվել