ԴԱՏԵ՛Ք ԳԻՐՔՆ ԸՍՏ ԿԱԶՄԻ

ԴԱՏԵ՛Ք ԳԻՐՔՆ ԸՍՏ ԿԱԶՄԻ

1727

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ տեղի կունենար, եթե գրքերն ընթերցելիս հնարավոր լիներ նրանց հետ խոսել և հղել առաջացած հարցերը։ Ապրիլի 14-ին Հիլթոն հյուրանոցում կազմակեպված «Կենդանի գրադարան» միջոցառումն ուղղված էր հենց այդ գաղափարին․ գրքերի դերում մարդիկ էին, իսկ ընթերցողները կարող էին «կարդալ» նրանց՝ 30 րոպեանոց զրույցի միջոցով։

Կենդանի գրադարանները ստեղծված են զրույցների միջոցով կարծրատիպները և նախապաշարմունքները հաղթահարելու և  դրական միջավայր ստեղծելու համար:

Գաղափարն առաջին անգամ իրագործվել է Դանիայում՝ «Դադարեցնենք Բռնությունը» կազմակերպության կողմից։ Ըստ վերջինիս նախնական ծրագրի՝ ստեղծվել էր հատուկ գրադարան, որն ընգրկում էր 75 գիրք՝ ամենատարբեր թեմաներով։ Նախագիծն արդեն մեկնարկել էր, սակայն ընթերցողներն այդպես էլ չէին հայտնվում։ Ի վերջո, կազմակերպության աշխատակիցները պայմանավորվում են, որ ևս մի քանի օր առանց այցելուների մնալու դեպքում հենց իրենք կդառնան գրադարանի ընթերցողները, սակայն կկարդան ոչ թե ընտրված գրքերը, այլ՝ միմյանց։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ գաղափարն իսկապես ստացված էր, նույնիսկ այնքան, որ այցելուների հայտնվելուց հետո էլ գրքերի փոխարեն սկսեցին մարդիկ ներկայանալ։ Զգալով նախագծի հաջողութունը, կազմակերպության նախագահ Ռոննի Աբերգելը որոշեց այն շարունակական դարձնել։ Հենց այդպես ստեղծվեց «Կենդանի գրադարան»-ը, որն իրականացվում է ավելի քանի 70 երկրներում, այժմ նաև Հայաստանում։

Նախագիծը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Հայ Առաջադեմ Երիտասարդություն կազմակերպությունն էր։ Նմանատիպ միջոցառում Հայաստանում իրականացվում էր ոչ առաջին անգամ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանի խոսքով այժմ արձագանքն անսպասելիորեն մեծ էր։ Ինչպես շատ երկրներում, մեզ մոտ ևս գրքերի դերում մարդիկ էին, ովքեր ունեին կյանքի հետաքրքիր պատմություն, ովքեր մի ժամանակ խտրականության էին ենթարկվել, բայց հաղթահարել այն։ Իսկ «Կենդանի գրադարանը» հիանալի հնարավորություն էր բացահայտել այդ մարդկանց, կոտրել կարծրատիպերը։ Մինչ ընթերցասրահ մտնելը հյուրերն առաջարկվող գրականության ցանկում նշում էին իրենց նախընտրելի գիրքը, ապա սպասում իրենց հերթին: Ցանկը չափազանց բազմազան էր ու ոչ ստանդարտ․ կային գրքեր, որոնք վերնագրված էին «Հայաստանում ապրող Թուրքիայի քաղաքացի», «Սիրիացի փախստական», «Աղջիկ՝ առանց ինքնության», «Բուդդայական աղջիկ», «Գեյ», «Գեյ ակտիվիստ» և այլն։ Այն հարցին, թե արդյո՞ք վերջին երկու գրքերը բացասական արձագանք չառաջացրին, Գրիգոր Երիցյանը պատասխանեց․ «Զգացինք, որ մարդիկ մտավախությամբ ու նախապաշարմունքով են մոտենում, այդ գրքերը չեն վերցնում, բայց միջոցառման ավարտին դրանք առհասարակ բացակայում էին։ Շատ երիտասարդներ ընթերցասրահից դուրս գալիս շնորհակալություն էին հայտնում՝ նման մարդկանց հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար։ Հիմնականում զարմացած ու տպավորված էին՝ լավ առումով․ ասում էին՝ սովորական մարդիկ են, մեզնից ոչնչով չեն տարբերվում»։

«Կենդանի գրադարանի» ցանկում, այս երկուսից բացի, մյուս ամենաընթերցված գրքերը «Հայաստանում ապրող Թուրքիայի քաղաքացին», «Սիրիացի փախաստականն» ու «Բուդդայական աղջիկն» էին։ Վերջինս տարբեր երկրներում անցկացվող միջոցառումների ժամանակ բացակայում է, սակայն այս անգամ հայ ընթերցողի բախտը բերել էր․ հնարավորություն կար անձամբ հանդիպելու ու զրուցելու նման կրոնական ուղղվածություն ունեցող մարդու հետ։ Չափազանց հետաքրքիր պատմություն ուներ երկրորդ ամնեաընթերցված գիրքը, որը ներկայացնում էր իր անցած ճանապարհը․ ոտքով՝ Սիրիայից մինչև Գերմանիա։ Դե իսկ առաջին ամենաընթերցված գրքի թուրք հերոսը, բնական է, չէր կարող մնալ ստվերում, եթե նախագիծն իրականացվում էր հենց Հայաստանոմ։ Մեզ հետ զրույցում Թուրքիայում ծնված ու մեծացած Ահմեդը պատմեց․ ամենաշատ տրվող հարցերը Ցեղասպանությանն էին վերաբերում, հարցնում էին՝ ե՞րբ են թուրքերը վերադարձնելու Հայաստանի տարածքները։ Իր խոսքով՝ պատրաստ է վերադարձնել Արարատն ու Անին, բայց չի ցանկանում հրաժարվել Վանից․ ասում է չգիտեմ՝ ինչու Վանը շատ եմ սիրում։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում հակառակորդ երկրի հողում, Ահմեդը ժպիտով պատասխանեց․ «Հայաստանը իդեալական երկիր է, այստեղ ես ինձ տանն եմ զգում, իսկ մարդիկ միշտ բարի են ու սիրալիր։ Մի օր, հնարավոր է, տեղափոխվեմ այստեղ՝ ապրելու։ Ինձ Հայաստանում շատ ազատ ու հանգիստ եմ զգում․ չկա ճնշում ու չկան պատնեշներ՝ իմ ու հայերի միջև։

«Կենդանի գրադարանի» հաջորդ կանգառը Գյումրին է, նախաձեռնողն այս անգամ տեղի Երիտասարդական նախաձեռնողական կենրոնն է։ Միջոցառումը կանցկացվի մայիսի 8-ին,13։00-ին՝ Գյումրու կենտրոնական այգում։ Բոլոր նրանց համար, ովքեր բաց են թողել գրքերի հետ երես առ երես շփվելու նախորդ հնարավորությունը, այժմ կարող են վերցնել գրքամոլի իրենց ողջ սերը և ուղևորվել Հայաստանի մշակութային մայրաքաղաք։

 

Նելլի Մելքոնյան

2-րդ կուրս

Կիսվել