«Ձախ ձեռքս դարձավ իմ հաջողությունը». նկարիչ

«Ձախ ձեռքս դարձավ իմ հաջողությունը». նկարիչ

996

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ուսանող Խաչատուր Ալեքսանյանը նկարել սկսել է 9 տարեկանից։ «Դեռ մանկուց իմ մեջ սեր կար դեպի նկարչությունը։ Մի անգամ փոքր տարիքում մի տուն նկարեցի, և ծնողներս շատ հավանեցին այդ նկարը։ Դրանով, կարելի է ասել, սկսվեց իմ ճանապարհը դեպի նկարչություն»,- պատմում է Խաչատուրը։

9 տարեկանում Խաչատուրն արդեն Գեղարվեստի դպրոցի սան էր։

«Նկարելու շնորհը, կարելի է ասել, ժառանգել եմ մորական պապիկիցս։ Պրոֆեսիոնալ նկարիչ չէր, բայց բավականին ստացված նկարներ ունի»,- պատասխանում է Խաչատուրը մեր այն հարցին, թե ումից է իր նկարելու շնորհը։

Իր բոլոր նկարներից շատ նա սիրում է մի ծովանկար։ Ասում է, որ շատ վաղուց է նկարել այդ նկարը։ Իսկ նկարիչներից շատ է սիրում Լեոնարդո դա Վինչիին։ Փորձում է նմանակել նրան, բայց չի ստացվում. «Դա Վինչիին նմանակել հեշտ չէ»,-ասում է։

«Մեծ հաջողությունների չեմ հասել դեռ, բայց 10 տարեկանում՝ նկարչական դպրոցում սովորելու ժամանակ, իմ նկարը լավագույն 20 նկարներից մեկը ճանաչվեց և ուղարկվեց Ֆրանսիա՝ ցուցահանդեսի։ Վերնագիրն էր «Իմ Փարիզը»,- ժպտում է Խաչատուրը։

Դեռ մանկուց նկարել և նկարում է ձախ ձեռքով։ Հաճախ են պահանջել աջ ձեռքի անցնել, բայց Խաչատուրը համառորեն պատկերակերտել է ձախով։ «Ձախ ձեռքս դարձավ իմ հաջողությունը»,- ասում է։

Խաչատուրը տարբեր ժանրերով է նկարում, իսկ երեք դե նկարներ անել սովորել է ինքնուրույն. «Նկարում եմ նաև կրոնական նկարներ, ինչը հետաքրքիր ու բավականին բարդ է, բայց կարծում եմ՝ ստացվում է։ Տրիդեներ էլ եմ շատ նկարում, սովորել եմ համակարգչով ինքնուրույն»։

Բանակային տարիներին, որոնք անցել են Մատաղիսում, Խաչատուրը չի դադարել նկարել։ «Այդ երկու տարիներին էլ ունեցածս քիչ ժամանակը նվիրել եմ նկարչությանը։ Նկարել եմ սրբապատկերներ և նվիրել Մատաղիսի եկեղեցուն, իսկ ինձ հետ ընդամենը մեկն եմ բերել տուն»։  

Օրեր առաջ Խաչատուրն առաջին անգամ իր քրոջ դիմանկարն է արել։ Նրա կարծիքով՝ բավականին ստացված է, բայց աշխատելու տեղ դեռ կա։

Նկարչական ճանապարհին անհաջողությունների ևս հանդիպել է։ 15 տարեկանում փորձել է ընդունվել Թերլեմեզյանի անվան քոլեջ, բայց ձախողել է։ Անհաջողությունից, սակայն, չի ընկճվել. «Ծնողներս, հարազատներս մշտապես քաջալերում էին։ Այդ անհաջող փորձից հետո ես էլ ավելի ոգևորվեցի և ինքս ինձ խոսք տվեցի գերազանցել մտերիմներիս սպասումները։ Սկսեցի ավելի բարձր մակարդակով աշխատել և հիմա արդեն ճարտարապետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող եմ»։  

Նկարչությունից բացի մեր հերոսը սիրում է նաև ճարտարապետություն և դիզայն, որոնք էլ դարձել են նրա երկրորդ մասնագիտությունը. «Բանակից հետո՝ այս ամռանը, հորեղբայրս ինձ հանձնարարեց նախագծել մի ժամանցի կետ։ Ես գծագրեցի, և այժմ ամբողջությամբ իմ գծագրության հիման վրա կառուցվել է շենքը։ Փոքրիկ, բայց զգալի հաջողություն է ինձ համար»։

Լուսանկարները՝ Խաչատուրի արխիվից։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել