Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տոնը ունի քրիստոնեական խորհուրդ, սակայն շատ հաճախ կապվում է նաև ժողովրդական ավանդության հետ։ Մեզ հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սրկ. Կարապետյանը ասաց, որ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Իսկ թե ինչու՞ Տյառնընդառաջ, Գևորգ սարկավագը պարզաբանում է, որ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն հրեական օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն` ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Իսկ թե որքանո՞վ է տոնը իր մեջ ժողովրդական ավանդություններ պարունակում, Գևորգ սրկ. Կարապետյանն ասաց, որ ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:Նաև նշեց ,որ նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը։ Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը, և ներս հրավիրում գարուն-մարտը։
Մարդիկ հաճախ չեն կողմնորոշվում տյառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին,Գևորգ սրկ. Կարապետյանը պարզաբանեց.
«Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում եկեղեցականները օրհնում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում։
Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:
Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:
Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տյառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տյառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ»։
Լենա Կարապետյան
2-րդ կուրս