ԵՐԿՈՒ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ԵՐԿՈՒ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

1652

Եղեգնաձորն արդեն ունի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենրտրոն

Սույն թվականի ապրիլի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ  «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի» բացումը: Արարողությանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և այլք:

Կենտրոնը հագեցած է արհեսատական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով:  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` կենտրոնը կատարելու է նաև խորհրդատվական և կրթական գործառույթ՝ կազմակերպելու է Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ. «Մեր նպատակն է, որ գյուղատնտեսություններն ու ֆերմերային տնտեսություններն ունենան հնարավորություն` անցում կատարելու առավել արդյունավետ և առավել ինտենսիվ գյուղատնտեսության, որպեսզի և´ իրենք ստանան մեծ շահույթ, և´ արդեն միավոր ռեսուրսից ստանանք առավելագույն օգուտ՝ պահպանելով շրջակա միջավայրն ու տեղափոխվելով դեպի կայուն զարգացման տիրույթ»:

Կենտրոնը նախատեսված է որպես տարածքային կառույց. այն ծառայելու է շրջակա 44 համայնքների համար՝ ներառելով շուրջ 10.000 տնային տնտեսություն:

«Բնության պահպանության եռակողմ պայմանագրի»  կնքում Խաչիկ համայնքում

Նույն օրը տեղի ունեցավ WWF-Հայաստանի, «Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական»  հիմնադրամի և Խաչիկ համայնքի միջև կնքվող «Բնության պահպանության եռակողմ պայմանագրի» ստորագրման արարողությունը, որի շրջանակում համայնքին տրամադրվեց գյուղտեխնիկա, մոտ 4000 պտղատու տնկիներ՝ համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով: Կնքված պայմանագիրը նպատակ ունի նպաստելու կենսաբազմազանության պահպանմանն ու համայնքների կայուն զարգացմանը:

Վայոց  Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով Խաչիկ համայքն իսկապես շատ խնդիրներ ունի, որոնցից ամենակարևորն ու մտահոգիչը ոռոգման ջրի հետ կապված խնդիրն է. «Մենք մեծ ակնկալիքներ ունենք միջազգային կազմակերպություններից, կառավարությունից, Հայաստանում գործող հիմնադրամներից, որպեսզի համատեղ աշխատանքները նպաստավոր լինեն և նրանց կողմից աջակցություն ստանանք»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց համայնքի բնակիչների վստահությունն ու աշխատելու ձգտումը. «Մենք բնապահպանության ոլորտում  տեսնում ենք շատ ավելի մեծ զարգացում, քան այս փոքրիկ աջակցություններն են: Մենք կարող ենք մեր կենսառեսուրսների ճիշտ կառավարման միջոցով այս համայնքը էկոտուրիզմի տեսանկյունից դարձնել լավագույններից մեկը, որը նաև կունենա իր երկարաժամկետ եկամտի աղբյուրը»:

Խաչիկ համայնքի երիտասարդները իրենց գեղեցիկ երգ ու պարով ողջունեցին այս նախաձեռնությունը, իսկ բնակիչների կողմից կատարվեց հյուրասիրություն  և տրվեցին նվերներ:

Այս երկու կարևոր իրադարձություններից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այցելեց «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», որտեղ ծանոթացավ ՀՀ Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանության աշխատանքների հետ: Իսկ վերջում դիտակետից հետևեցին բեզոարյան այծերի տեղաշարժին:

 

Արուսիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել