ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԻԿԸ

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԻԿԸ

2216

Բոլոր կանայք սիրում են զարդեր և ծաղիկներ։ Այս երկուսի համադրությսմբ է ստեղծված Մոնիկա Գալստյանի հեղինակային զարդերը։

Մասնագիտությամբ բժիշկ Մոնիկան չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր իր պատրաստած զարդերը ցանկացած կնոջ յուրահատուկ ոճի և արտաքինի մի մասը կարող են կազմել։ Նրա ձեռքերում ծաղիկները նոր կյանք ու շունչ են ստանում: Զարդեր պատրաստելու շնորհիվ ծաղիկներին ապրելու և մեկ այլ ձևի մեջ ներկայանալու հնարավորություն է տալիս։

«Ծաղիկներն իմ փոքրիկներն են, իմ անբիծ, մաքուր և ուրիշ աշխարհը»։

Ծաղիկներով զարդեր պատրաստելու մտահաղացումն ինքնըստինքյան է եղել։ Սկզբում պատրաստել է իր, ապա ընկերների ու հարազատների համար։ Դրական և հուսադրող արձագանքներն էլ հիմք են հանդիսացել նորանոր զարդեր պատրաստելու և որպես ապրանքանիշ ներկայացնելու համար։ MarMon անունը կրող ձեռագործ զարդերը պարզ ու շքեղ, նուրբ ու ներդաշնակ գույների համադրությամբ են ստեղծված։

«Բնությունն իսկական հրաշք է, մենք բնության մի մասնիկն ենք։ Ես ուզում եմ իմ ամբողջ ներաշխարհը, սերը, ապրումներն ու հույզերը արտահայտել իմ զարդերի միջոցով¦։

Ոգեշնչվելով բնությունից, նա բնության մի մասնիկը տեղափոխում է իր զարդերի մեջ։ Ըստ նրա, ոչ մի այլ առարկա ծաղկի չափ գեղեցկություն ու նրբություն չունի։

«Իմ աշխատանքներում ցանկանում եմ ևս մեկ անգամ ցույց տալ, թե որքան գեղեցիկ է մեզ շրջապատող բնությունը¦։

Այն հարցին, թե ինչ է պետք գեղեցիկ զարդ ստանալու համար, նա պատասխանում է, որ ստեղծագործական միտք, մտքի անսահման թռիչք ու երևակայություն։ Այնուհետև վերցնում է ներկերը, վրձինները, նախապես չորացրած բույսերի առանձին հատվածները, տերևները, ամբողջական ծաղիկները կամ դրանց թերթիկները և սկսում աշխատել այնպես, ինչպես կաշխատեին ներկերով կտավի վրա։ Սկզբում ոչինչ չի որոշում, ստեղծագործական ընթացքն է ցույց տալիս, թե ինչ ծաղիկներով և գույներով պետք է աշխատել։ Ծաղիկների հետ մեծ սեր է դնում փոքրիկ կաղապարների մեջ, հուսալով, որ այն կրողին սեր ու ջերմություն կտա։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել