ՌՈՒՍԱՍՏԱՆՆԵՐՈՒՄ ՄԵՂՐ ՈՒ ԿԱՐԱԳ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆԵՐՈՒՄ ՄԵՂՐ ՈՒ ԿԱՐԱԳ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

1569

70-ամյա Վանիկ պապը արդեն երկար տարիներ է ինչ «ուսումնասիրում» է  Գեղհովիտ գյուղի փակված դռները: Վստահ է, որ ավելի լավ է ապրի հաց ու ջրով, քան դառնա ռուսի ստրուկը:

-Ինչքան ուզում ես փող աշխատի, բայց մեկա, երբ տուն գաս չես կարողանալու հանգիստ քնես, որովհետև վստահ չես, որ կարթնանաս:

Վանիկ պապը սրանում անձամբ է համոզվել, պատում է, որ երիտասարդ տարիքում ինքն էլ է գնացել «փող» աշխատելու, բայց վերադարձել է ինքն իրեն խոստանալով` այլևս երբեք հետ չգնալ:

-Հեռվից ամեն ինչ քաղցր է երևում ու մերոնց թվում է, թե ռուսաստաններում «մեղր ու կարագ են բաժանում»: Ամեն տեղ էլ դժվար է ուղղակի պետք է ձգտում ունենալ ու շատ աշխատել:

Նա ետ եկավ ու աշխատեց այնքան, մինչև, որ իրեն նկատեցին ու դարձավ գյուղի գյուղապետ: Այժմ Վանիկ պապը չի աշխատում ու ինչպես ինքն է ասում արդեն «տարիքն առել է աշխատելու համար», բայց իր թոռներին ու երեխաներին «ստիպել»  է աշխատել, որի շնորհիվ էլ հիմա ապահով ապրում են:

-Ամեն աշուն շրջում եմ գյուղում ու հաշվում եմ փակված դռները: Չեք հավատա, բայց դրանք սնկերի պես արագ են աճում, վերջին մի տարվա ընթացքում գյուղից անվերադարձ հեռացել է տասից ավելի ընտանիք: Զարմանում եմ մարդկանց վրա, բայց չեմ մեղադրում`ամեն մարդ էլ ունի ազատ ընտրության իրավունք: Բայց եթե ինձ հարցնեն, ինձ համար արտագնա աշխատանք ասվածը պատիժ է: Երբ կարճ ժամանակով են գնում, զրկվում են ընտանեկան ջերմությունից ու քնքշանքից, երբեմն նաև ընտանիքից: Շատերն են գնում ու այլևս չեն վերադառնում` մոռանալով թե´ տան, թե´ ընտանիքի մասին:

Նախկին գյուղապետը նշում է, որ երբ լսում է որևէ ընտանիքի հեռանալու մասին, անպայման գնում ու փորձում է հասկանալ հեռանալու պատճառը, բայց գրեթե միշտ լսում է նույն պատասխանը: Վանիկ պապը ցավով արձանագրում է, որ գյուղում ամռանը  գրեթ տղամարդ չի մնում: Բոլորն են գնում, որովհետև ապրելու ուրիշ միջոց չունեն: Գնում են` հաճախ չիմանալով, թե ում մոտ ու ինչի համար են գնում: Այս պատճառով էլ ավելանում են խաբողներն ու խաբվածները:

-Չկա մի այնպիսի տարի, որ մի քանի հոգի  խաբեության «զոհ» չդառնան: Մարդիկ լքում են իրենց տունը մի քանի կոպեկ փող աշխատելու համար, բայց խաբվում ու առանց մի դրամի տուն են գալիս:

Թե ուր պետք է հասնի այս համատարած արտագաղթի հոսքը, թերևս ոչ ոք չգիտի, բայց մի բան հաստատ է, եթե դատարկվում են գյուղերը, նշանակում է պետությունը  զրկվում է ամենակարևոր օղակից` աշխատող ձեռքից:

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել