ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ, ԱՆԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ, ԱՆԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

3803

Արագության այս դարում իր անփոխարինելի տեղն ունի արագ սնունդը: Մարդիկ, չտեղավորվելով ժամանակի մեջ, ստիպված են լինում օգտվել արագ սննդի կետերից:  Արագ սննդից հիմնականում օգտվում են դեռահասներն ու համալսարանականները: Վերջիններիս համար այս տարբերակը առավել քան շահավետ է, գրպանը չի տուժում, և ամենակարևորը` սնունդը հրամցվում է շատ արագ:

Որքան որ այն մատչելի և հարմարավետ միջոց է, այնքան էլ լի է վնասակար ազդեցություններով, ինչպիսիք են՝ ճարպակալումը, շաքարային դիաբետը, սիրտանոթային և այլ հիվանդությունները, ընդհուպ մինչև քաղցկեղը:

Արագ սննդի արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում, և զարմանալի չէ որ այսօր ԱՄՆ-ի բնակչության 61% –ը, և առհասարակ աշխարհի ամեն 6-րդ բնակիչը տառապում է ճարպակալմամբ:

Այս խնդիրն արդեն իսկ մտահոգիչ է հասարակության համար: Սակայն եթե հետևենք մեր իրականությանը, կարելի է արձանագրել խնդրի առավել կարևորությունը: Խնդրաշատ արագ սննդին գումարվում է գրեթե փողոցային, ոչ հիգենիկ պայմաններում պատրաստված լինելը:
Համբուրգերները, կարկանդակները, հոթ դոգերը, սենդվիչները, շաուրմաները, քաբաբները և նմանատիպ զանազան ուտելիքները, որոնք մարդիկ սովոր են ուտել վազքի ընթացքում, չափազանց գայթակղիչ են հատկապես քաղցած մարդու համար::

Արագ սննդի տարբեր կետերում գրեթե միշտ վստահեցնում են, որ օգտագործում են մաքուր մթերք, պատրաստվում են հիգենիկ պայմաններում  և սպառողին առաջարկում են այն ինչը պահանջարկ ունի:

Բժիշկ-դիետոլոգ Աննա Բաբայանը պնդում է հակառակը. «Այսօր հնարավոր չէ վստահել անգամ մթերք առաջարկող որևէ մեծ ընկերությանը, ուր մնաց թե փողոցում տեղադրված ինչ-որ կրպակի, բնական է մարդիկ ստիպված են լինելու օգտվել դրանից և դրա համար արժե զբաղվել այս բիզնեսով: Սակայն այս բիզնեսը փչացնում է մարդու առողջությունը: Օրինակ՝ հենց հայերի շատ սիրելի շաուրմայի ¼-ը բաղկացած է ճարպից: Իսկ ճարպակալումը այսօր կարելի է դարի հիվանդություն համարել: Հասարակությունը տարիներով պայքարում է դրա դեմ, շատերը մահանում են դրանից առաջացած սիրտանոթային խնդիրներից: Բացի դրանից, բազմաթիվ թունավորման դեպքեր են լինում, որոնք ևս երբեմն առընչվում են արագ սննդի կրպակների հետ»:

Օրինակ՝ 15-ամյա Արամը նշեց, որ չնայած միայն դպրոց է գնում և շատ ժամանակ տանն է անցկացնում, բայց միևնույն է արագ սնունդը նախընտրում է տնական ուտելիքից. «Չգիտեմ, ավելի համեղ է… պիցցա շատ եմ սիրում ու ընկերներով շատ ենք գնում սրճարան հատուկ պիցցա ուտելու համար§:

Իսկ 20-ամյա ուսանողուհի Դիանան, որքան էլ քաղցած լինի, փորձում է խուսափել կասկածելի վայրերում սնվելուց. «Եթե շատ եմ լինում քաղցած, գնում եմ ինչ-որ բան ստիպված, բայց հաստատ ոչ բացօթյա կրպակներց, փակ խանութներից, որտեղ գոնե որոշ չափով հիգենիկ պայմաններն ապահովված են»:

35-ամյա Մարիան ևս չի կարողացել զերծ մնալ արագ սննդից. «Ես օրվա մեծ մասը աշխատանքի բերումով  անցկացնում եմ դրսում, ակամայից օգտվում եմ կրպակներից: Իհարկե տանը պատրաստածը ավելի համեղ է և առողջարար, բայց չի ստացվում, լինում են դեպքեր, որ գնում եմ կիսաֆաբրիկատ մթերքներ տանը արագ ինչ-որ բան պատրաստելու համար»:

Արագ սնունդը հատկապես վատ ազդեցությունն է ունենում երեխաների վրա: Բժիշկների համոզմամբ` աճող սերնդի օրգանիզմը դեռահաս տարիքում, գտնվելով զարգացման փուլում, շատ արագ է արձագանքում ցանկացած խնդրին: Նրանց համար գիրության պատճառ կարող են հանդիսանալ նաև չիփսերը, կիսաֆաբրիկատները և գազավորված ըմպելիքները:

Չնայած այս ամենին, արագ սնունդը իր հաստատուն տեղն է գրավել մեր կյանքում և ունի համոզիչ պատճառաբանություն՝ ժամանակի և գումարի խնայում:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել