ԻՍԿ ԵԹԵ ՀԵՏԵՎԵ՞ՆՔ ՆՐԱՆՑ

ԻՍԿ ԵԹԵ ՀԵՏԵՎԵ՞ՆՔ ՆՐԱՆՑ

2577

Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միակն է, որ տարեկան երկնիշ թվերով աճ է ունենում: Առավել, քան 10 000 բարձր վարձատրվող մասնագետներ ամեն օր տասնյակ հազարավոր դոլարների արտադրանք են ստեղծում։ ՏՏ-ն վաղուց արդեն հատել է բոլոր հնարավոր սահմաններն ու դարձել դարի ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը: Հայկական ՏՏ ոլորտի թողարկած արտադրանքի 62%-ն արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկրներ՝ ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ: Հայաստանում գործող «Ինստիգեյթ» ընկերությունը դրանցից մեկն է: Ընկերության հարյուրավոր մասնագետների հետ կողք-կողքի վստահ ու լուրջ դեմքի արտահայտությամբ դպրոցականները ևս լուծում են ինժեներական խնդիրներ, գտնում նոր լուծումներ՝ հստակ պատկերացնելով Հայաստանը հաջորդ տասնամյակի վերջին:

Համագործակցելով ՏՏ ոլորտի մի շարք առաջատարների հետ` «Ինստիգեյթ» ընկերությունը «Նաիրի» համընկերության շրջանակներում ստեղծել է էլեկտրոնիկայի, ինժեներական, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի չորս լաբորատորիա:

«Գուգարք» համակարգչով աշխատող «Աղուես» ծրագիրը նախատեսված է հատուկ դպրոցականների համար։ Այն ստեղծվել է «Ինստիգեյթ» ընկերությանում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch միջավայրի հիման վրա։

Ինժեներական խմբակներում, որտեղ տեղադրվում է «Աղուէս» ծրագիրը, երեխաները կարող են քայլ առ քայլ հայերենով ծանոթանալ ծրագրավորման այբուբենին, իրենց ձեռքով գրել խաղեր ու նոր համակարգչային ծրագրեր: Այն դեռ լայն կիրառություն չունի հայկական դպրոցներում, բայց մոտ ապագայում կարող է դառնալ լուրջ գործիք ոլորտը զարգացնելու համար: 5-րդ դասարանից սկսած արտաժամյա պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 3 օր, 2-ական ժամով: «Աղուէս»-ով դպրոցականները կարող են նաև պատրաստել մուլտիմեդիա ու անիմացիոն հոլովակներ: Նույն ընկերության մեկ այլ՝ «Կրիայ» գործիքը՝ կրթական ծրագրավորման միջավայրի հայերեն տարբերակը, հարմար է մաթեմատիկայի, երկրաչափության և ծրագրավորման հիմունքները սովորելու համար։ 

Հայկ Բեգլարյան- 15 տարեկան
«Ծանոթներից մեկից լսեցի, որ Երևանում նման կազմակերպություն կա: Դասերից հետո մեն-մենակ եկա, բարձրացա ղեկավարության մոտ, խնդրեցի ինձ իրենց թիմում սովորելու հնարավորություն տալ, մտածեցի՝ կգամ, կօգնեմ ու նոր գիտելիքներ ձեռք կբերեմ: Համաձայնեցին, հետո ծնողներիս հետ եկա, պայմանավորվեցինք ու արդեն մեկուկես տարի «Ինստիգեյթ»-ում սովորում եմ։ Ռոբոտներ ու համակարգիչներ ենք պատրաստում»: 


Սամվել Մուրադյան, 15 տարեկան

«Ես և Հայկը Ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանում ենք սովորում: Դասերից հետո գալիս ենք այստեղ: Մեր սեղաններին ընկերության հին ու անսարք համակարգիչներից քանդած պետքական մասերն են: Համակարգիչն անպետք մաս չունի, նույնիսկ երկաթյա պատյաններն ենք պահում, որ հետո օգտագործենք: Հիմա աշխատում ենք մեր նախագծած Set-top-box-ի վրա: Այն տան պայմաններում կարող է ապահովել ինտերնետ ու միաժամանակ հեռուստաալիքների կառավարման համակարգ է: Ապագայում կարող ենք Հայկի հետ պայմանագիր կնքել հեռահաղորդակցության ընկերություններից մեկի հետ ու Հայաստանում օգտագործման մեջ դնել հենց հայկական սարքերը»: 


Արման Պողոսյան, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն 

«Մեր առաքելությունը ոլորտը զարգացնելն է: Ճարտարագիտական կենտրոնի մասնաճյուղեր ունենք Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում: Դպրոցականներն իրենք պետք է կարողանան ստեղծել նոր սարքեր ու ծրագրեր, մտածեն ոչ թե որպես սպառող, այլ ստեղծող: Գուգարք համակարգիչների պատյաններն անգամ այստեղ ենք արտադրում մեր 3D տպիչներով: Նոր պատրաստվող տպիչներից երկուսը գնալու են դպրոցական խմբակներ»: 

 

Հասմիկ Չաթալյան

4-րդ կուրս

Կիսվել