ՎԱՆ ԳՈԳԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՇՏ Է ԹՎՈՒՄ

ՎԱՆ ԳՈԳԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՇՏ Է ԹՎՈՒՄ

1949

Մասնագիտությամբ և ապրելակերպով նկարչուհի 18-ամյա Էլմիրա Թումանյանը կատարում է բնակարանների վերանորոգման աշխատանքներ: Առաջին պահին ես էլ դժվարությամբ ընկալեցի կարդացածս հայտարարությունը: Պարզվում է՝ Էլմիրան գեղագիտական տեսք է հաղորդում տան պատերին՝ նկարելով արդեն հայտնի և դասական նկարիչների ոչ պակաս հայտնի նկարներ: Նա նաև զբաղվում է «street art»-ով:

Անհրաժեշտությունի՞ց է առաջացել գաղափարը, թե՞ գաղափարն է ստեղծել անհրաժեշտություն:
-Հիմնականում աշխատելով արվեստանոցում` ցանկություն է առաջանում փոխել աշխատելու միջավայրը և նյութերը: Հենց դա էլ հանդիսացել է առիթը զբաղվելու street art-ով և վերանորոգման աշխատանքներով:

Փոքր տարիքում ծնողներդ բարկացե՞լ են պատերին խզբզելու համար, թե՞ արդեն մանկուց քո մեջ նկատվում էր հակումը դեպի գեղեցիկը:
-Հիշում եմ՝ մինչ տան վերանորոգումը սենյակիս պատին կար իմ նկարած նկարներից, բայց դեռ այդպիսի դեպք չի եղել, որ ծնողներս բարկանան կամ արգելեն պատերին նկարել:

Վախ ունե՞ս մեծ պատերի հանդեպ,եթե այո,ապա ինչպե՞ս ես հաղթահարում:
-Մեծ պատերը հարաբերական են: Աշխատանքի դժվարության առումով իրոք վախ կա, հատկապես, երբ աշխատանքը նոր եմ սկսում, ինձ թվում է՝ երբեք չեմ վերջացնի այն, բայց բավական է կատարեմ աշխատանքի կեսը, որ նորից ոգեշնչվեմ:

Քո ձեռքերում միանում են արվեստն ու արհեստը, բայց կա՞ մի կետ, որտեղ նրանք ոչ մի կերպ չեն հատվում:
-Կա այդպիսի կետ, ու դա արվեստագետի ազատությունն է: Ըստ իս՝ փողը չպետք է ազդի արվեստագետի մտահաղացման, դիրքորոշման, նպատակների ու անելիքների վրա:

Նկարելու ընթացքում լինու՞մ են անհամաձայնություններ բնօրինակների հետ, իմպրովիզներ անու՞մ ես:
-Իհարկե լինում են և՛ անհամաչափություններ,և՛ իմպրովիզացիաներ, բայց փորձում եմ բնօրինակից այնքան էլ չշեղվել, իսկ եթե շեղվում եմ, միանշանակ իմ առջև խնդիր եմ դնում ստանալ ավելի լավ արդյունք, քան բնoրինակն է:

Եղե՞լ է դեպք, որ պատվիրատուի հետ շփվելուց հետո հրաժարվես նկարել:
-Դեռ նմանատիպ դեպք չի եղել: Չեմ ժխտում, որ եղել են անհամաձայնություններ պատվիրատուների հետ, բայց դրանք լուծվել են հանգիստ ճանապարհներով:

Ո՞ր նկարչի ներկապնակում ես քեզ զգում:
-Կլոդ Մոնո,Վան Գոգ, Էդուարդ Մանե… գրեթե բոլոր իմպրեսիոնիստների մեջ զգում եմ ինձ, միայն թե կախված տրամադրվածությունից ու տրամադրությունից դրանք փոփոխական են դառնում:

Հայտնի նկարներից ո՞րը կցանկանայիր դու նկարած լինել:
-Արդեն ցանկությունս կատարվեց, երբ սենյակիս պատին նկարեցի իմ սիրած նկարներից մեկը՝ Վան Գոգի «Աստղալից գիշերը»: Վան Գոգից հետո ամեն ինչ հեշտ է թվում…

 

 

Մարիամ Բաբայան

4-րդ կուրս

Կիսվել