Հարցազրույց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ

Հարցազրույց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ

1466

Պարոն Մելիքյան, ինչո՞վ էր պայմանավորված հենց դաշնամուրի ընտրությունը, և ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը։

-Գիտեք, դաշնամուրը և երաժշտությունն իմ մանկության անքակտելի մասն էին. այնքան սովորական երևույթ էր, երբ պապիկս նվագում էր ազգային նվագարաններով, ես լսողությամբ փորձում էի նվագակցել նրան տան հին դաշնամուրի վրա: Այս պահին հստակ հիշում եմ այն բերկրանքը, որ ապրում էի, երբ ամեն անգամ հարմոնիկ երաժշտություն էի կարողանում կառուցել, ամեն օր ավելի էի սիրահարվում դաշնամուրի հնչողությանն ու ստեղներին: Ես իհարկե մեծապես շնորհակալ եմ մայրիկիս, ով այդ ամենը նկատեց ու գործադրեց ամեն ջանք, որպեսզի ես սկսեմ պրոֆեսիոնալ կերպով ուսանել կատարողական արվեստը: Իմ ուսուցչի ուսուցիչը՝ հայ դաշնամուրային դպրոցի մեծանուն ներկայացուցիչներից մեկը՝ Աննա Ամբակումյանն ասում էր. «Երաժշտությունը կյանքն է իմ…»: Ես պարբերաբար մտածում եմ այս խոսքերի մասին և հանգում դրան:

-Կա՞ արդյոք ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը Ձեր արվեստի ոգեշնչման աղբյուրն է։

-Միանշանակ դժվար է պատասխանել այս հարցին, ես ուղղակի երբեք չեմ մտածում դրա մասին, գուցե այն պատճառով, որ երբեք ոգեշնչման պակաս չե՞մ զգացել, անծանոթ մարդիկ, տխուր կամ հաճելի իրադարձություններ, ամուր գրկխառանություն, թումանյանական քառատող և բազում այլ երևույթներ, որոնք արագ դաջվում են հոգումս ու առարկայանում երաժշտության ձևով։

-Պարոն Մելիքյան, ունե՞ք կյանքի կարգախոս, որ միշտ դրանով եք առաջնորդվում։

-Լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ, ոչինչ չանել՝ բռնանալով իրավիճակի կամ անձիդ վրա, եթե կարելի է սա կարգախոս անվանել…

-Ինչի՞ մասին եք մտածում նվագելիս, և ո՞րն է ամենակարևոր բանը Ձեզ համար այդ պահին։

-Ամենակարևորը, կարծում եմ՝ վայելքն է, ես փորձում եմ վայելել յուրաքանչյուր արտաբերված հնչյուն, զգալ կոմպոզիտորին։ Ի վերջո կատարողին տրված է բացառիկ հնարավորություն․ ինչ-որ այլ կեցության մակարդակում վերակենդանացնել կոմպոզիտորի զգացողություններն ու ասելիքը, սրանից ավելի բերկրալի պահեր դժվար է պատկերացնել։

-Ո՞ր կոմպոզիտորներն են առավել մեծ ազդեցություն թողել Ձեզ վրա:

-2000 թ. ժամանակակից երաժշտությունն իմ տարերքը դարձավ (հենց այդ թվականին ես Հռոմում կայացած ժամանակակից երաժշտությանը նվիրված մրցույթում 2-րդ մրցանակի արժանացա): Մինչ օրս ես անընդմեջ հետաքրքրվում եմ այսօրվա երաժշտությամբ: Դա ինձ հուզող թեմա է, չէ որ այսօրվա երաժշտությունն այսօրվա խոսքն է, հաճախ՝ բողոքը, ճիչը, ցանկությունը: Այն հարգանքի, փաղաքշանքի, խնամքի կարիք ունի, որը նաև վաղվա խոսքն է: Դա ինձ համար գրավիչ երևույթ է, բայց, միևնույն ժամանակ, ինձ հուզում են դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մասնավորապես բարոկկո և ռոմանտիկ դարաշրջանների երաժշտությունը: Դրանք լցնում են ինձ կարոտով, հանգստությամբ, ներդաշնակությամբ:

-Պարտավորեցնո՞ղ է արդյոք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը կրելը։

-Հարցը հռետորական է, բայց հավելեմ առաջին հերթին ինձ համար բերկրանք է այն, որ կրում եմ կոչում՝ հայրենիքիս անունից։ Գիտեք, երբեք չեմ մտածել այդ մասին. ես միշտ մտածել եմ նվագելու մասին, երբեք չեմ ձգտել հաջողության կամ փառքի ու համարում եմ, որ հաջողությունն ու բարեկեցությունը հետևանքներ են, դրանք նպատակներ լինել չեն կարող: Իսկ իմ արվեստի սիրահարներին ուղղակի երախտապարտ եմ, ես նրանց նույնիսկ չեմ առանձնացնում ինձնից. մենք միասին ենք ու միասին էլ ճանապարհ ենք գնում, վայելում բարձր արվեստի բերկրանքը, կարծում եմ՝ ունկնդրելը կատարողականությունից ոչ պակաս պատասխանատու գործ է:

-Ի՞նչ հիասթափություններ եք ունեցել Ձեր կարիերայի ընթացքում։

-Չեմ թաքցնի, որ եղել են պահեր, որ ինչ-որ հիասթափություններ ու մտավախություններ ծանրաբեռնել են միտքս, ինչպես օրինակ՝ երբ հանդիպել եմ շատ տաղանդավոր արվեստագետի, ով հոգին կեղեքող թշվառություն է ունեցել՝ գրկած իր անհաջողությունները և, ամենավատը՝ արդեն դրանց հետ հաշտված: Բայց, բարեբախտաբար, միշտ իմ կողքին են եղել ամուր ընտանիքս, նվիրյալ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը և պրոդյուսերս՝ Ալեքսանդր Պլատոն, ովքեր կյանքիս բարդ փուլերում անձնանվեր սատարել են ինձ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղ ունի հայ դասական երաժշտությունը համաշխարհային երաժշտության մեջ:

-Դասականը հենց այն տիրույթն է, որտեղ մեր ազգայինն իսկապես խոսում է աշխարհի լեզվով։ Ի միջի այլոց, հայ դասականը համասեռ չէ․ այն ունի բազում երանգներ, ժառանգություն։ Դասական երաժշտությունը մտածողության որոշակի աստիճան է՝ սերելով ազգայինից կամ հոգևոր երաժշտությունից։ Մենք երկուսում էլ հարուստ ենք և, այսօր էլ, հայ կոմպոզիտորները ստեղծում են գործեր, որոնք, վստահ եմ, համաշխարհային երաժշտության կարևոր մասնիկն են դառնալու։

-Դուք որպես պրոֆեսիոնալ դաշնակահար և կոմպոզիտոր, ինչպե՞ս կգնահատեք երիտասարդների վերաբերմունքը դասական երաժշտությանը:

-Ես սիրում եմ մեր երիտասարդներին, տեսնում եմ նրանց մեջ բազում հրաշալի կողմեր. դա ինձ վստահություն է ներշնչում, որ ապագան հրաշալի է լինելու: Կարծում եմ՝ հայաստանյան հանդիսատեսի կարևոր առանձնահատկություններից է հենց այն փաստը, որ դասական համերգներին դահլիճում շատ են երիտասարդները։ Մերոնք բաց են նորը լսելու ու սովորելու, դարձնելու իրենցը։ Խիստ կարևոր է ըմբռնել, որ դասականը անջրպետից այն կողմ մեկուսի ինչ-որ երևույթ չէ, որին հասնելու համար պետք են հատուկ հմտություններ։ Ավելին, ինչպես երիտասարդները, այնպես էլ դասական երաժշտությունը միանշանակ երևույթներ չեն, ու յուրաքանչյուրը կարող է գտնել իր սիրելի անկյունն այս ոլորտում։

Հովիկ Վանյան

2-րդ կուրս

Կիսվել