Խնամված մաշկ ունենալու համար անհրաժեշտ է պարզպես ճիշտ օճառ, ճիշտ դիմակ ու...

Խնամված մաշկ ունենալու համար անհրաժեշտ է պարզպես ճիշտ օճառ, ճիշտ դիմակ ու ճիշտ օտգագործման ձև

874

-Աննա՛, ինչո՞վ ես զբաղվում, ինչպե՞ս կնկարագրես քո գործունեությունը:

-Ես և՛ բյութի բլոգեր եմ, և՛ խնամքի պարագաներ ստեղծող, ավելի կոնկրետ՝ օճառագործ։ Կոսմետիկ միջոցներ եմ պատրաստում, օգտակար ինֆորմացիա տրամադրում։

-Կա՞ երաշխիքը, որ պատրաստածներդ անվտանգ են:

-Հումքը սերտիֆիկացված բարձրորակ է, որ բազում երկրներում էլ է օգտագործվում, աշխատում եմ կանեփի յուղով, որը Հոլիանդիյից է։ Խորհուրդ տալուց առաջ անպայման նշում եմ հակացուցումները, բացի այդ, դեռ ինքս ինձ կատարելագործելով, Մոսկվայում բուժական կոսմետոլոգիա եմ սովորում։

-Քո պատրաստած խնամքի պարագաները ոչ միայն օգտակար են, այլ շատ գեղեցիկ:

-Պատրաստելիս միացնում եմ երաժշտություն ու կենտրոնանում եմ, որ սիրուն ստացվի, ինձ համար տեսքը շատ կարևոր է, եթե իմ սրտով չի լինում, քանդում եմ, նորից անում, այնքան մինչ ինձ դուր գա։ Բնակաբար բաղադրությունն էլ է կարևոր, բայց օգտակարն ու հաճելին ուրիշ հաճույք են։

-Հեշտ գործընթաց ես համարու՞մ օճառ պատրաստելը, ամեն մեկը կարո՞ղ է անել:

-Չեմ կարծում, որ ամեն մեկը կարող է։ Այս ամենում մեծ դեր ունի երևակայությունը, պիտի հասկանաս՝ որը ինչի հետ խառնելուց ինչ կստացվի, և որ ամենակարևորն է՝ մեծ սիրով պիտի անես, եթե լավ արդյունք ես ուզում։

-Փորձենք ինձ համար դիմակ պատրաստել, ունեմ ոչ յուղոտ, ոչ էլ չոր մաշկ, չունեմ ալերգիա ինչ-որ բանից։

-Դիմակ պատրաստելու կաևոր կետերից է բնական բաղադրիչները։ Աղում ենք վարսակի փաթիլներ կամ վարսակի ալյուր ենք վերցնում, խառնում ենք քերած վարունգի հյութի հետ, կարող ենք նաև մի քանի կաթիլ ավոկադոյի կամ գազարի յուղեր ավելացնել։ Դիմակը պատրաստ է, այն թարմացնող, սպիտակեցնող էֆեկտ ունի, հանգստացնում է մաշկը։

-Օգտագործելու եմ:

-Մաշկիդ մերսման գծերի ուղղությամբ պահում ես 15 րոպե, որից հետո լվանում ես գոլ ջրով ու օգտագործում խոնավեցնող կրեմ։

-Սիրու՞մ ես նվիրել աշխատանքներդ և ու՞մ:

-Ես բոլորին եմ նվիրում, միայն այն մարդկանց չեմ տա, ովքեր պարտրաստածիս անուն կդնեն ու ինձնից էլի նվեր կակնկալեն։

-Բացասական կարծիքնե՞ր:

-Իհարկե լինում են, բայց դա ավելի շատ օգտագործողի մեղավորությունն է եղել, մաշկի տեսակը սխալ էին ասել։

-Առաջին պատվերդ կհիշե՞ս:

-Ես չէի հավատում, որ պատվեր կստանամ ձեռագործ օճառներ պատրաստելու հենց առաջին օրը, շատ ուրախ էի, որովհետև պատվերներս շատ էին այնքան, որ նույնիսկ հումքս չէր հերիքում։ Գյումրեցի Լիլիթ անունով աղջկա համար եմ ուղարկել, և որպես առաջինը՝ օճառ-մարզակոշիկ եմ դրել պատվերի հետ։ Առաջին պատրաստած օճառներս 2 հատ ֆուտբոլի գնդակներ էին, նայում էի ու չէի հավատում, որ դրանք ես եմ պատրաստել:

-Իսկ ինչի վրա ծախսեցիր առաջին պատվերի գումարը:

-(Ծիծաղում է) Ես այնքան շատ եմ ծախսում, որ կդժվարանամ հիշել, ավելի շատ ֆուտբոլային թեմատիկայով իրեր էի գնում։

-Պատվերը ստանալիս արդեն պատկերացնու՞մ ես ինչպիսին պիտի լինի, օրինակ՝ ես քեզնից նարնջի տեսքով օճառ կպատվիրեմ:

-Իհարկե պատկերացնում եմ, հաճախորդի հետ միասին քննարկում ենք նույնիսկ ամենափոքր դետալները, նրա կարծիքն եմ լսում, իմ միտքը առաջարկում, օրինակ՝ քեզ կհարցնեի՝ նարնջի սպիտակ թաղանթը երևա՞, թ՞ե չէ։

-Ինքդ քո պատրաստած պարագաները օգտագործո՞ւմ ես:

-Իհարկե, իմ լիմոնով օճառը ինձ համար անփոխարինելի է։

-Ապագայում կա՞ն պլաններ ընդլայնելու փոքր բիզնեսդ՝ «Սեմերջյան beauty system», տեսնում ե՞ս այս շանսերը:

-Քանի դեռ ես սպառողին տալիս եմ լավ որակ, իմ շանսերը շատ մեծ են, իսկ ես բացառապես որակի վրա եմ կենտրոնացած։

-Աշակերտներ կընդունե՞ս:-Դեռ շատ վաղ է դրա մասին խոսելու համար, նախ պետք է ավարտեմ բուժական կոսմետոլոգիայի կուրսը, որ լիարժեք տիրապետեմ այն ամենին, ինչով զբաղվում եմ։

-Իսկ ի՞նչ կսովորեցնեիր սկսնակին:
-Ամենասկզբից կբացատրեի յուրաքանչյուր օգտագործման միջոցի բաղադրությունը, որ ինքը հասկանա՝ իրար խառնելիս վերջում ինչ է ստանալու։ Կսովորեցնեի ամեն նյութի հակացուցումները, որ տարրը ինչպես կազդի այս կամ այն ձևի մաշկի վրա։

-Մասնագիտությամբ իրավաբան ես, որևէ նմանություն կգտնե՞ս իրավաբանության և օճառագործության մեջ:

-Դրանք լրիվ տարբեր, ոչ մի նմանություն չունեցող երևույթներ են։ Օճառագործությունը արվեստ է, կտրվում ես աշխարհից, մտնում այլ իրականություն, հիանում ինքդ քո պատրաստածով, իսկ իրավաբանությունը թղթեր է, անընդհատ ծախսվող էներգիա։

-Ըստ քեզ՝ մեր օրերում կանայք խնամվա՞ծ են:

-Կարծում եմ՝ այո, պետք է նշել, որ թե՛ տեղանքը, թե՛ ինֆորմացված լինելը մեծ նշանակություն ունեն։ Բավականին մեծ բանակ ունեմ աղջիկների, ովքեր իսկապես հետաքրքրվում են և օգտվում են իմ խորհուրդներից, պարագաներից:

-Իսկ տղամարդկանց խնամքի մասին ի՞նչ կասես:

-Իմ կոսմետիկ միջոցներից այսքան ժամանակ մի տղա է օգտվել, բայց մտածում եմ՝ այդքան էլ վատ վիճակում չենք տղաների հիգիենայի մասով։

-Պատրաստած օճառներդ շատ իրական են, մասնավորապես՝ ուտելիքների տեսքով, հետաքրքիր է՝ խոհանուցում էլ ե՞ս նույնքան տաղանդավոր։

-(Ժպտում է) Այո, ամեն ինչի կալորիականությունը ու օգտակարությունը հաշվի եմ առնում, սնվում եմ խիստ առողջ։

-Ի՞նչն է հաղորդում քեզ ինքնավստահություն:

-Քանի որ ժամանակին փոքր-ինչ գեր եմ եղել, դա ինձ համար մեծ կոմպլեքս էր, մարզվելով կարողացել եմ մարմինս իմ սրտի ուզածը դարձնել, ու հիմա ես համարում եմ, որ ինքնավստահությունս սլացիկ կազմվածքս է։

-Չնայած հաջող տարին չէր, բայց, այնուամենայնիվ, ու՞մ կհամարես տարվա մարդը:

-Հայ զինվորին, ավելորդ են մեկնաբանությունները, թե ինչու, և Մարադոննային կհամարեմ, քանի որ ինքը իրական լեգենդ էր։


Եվ վերջում մի քանի բլից հարցեր
-Սիրելի վայրդ:
-Կապանում Նժդեհի զբոսայգին:
-Սիրելի աքսեսուար:
-Ֆուտբոլի գնդակի տեսքով կրծքազարդ:
-Բույրը:
-Հովտատուշանի հոտը շատ եմ սիրում:
-Նախընտրելի բրենդ:
Եթե կոսմետիկ միջոցի մասին է խոսքը, միմիան՝ գոշ:
-Հոբբին:
-Սպորտը:
-Քո առավելությունը:
-Թող մեծամտություն թվա, բայց ես տեղով մեկ առավելություն եմ:
-Թերությունդ:
-Տաքարյուն եմ, բռնկվող:
-Առավոտյան առաջին գործողությունդ:
-2 բաժակ ջուր եմ խմում:
-Ի՞նչ նկար է սմարթֆոնիդ էկրանին:
-Ֆուտբոլի դաշտ:
-Սիրելի եղանակդ:
-Ամառ:
-Քանի տարեկան ես քեզ զգում:
-Հավերժ 20:

Սոնա Սողոմոնյան

4-րդ կուրս

Կիսվել