Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն օրերս հրապարակեց 2020 թվականին հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերի կառուցվածքի և լսարանի բաշխման մասին վերլուծությունը։
Ըստ ՀՌՀ-ի՝ կատարվել է բովանդակային վերլուծություն՝ առաջատար հեռուստաընկերությունների բարձր վարկանիշի, հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների, պաշտոնական լրահոսի, ժամանցային ծրագրերի և այլնի վերաբերյալ: Նման աշխատանք կատարվել էր նաև 2019 թվականին։
Մենք ուսումնասիրել ենք 2 տարիների վերլուծությունն ու փորձել գտնել դրանց նմանություններն ու տարբերությունները։
Երբ համեմատում ենք հեռուստատեսային բաշխումն ըստ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական տվյալների, ապա 2 տարիների միջև մեծ տարբերություն չենք տեսնում․ առավել նկատելի է այն, որ 2019 թվականին տղամարդկանց դեպքում օրական միջին հեռուստադիտումը եղել է 191, իսկ 2020-ի դեպքում` 206 րոպե։ Այս մասով կանանց մոտ փոփոխություն չի նկատվում` 227 րոպե։
Թե՛ 2019, թե՛ 2020 թվականներին հեռուստաընկերություններում թեմատիկ ուղղություններով էական փոփոխություն ևս չի նկատվել․ ժամանցային ծրագրերը եթերում տեղ են գտել համապատասխանաբար 26 և 23 տոկոսով, հեռուստասերիալները՝ 19 տոկոսով, իսկ լրատվությունը՝ ընդամենը 9։
Լրատվական ծրագրերի գլխավոր թողարկումների առաջատարը 2019-ից շարունակում է մնալ «Ժամը», որին հաջորդում են «Հորիզոնն» ու Առաջին ալիքի «Լուրերը», թեեւ 2 տարիների միջև կա վարկանիշային աճի էական փոփոխություն։
Թոք-շուոների ցանկում «Կիսաբաց լուսամուտները», որը 2019 թվականին 2-րդ հորիզոնականում էր, 2020-ին հայնտվել է 6-րդում։
Մանկական ծրագրերում 2019-ին՝ «Անբան Հուռին» անիմացիոն մուլտֆիլմը, իսկ 2020-ին՝ «Անահիտ» մուլտֆիլմը գլխավորում են ցանկը։ Իսկ սպորտի ոլորտում 2019 թվականին առաջին դիրք զբաղեցնող ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարը 2020-ին իր տեղը զիջել է իսպանական Լա Լիգային։
Սեդա Առաքելյան
2-րդ կուրս