ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

1691

Ապրիլի 23-ին «Նավավար» ըմպելարանում տեղի ունեցավ Վահագն Մարգարյանի նկարների առաջին անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Գարնանային» խորագիրը:

Ցուցահանդեսում ներկայացված էր 20 կտավ, որոնցից վեցը խճանկարներ էին: Բոլոր նկարները գարնանային գույներով էին:

«Ցուցահանդեսի ոգեշնչման աղբյուրը հենց գարունն է, քանի որ դեռ երիտասարդ ենք, ծաղկում ենք և ծաղկելու ենք: Իմ նկարներում փորձել եմ ներկայացնել այդ ծաղկունքը, նաև ներկայացրել եմ քաղաքային դրվագներ, իսկ ավելի կոնկրետ` Երևանի տարբեր դրվագներ»,- նշեց նկարիչը:

Ցուցահանդեսը պատրաստվել էր փուլերով. կային աշխատանքներ, որոնք Վահագնը ներկայացրել է 2008 թվականին` որպես դիպլոմային աշխատանք, սակայն նկարների մեծ մասն արել է 2016-2017 թվականներին: Ուշագրավ էին նկարների վերնագրերը` «Բախում» (ներկայացված են 2008 թվականի դեպքերը` նախագահական ընտրությունները), «Ծաղկում», «Հանդիպում» և այլն :

Բացման խոսքում նկարիչն ասաց, որ բոլորին ցանկանում է գարուն և գարնանային տրամադրություն` անկախ նրանից, թե դրսում ինչ եղանակ է: Նա հիշեցրեց, որ ապրիլի 23-ն իր համար կրկնակի տոն է, քանի որ առաջին անհատական ցուցահանդեսից բացի կնոջ ծննդյան տարեդարձն է:

Արվեստագետը խորհուրդ տվեց սկսնակ նկարիչներին պարզապես մեծացնել իրենց հետաքրքրվածության շրջանակը կյանքի հանդեպ, այդպիսով կմեծանա թե նկարելու և թե այդ ոլորտում հաջողության հասնելու ցանկությունը:

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել