ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔՈՒՄ

5998

Այսօր ամբողջ աշխարհում սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի բնականոն գործունեության անբաժանելի մասը: Սոցիալական ցանցերի օգտատերերի քանակը գերարագ աճում է՝ թողնելով դրական և բացասական ազդեցություն: 2015թ.-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ համացանցի գլոբալ հասանելիությունը այժմ կազմում է 43%, ինչը 2%-ով ավել է 2014թ.-ից:

Սոցցանցերից  ֆեյսբուքը շարունակում է մնալ առաջատարը 1,5 միլիարդ օգտատերերով: Վերջին 12 ամիսների ընթացքում ֆեյսբուքին են միացել 180 մլն օգտատեր: Օրական սոցցանցերի շարքերը համալրվում են 500000 հոգով: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ֆեյսբուքի հայաստանցի ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 850000-ի: «Այն մարդիկ, ովքեր քիչ են օգտվում հեռուստացույցից և ռադիոյից որպես տեղեկատվական աղբյուր, ինֆորմացիան ստանում են հիմնականում սոցիալական կայքերից, այլ ոչ թե լրատվամիջոցներից»:

Համացանցը առաջարկում է նոր ծանոթություններ, ընկերների հետ շփում, բազմաբնույթ տեղեկատվություն, սակայն ինտերնետում եղած նյութերը կարող են  ինչքանով ճիշտ, այնքանով էլ սխալ լինել: Վիրտուալ շփումները ևս երբեմն կարող են շատ վատ ազդեցություն ունենալ, երբեմն էլ հակառակը: Մի կողմից սոցիալական կայքերը նպաստում են օտարացած հարազատների հետ շփմանը, տարբեր մարդկանց հետ ծանոթությանը, մյուս կողմից շատերը ձեռք են բերում «վիրտուլ թմրամոլություն»: Շատ հոգեբաններ պնդում են, որ սոցցանցերը ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա՝ առաջացնելով դեպրեսային իրավիճակներ: Առհասարակ համացանցը դարի ամենատարածված «հիվանդություններից» է :

Հոգեբան Նարինե Հովակիմյանի համոզմամբ՝ Հայաստանում սոցիալական կայքերից օգտվելու հիմնական պատճառը դեռևս ոչ թե աշխատանքային գործունեություն ծավալելն է, այլ հենց անձնական շփում հաստատելը. «Միմյանց հետ մշտապես հաղորդագրությունների փոխանակմամբ` նրանք մոռանում են իրական շփման մասին, որոշ օգտատերի մոտ դա հասնում է այն աստիճանի, որ նրանք սկսում են իրենց գումարները ծախսել վճարովի աղբյուրների վրա, ընդ որում հաճախ անգիտակցաբար: Սոցցանցերից կախվածությունն առաջանում է նաև այն պատճառով, որ մարդը իրեն ավելի վստահ է զգում, երբ զրուցակիցը չի տեսնում նրան, չի կարող գնահատել նրա արտաքինը, պահվածքը և այլն»:

Սակայն որքան էլ զարմանալի թվա, դեռ կան երատասարդներ ովքեր կարողացել են զերծ մնալ սոցցանցերից: 21-ամյա Լուսինեն  գրանցված չէ որևէ կայքում, բայց ինչպես պնդում է` նա բավականին տեղեկացված է լրատվամիջոցների շնորհիվ.

«Երբեք չեմ օգտվել սոցիալական կայքերից, անգամ ուսանող լինելով ես դրանց կարիքը երբեք չեմ ունեցել: Եթե լինում են նյութեր կամ գրքեր, որոնք չեմ գտնում գրադարաններում, արդեն փնտրում եմ համացանցում, բայց դա խիստ անհրաժեշտության դեպքում: Կարծում եմ համացանցը հիանալի միջոց է մարդկանց կյանքը առավել հեշտացնելու համար, բայց այլ կարևոր նշանակություն այն իմ կյանքում չունի»:

Միանգամայն հակառակ կարծիքն ունի 22-ամյա Մարիամը, ով իր մեկ օրն անգամ չի պատկերացնում առանց ինտերնետի. «Ես գրանցված եմ վեց սոցիալական կայքում, օրվա մեծ մասը ես անցկացնում եմ ինտերնետում, ընկերներիս հետ շփվելով, նորություններ կարդալով: Իմ կարծիքով շատ լավ է, երբ ամեն ինչ տեղավորվում է ձեռքիդ մի սարքի մեջ, և ամեն պահ կարող ես կապ պահել աշխարհի հետ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս շրջանում ցանկացած նորամուծություն կհեշտացնի թե՞ կդժվարացնի մեր կյանքը` կախված է միայն մեզանից: Յուրաքանչյուրին էլ հարկավոր է կամքի ուժ իր ափերի մեջ մնալու և կախվածություն չունենալու համար: Ամեն բան պետք է ծառայեցնել իր նպատակին:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել