«Սեփական կամքը ենթադրում է, որ գործը կատարում ես լավագույն կերպով». կամավոր

«Սեփական կամքը ենթադրում է, որ գործը կատարում ես լավագույն կերպով». կամավոր

654

Կամավորական աշխատանքները մեծ պահանջարկ ունեն մեր ժամանակներում: Կամավորները հասարակական նշանակություն և սոցիալական ուղղվածություն ունեցող հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր աշխատանք են կատարում: Նրանք աշխատում են տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ:

Զրույց ունեցա կամավոր, մի շարք համայնքային ծրագրերի հեղինակ Մելինե Այվազյանի հետ։ Մելինեն կամավորությամբ զբաղվել է դեռ դպրոցական տարիներին, բայց առավել ակտիվ է եղել ուսանողական տարիներին: Երեք տարի աշխատել է Արմավիրի զարգացման կենտրոնում և իրականացրել է մի շարք ծրագրեր։  Նա պատմեց կամավորների և ՏԻՄ-երի համագործակցության մասին. «Առաջին ծրագիրը «Էկոդպրոցն» էր՝ «Էկոլա» ծրագրի շրջանակներում։ Եվս մեկ ծրագիր, որ իրականացրել եմ մեր համայնքում՝ Արմավիրում, «Մարդամեջ» ծրագիրն էր։ Կամավորությունն ինքս ինձ և ինձ շրջապատող աշխարհը բացահայտելու հիանալի հնարավորություն է։ Կամավորության միջոցով ես գտնում ու զարգացնում եմ իմ մեջ նոր հմտություններ, բացահայտում իմ համայնքը և օգնում կարողություններիս չափով»,- նշեց նա։

Մելինեն  այժմ ապրում է Գերմանիայում։ Չնայած նրան, որ Մելինեի ընտրած այսօրվա ուղին չի առնչվում կամավորության հետ, նրա խոսքով՝ կամավորությունն իրեն տվել է ինքնազարգանալու  և ինքնակրթվելու հնարավորություն։

Անին ևս կամավոր է։ Նրա խոսքով՝ կամավորական աշխատանքներն իր համար ճանապարհ հարթեցին դեպի գիտակից ու կայացած աշխարհ։ Կամավորական աշխատանքներում ընդգրկվել է դեռևս 2018 թվականից։ Կամավորական աշխատանքներ կատարել և կատարում է տարբեր կառույցներում՝ Teach for Armenia, ՄԻՏՔ ՀԿ, DNA.ngo, ԱՍԶ ՀԿ, Արևատուն ՀԿ։ 

«Կամավորների դերը շատ մեծ է ցանկացած աշխատանքում։ Կամավորն այն անձն է, ով ինքնակամ գալիս և կատարում է որևէ աշխատանք, իսկ սեփական կամքը ենթադրում է, որ գործը կատարում ես լավագույն կերպով։ Կամավորները հզոր ուժ են ցանկացած բնագավառում։ Կամավորության շնորհիվ է, որ այսօր ունեմ լայն մտահորիզոն, կայուն գործնական գիտելիքներ, մեծ փորձ, որն ուրիշ կերպ  չէի կարող կուտակել»,- ասաց նա:

Կամավորության իրենց պատմությունը ներկայացրին նաև Հայաստանի ազգային սկաուտական շարժման (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղի կամավորներ Դիանան և Թամարան:   

Դիանան  դեռ վաղ տարիքից եղել է Արմավիրի սկաուտական կազմակերպության կամավորներից, ընկերների հետ միասին կամավորական շատ  աշխատանքներ է կատարել թե՛ իրենց քաղաքում և թե՛ քաղաքից դուրս։

«Կամավորների դերը շատ կարևոր է հայրենքի, պետության, համայքնի գործունեության մեջ։ Հայրենքի պաշտպանության գործում ևս կամավորական ուժերը մեծ դեր են ունեցել։ Կամավորական աշխատանքները մարդկանց ամեն բան կարող են տալ՝ սկսած ինքնակրթվելուց, զարգացումից և, ինչու ոչ, այդ աշխատանքների ընթացքում ձեռքբերած լավ ընկերներ»,- ասաց նա:

Թամարան կամավորական աշխատանքներում ներգրավված է 2012 թվականից։ «Քանի որ սկաուտ եմ, հիմնականում սկաուտական կազմակերպության շրջանակներում եմ իրականացնում կամավորություն։ Թարգմանություններ եմ արել նաև Վիքիմեդիայի համար»,- պատմեց նա:  

Այն հարցին, թե ինչ տվեցին նրան կամավորական աշխատանքները, պատասվանեց. «Կամավորությունը, մանավանդ մեր իրականության մեջ, ինքնազարգացման ու սեփական եսը գտնելու լավագույն միջոցն է։ Օգնում է դեռ պատանի տարիքից ինքնարտահայտվել, հավատալ, որ ինչ-որ բանի պետք ես ու կարող ես աշխարհը դեպի լավը փոխել, քո փոքր, բայց կարևոր հետքը ունենալ այդ փոփոխություններում։ Նախ՝ կամավորության շնորհիվ ես ձեռք բերեցի իմ կյանքի ընկերներին` անփոխարինելի մարդիկ, որոնք իմ կյանքում առաջնային դեր են խաղում։ Հետո՝ անմոռանալի հիշողություններ ու փորձ, որ էլ ոչ մի տեղ չէի կարողանա ձեռք բերել»։  

Թամարայի խոսքով՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությունն այնքան էլ սերտ չէ, սակայն որևէ օգնության անհրաժեշտության  դեպքում, օրինակ, երբ ծրագրեր իրականացնելիս պետք է լինում այս կամ այն տարածքը, նրանք օժանդակում են, իսկ որոշ դեպքերում իրենց են դիմում որևէ օգնության համար, օրինակ, երբ խոսքը վերաբերվում է կամավորական աշխատանք իրականացնելու նպատակով ռեսուրսներ տրամադրելուն:

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել