«ԵՍ ԵՄ»-Ը ՊԱՏՄՈՒՄ Է…

«ԵՍ ԵՄ»-Ը ՊԱՏՄՈՒՄ Է…

1453

Հայաստանի նկարիչների միության դռներն այս անգամ բացվեցին երիտասարդ ստեղծագործողների համար. 17 երիտասարդ տաղանդավոր նկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից:  «ԵՍ ԵՄ» խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակն է բացահայտել տաղանդավոր ստեղծագործող նոր անուններ, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղագիտական նոր որոնումներին: Այս խորագրի ներքո 17 երիտասարդներ իրենց ասելիքն են հրամցրել արվեստասեր հասարակությանը՝ իրենց իսկ աշխատանքների միջոցով:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստգետ Թամարա Հովհաննիսյանը, ով ժամանել էր Ամերիկայից, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանայնը և այլք: Վերջինս կիսվեց իր տպավորություններով.

-Շատ ողջունելի է նման նախաձեռնությունը, քանի որ մենք այսօր միջավայրների կարիք ունենք, միջավայրներ, որոնք կձևավորեն նոր մտքեր, համագործակցության նոր ձևեր և ես շատ ուրախ եմ, որ այդ միջավայրը կա, որտեղ մենք նոր դեմքեր, նոր գործեր, նոր ճաշակ ենք բացահայտում: Ցավոք, մասնագիտական տերմիններով չեմ կարող բնորոշում տալ այս ամենին, քանի որ արվեստագետ չեմ, սակայն ոչ մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ այս ամենը շատ գունագեղ է, էսթետիկ առումով` շատ հաճելի: Կարծում եմ, որ նկարները, որոնք կախված են այս պատերից, ավելի խոսուն են, քան մեզնից յուրաքանչյուրի ասած խոսքը:

Էլմիրա Թումանյանը մեկն է այս 17 երիտասարդներից, ով ներկայացնում է Շիրակի մարզը՝ քաղաք Գյումրին:

-Ցուցահանդեսի մասին տեղեկացել եմ իմ դասախոսից: Մասնակցել եմ շատ ցուցահանդեսների, բայց այս մասշտաբի առաջին անգամ եմ մասնակցում: Նկարներումս ամփոփված են տարբեր քաղաքներ՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Շորժա և այլն:  Փորձել եմ հնարավորին չափով ներկայացնել իմ զգացածը, իմ ապրածը, ինչ-որ զգացել եմ այդ պահին՝ բնության մեջ գտնվելիս:

Յուրաքանչյուր նկարիչ ունի իր ոգեշնչման աղբյուրը: Իսկ ինչի՞ց է ոգեշնչվում Էլմիրան.

-Եթե բնություն եմ նկարում, ապա հենց բնությունն է ոգեշնչմանս առարկան, եթե տանը ինչ-որ կոմպոզիցիա եմ անում, այդ դեպքում իմ ներքին հոգեվիճակն է:

Մյուս  երիտասարդ նկարիչը, ում հետ զրուցեցի, Բարսեղյան Նարեկն էր: 2015թ. իր «Ինքնություն» գեղանկարների շարքի համար արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: 2015թ. «Լոֆթ» ցուցասրահում բացվել է նրա «Անվերնագիր» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը, և պատահական չէ, որ այսօր էլ, նրա ներկայացրած 5 նկարներից 4-ը անվերնագիր են, իսկ թե ինչով է դա պայմանավորված, Նարեկը պատասխանեց.

-Վերնագիրն ինչ-որ տեղ ուղղորդում է հասկանալու համար, իսկ անվերնագիրը ստիպում է մարդուն ավելի երկար երազել, նկարի մասին ավելի երկար պատկերացում կազմել:

Իսկ հիմնականում ինչ-որ հաղորդագրություն փորձու՞մ եք փոխանցել նկարների միջոցով, թե՞ ոչ.

-Ոչ մի հաղորդագրություն, իրականում չեմ փորձում խորը բաներ նկարել, եթե նկատեք, նկարներումս ամեն ինչ հարթ ու պարզ է, որ հեռուն չտեսնես, չփնտրես ավելին, քան կա: Տեսնես այն, ինչը պատկերել եմ, քանի որ այդ պահին ինչ տեսնում ես, դա է կարևորը:

Նարեկը ամենից շատ մենակությունից է ոգեշնչվում: Նրա համար կարևոր է հայտնիություն ձեռք բերելը, նունիսկ պարտադիր, բայց թե ինչ ճանապարհով, Նարեկը հստակ պատասխան չտվեց.

-Այո, կարևոր և պարտադիր է հայտնի լինելը: Սակայն կան հայտնի դառնալու շատ ճանապարհներ, ավելի գեղեցիկ, քան պարզապես կանգնելը և անունդ հնչեցնելն է:
Սա Նարեկի առաջին ցուցահանդեսը չէ, նա մասնակցել է շատ այլ ցուցահանդեսների, արտերկրում ևս, իսկ այս ցուցահանդեսի մասին միայն ասում է.

-Առաջարկը լավն էր, գրավեց, որոշեցի մասնակցել:

Նշենք որ նույն օրը տեղի ունեցավ համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 04 մայիսի 2017թ.:

 

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել