«Ուզում եմ ապագայում արժանի լինել սպիտակ բանակի մի մասը լինելու պատվին». ԵՊԲՀ...

«Ուզում եմ ապագայում արժանի լինել սպիտակ բանակի մի մասը լինելու պատվին». ԵՊԲՀ ՈւԽ քարտուղար Սոնա Բունիաթյան

906

Journalist.am-ի հարցերին է պատասխանում Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդի քարտուղար Սոնա Բունիաթյանը։

-Դուք դեռ պատերազմից առաջ էլ կամավոր աշխատում էիք հիվանդանոցում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման համար: Պատերազմի օրերին ինչպիսի՞ն էր ծանրաբեռնվածությունը, ինչպե՞ս էիք ամեն ինչ համադրում:

-Մարտ ամսից ԵՊԲՀ ՈւԽ-ի նախաձեռնությամբ կամավորական խմբեր կազմեցինք և սկսեցինք հերթապահել հիվանդանոցներում: Իսկ պատերզմի առաջին օրվանից անցանք ռազմական դրության ռեժիմին: Այս օրերին պատասխանատվությունն էլ ավելի մեծացավ, քանի որ շարքային քաղաքացիներից զատ պետք է խնամեինք նաև հայրենիքի պաշտպաններին և հնարավորինս զգոն և զգույշ լինեինք, որ օրեցոր աճող համավարակը էլ ավելի չտարածվեր, և մենք էլ մեր հերթին էլ ավելի չնպաստեինք համավարակի տարածմանը: 

Լինելով ՈւԽ քարտուղար՝ մեծ պատասխանատվություն ունեք: Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել Բժշկական համալսարանը պատերազմի  օրերին:

-Պատասխանատվությունը կրկնապատկվել էր թե´ իմ, թե´ ընկերներիս աշխատանքում: Պատերազմի օրերին էլ ավելի մեծ պատասխանատվություն էր ընկած բժիշկների վրա, այդ պատճառով որոշեցինք կազմակերպել արագացված առաջին բուժօգնության դասընթացներ, որին բացի բժշկական համալսարանի ուսանողներից մասնակցեցին նաև այլ բուհերի ուսանողներ: Կազմակերպեցինք նաև եռօրյա արագացված դասընթացներ, որն իր մեջ ներառում էր բուժծառայության կազմակերպում և մարտավարություն, հրաձգություն, ռազմադաշտային վիրաբուժություն: Մեծաքանակ օգնություն ուղարկեցինք ռազմաճակատ, ինչպես նաև հիվանդանոցում բուժվող մեր վիրավոր զինծառայողներին: Որոշակի օգնություն ցուցաբերեցինք նաև Արցախից եկած ընտանիքներին: 

-Պատերազմի օրերին հանդիպել եք արցախցի փոքրիկներին, ի՞նչ էիք կազմակերպել նրանց համար:

-Այդ օրերին մեծ ցանկություն կար տեսնելու արցախցի փոքրիկներին: Հանդիպեցինք և խոսեցինք ռազմական դրության, առաջնագծում տիրող իրավիճակի մասին, և, իհարկե, հանդիպման բուն նպատակը կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանումն էր, որովհետև այդ օրերին կտրուկ աճել էր դրական թեստերի թվերը: Այդ իսկ պատճառով կազմակերպեցինք Covid-19-ից ճիշտ պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման միջոցառում, ինչպես նաև խոսեցինք երեխաների ապագա երազանքների և ցանկությունների մասին:

Բժշկական համալսարանը ունի բավականին մեծ արյան բանկ և ՈւԽ շրջանակներում հանդես էիք եկել կարևոր նախաձեռնությամբ: Ինչպե՞ս  ծագեց գաղափարը և ի՞նչ արդյունքներ ունեցավ:

-Քանի որ պատերազմի ժամանակ արյան պահանջը մեծանում է, և կարող են հրատապ դեպքեր առաջանալ, ուստի որոշեցինք խուճապից և հերթերից խուսափելու համար հավաքագրել այն մարդկանց տվյալները, ովքեր ցանկություն ունեին լինելու արյան դոնորներ: Ամեն օր փոքր խմբերով կազմակերպեցինք իրենց արյունատվությունը: Կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը իրեն արդարացրեց, և կարողացանք այս ճակատում ևս դրական արդյունքներ գրանցել:

Պատերազմից հետո ինչպե՞ս է փոխվել  ձեր  աշխատանքային գրաֆիկը, և  որքանո՞վ եք կարողանում համադրել այն համալսարանի ու դասերի հետ:

-Հիվանդանոցներում գտնվող և այնտեղ որոշակի բուժում ստացող զինվորները օր-օրի ապաքինվում և դուրս են գրվում, ինչը մեզ համար շատ մեծ ուրախություն է: Հետևաբար մեր ուսերին բաժին ընկած հոգսը որոշակի թեթևանում է: Սակայն պետք չէ մոռանալ անտեսանելի թշնամու` քովիդի մասին, և ըստ այդմ էլ կամավորական սկզբունքով կազմակերպված աշխատանքները դեռ շարունակվում են:

Հետպատերազմյան գրառումներից մեկում նշել էիք, որ պատերազմից հետո էլ ավելի եք համոզվել, որ ճիշտ մասնագիտություն եք ընտրել: Ի՞նչ փոխեց պատերազմը մասնագիտական կողմնորոշման հարցում:

-Պատերազմը փոխեց կյանքը, աշխարհայացքը և ապագայի մասին մինչ այս եղած պատկերացումները: Հիմա էլ ավելի եմ սիրահարված ապագա մասնագիտությանս: Հասկանում եմ, որ ընտրելով բժշկի մասնագիտությունը, ուսերիս մեծ պատասխանատվութուն եմ վերցրել: Բայց, քանի որ դիմացինիս օգնելու ցանկությունն ավելի մեծ է, վստահ եմ, որ ապագայում արժանի կլինեմ սպիտակ բանակի մի մասը լինելու պատվին: Այս օրերին, բժշկական ոլորտում աշխատելով, ես մեծ փորձ ձեռք բերեցի:

Բժշկի ուղին բավականին դժվար է, երկար, պահանջում է մեծ աշխատասիրություն, նվիրվածություն ու պատասխանատվություն: Եվ քանի իմ կողքին կան այնպիսի բանիմաց մասնագետներ, որոնցից մշտապես կարելի է սովորել, վստահ եմ, որ ապագան խոստումնալից է լինելու: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր զինվորներին ու բժիշկներին, որոնք տարբեր ճակատներում եղել և մնում են մեր մարտիկներն ու հերոսները:

Շուշան Սիրադեղյան

2-րդ կուրս

Կիսվել