«Երեխաների նկատմամբ բռնությունը խիստ անհանգստացնող է, քանի որ ունի բացասական հետևանքներ։ Ես ահագնացող քանակի բռնության դեպքեր եմ լսում դպրոցներից, այսինքն՝ երեխան կարող է գալ և ասել, որ ուսուցիչն ինձ ասաց՝ դու հիմար ես կամ դու չես սովորի այդ խնդիրը լուծել։ Այս պարագայում ծնողների պասիվությունն անընդունելի է, եթե վնասվել է երեխայի արժանապատվությունը կամ ֆիզիկական, հոգեբանական, հուզական բռնության դեպքեր են եղել, ապա դրա մասին պետք է բարձրաձայնել»,-դեկտեմբերի 14- ին Մեդիա կենտրոնի կազմակերպած՝ «Բռնության ենթարկված երեխաներ․ վերքեր, որոնք չեն լավանում ողջ կյանքի ընթացքում» թեմայով վեբինարին ասաց հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը։
Դպրոցական բռնությունը ներառում է բռնության մյուս տեսակները, բայց ընդունված է այն առանձնացնել։ Ըստ Պետրոսյանի՝ սա հիմանականում կապված է դպրոցում երեխայի գործունեության հետ։ Օրինակ, երբ երեխային դպրոցում ծաղրի են ենթարկում կամ նրա հետ ընկերություն չեն անում, արհամարհում են, և երեխան այլևս չի ուզում դպրոց գնալ։
Երեխաների նկատմամբ բռնությունն արգելված է օրենքով։ Այն կարող է արտահայտվել ֆիզիկական, հոգեբանական, սեռական, ինչպես նաև հոգատարության բացակայության ձևով։
Մարինե Պետրոսյանը առանձնացրեց բռնության մի քանի տեսակներ․
- Ֆիզիկական
- Հոգեբանական
- Սեռական
- Դպրոցական բռնություն
Պետրոսյանի խոսքով՝ բռնության տեսակները դասակարգվում են ըստ բռնարարի գործողությունների, այսինքն՝ դա կարող է լինել բացահայտ կամ թաքնված բռնություն, որի դեպքում հնարավոր է չհասկանանք՝ բռնություն տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Բռնության հետևանքները ազդում են երեխայի գործունեության վրա՝ առաջացնելով վարքային խնդիրներ։ Դրա հետևանքով վնասվում են երեխայի մտավոր զարգացման ոլորտը, հուզական ոլորտը։ Այն կարող է ազդել ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև նյարդային, իմունային համակարգի։
Ըստ հոգեբանի՝ ավելի հաճախ բռնության զոհ են դառնում․
- Բռնության պայմաններում մեծացած երեխաները։
- Հուզական մերժման, անտարբերության պայմաններում մեծացած երեխաները։
- Մտավոր և այլ հոգեֆիզիոլոգիական խնդիրներ ունեցող երեխաները։
- Անվիճելի հնազանդության միջավայրում դաստիարակված երեխաները։
- Տարիքով ավելի փոքր երեխաները։
Մարինե Պետրոսյանն անդրադարձավ նաև երեխաների նկատմամբ սեռական բռնությանը։ «Մենք կարող ենք տեսնել ոստիկանության վիճակագրական տվյալները, թե որքան քրեական գործ է հարուցվում սեռական բռնություններով յուրաքանչյուր տարի։ Կարող եմ ասել, որ սեռական բռնությունը ամենածանր հետևանքներն է թողնում երեխայի հոգեբանության վրա, և դա քրեորեն պատժելի է։ Սա բռնության այն տեսակն է, որը հիմնականում թաքցվում է»,- ասաց հոգեբանը։
Հաճախ երեխաները, չգիտակցելով , թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել, կարող են ուղղակի հասկանալ, որ դա վատ բան է և ոչ մեկի չասել։ Եթե այդ դեպքը տեղի է ունենում ընտանիքում, իսկ նմանատիպ դեպքերը, Մարինե Պետրոսյանի հավաստմամբ, քիչ չեն, ապա բռնարարն ունի մանիպուլացնող հատուկ ձևեր երեխաներին լռեցնելու։ «Մինչև մասնագիտական լուրջ աջակցություն չցուցաբերվի, երեխաները չեն կարողանա հաղթահարել այդ սթրեսը»,- եզրափակեց հոգեբանը։
Աննա Խռոյան
3-րդ կուրս