ՍՊՈՐՏԸ ՆՈՐԱՁԵՎ ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՑ Է

ՍՊՈՐՏԸ ՆՈՐԱՁԵՎ ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՑ Է

2213

Այսօր գրեթե ողջ աշխարհում սպորտով զբաղվելը դարձել է ժամանակակից մարդու առօրյայի անբաժանելի մի մասը:
Հայաստանյան հասարակության մեջ ևս սպորտով զբաղվող մարդկանց  թիվը կտրուկ աճել է: Դրա մասին են վկայում հանրապետությունում, մասնավորապես Երևանում, բազմաթիվ սպորտային ու ֆիթնես ակումբների, մարզադահլիճների բացումը:

Երևանյան մարզակումբներից մեկի մարզիչ Սեդրակ Հովհաննիսյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում մարզադահլիճ այցելողների թիվը կտրուկ բարձրացել է, հատկապես կանանց շրջանում: Եթե նախկինում կարելի էր նկատել 2-3 աղջկա կամ կնոջ, ապա այսօր մարզադահլիճում մարզվող 20 այցելուներից 15 իգական սեռի ներկայացուցիչներ են:

Թեև թե´ ակումբների, թե´ մարզադահլիճ այցելողների քանակը գնալով աճ է գրանցում, այնուամենայնիվ, սրա հետ մեկ տեղ հարկ է նշել, որ սպորտով զբաղվողների պատկերացումներն ու մոտեցումները տարաբնույթ են: Եթե նախկինում սպորտը համարվում էր առողջ ապրելակերպի գլխավոր մասը, և մարդիկ գնում էին սպորտ ակումբներ  իրենց առողջության ամրապնդման, գուցե նաև գեղեցիկ սպորտային կազմվածք ձեռք բերելու համար, ապա այսօր սպորտը դարձել է նորաձև լինելու ևս մի միջոց:

Լողափային բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն, ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանն այն հարցին, թե ֆիթնես ակումբ հաճախելը առողջ, թե նորաձև ապրելակերպի դրսևորում է, նշում է հետևյալը. «Սկզբնական շրջանում առողջ ապրելակերպի հիմք է, բայց շատերի մոտ նորաձևություն: Տենդենցը շատ է, և մարզվողների քանակը 5-6 անգամ շատացել է»:
Ըստ հոգեբան, խորհրդատու Լարիսա Մինասյանի` «առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը այլևս հնություն չէ: Ֆիզիոլոգիապես առողջ մարդը հոգեբանորեն իրեն լիարժեք է զգում: Հոգեբանն ասում է. «Մոդայիկ լինելը վատ չէ, ընդհակառակը, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ` աղջիկներն իրենց շոփինգի ժամանակից կարողանում են հատակցնել ու տրամադրում են նաև մարզասրահ հաճախելուն, թեկուզ դա լինի նորաձև ապրելակերպ»:

Մարզվելու, առողջության ինչպես նաև մարզասրահում սելֆիներ անելու նորաձևության մասին մարզիչ Սեդրակ Հովհաննիսյանն ասում է . «Այցելուները շատ են, պատճառները ևս: Կան մարդիկ, ովքեր գալիս են  նիհարելու նպատակով, կամ ինչ-որ չափով քաշ հավաքելու, գալիս են մարդիկ, ովքեր կորցրել են առողջությունը ու ուզում են վերականգնել այն  կամ պարզապես մնալ առողջ: Ցանկացած մարզասրահում էլ կան այնպիսները, որոնք գալիս են իրենց ցուցադրելու համար և ոչ թե իսկապես պարապելու: Ունեմ աշակերտ, ով  2 շաբաթը մեկ է այցելում, և նրա միակ նպատակը սելֆի անելն է: (ժպտում է):

Նորաձև լինելու միջոց դարձած և վերջին տարիներին կտրուկ աճ գրանցած հայաստանյան մարզակումբները` հագեցած  ժամանակակից նոր մարզասարքերով, ընդարձակ մարզադահլիճներով և բազմաֆունկցիոնալ սարքավորումներով, այցելուներից պահանջում են ամսական միջինում 20.000-35.000 դրամ գումար:
Երևանյան մարզակումբներից մեկի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Սերոբյանի ասում է. «Ամենաշատ ծառայություններ ունեցող ակումբներից ենք, ու մեր ակումբի անդամները յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատում են անհատապես, իսկ դրա համար անհրաժեշտ է լավ վարձատրություն:  Թույլ տվեք չհամաձայնվել, որ գները բարձր են, քանի որ ակնառու է այցելուների մեծ հոսքը: Շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ մեծացել է հետաքրքրությունը դեպի սպորտը, այսօր ակումբում նույնիսկ կարող ենք տեսնել 4-6 անդամներ ունեցող ընտանիքների, ովքեր օգտվում են մեր ծառայություններից ու ժամանակ հատկացնում ոչ միայն սրճարան գնալուն, այլ նաև մարզվելուն»:
 

Լուիզիտա Մելքոնյան

4-րդ կուրս

Կիսվել