Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի

Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի

538

Ավելի քան 10 տարի դպրոցում հայ եկեղեցու պատմություն դասավանդած Գայանե  Այվազյանը զարմանում է, թե ում է խանգարում առարկան՝ շեշտելով, որ իրենք փորձում են գիտելիք տալ, ոչ թե քարոզել. «Մենք մարդուն ասում ենք՝ մարդը պիտի մկրտվի, քրիստոնյա լինելու առաջին պայմանը մկրտությունն է: Իսկ ինքը որտե՞ղ պիտի իմանա դրա մասին, եթե ոչ դպրոցահասակ տարիքից: Ինչո՞ւ չիմանա եկեղեցու տաղավար տոների մասին»:

Ըստ Այվազյանի՝ դասաժամը պարտադիր է, բայց որևէ բան չի պարտադրվում. «Այս առարկան շատ մեծ հնարավորություն է տալիս ընտրության համար: Մենք կարող ենք մեկնաբանել, որ մարդը պիտի ազատ լինի, թող ինքը ընտրի: Շատ ճիշտ եք: Իսկ ե՞րբ պիտի ընտրի, եթե չունի ընտրության հնարավորություն: Իրեն մատուցենք ճշմարտությունը, և մարդը ինքը թող ընտրի»:

Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, և նիստի ժամանկ շատ ու շատ այլ կարևոր հարցերի հետ քննարկվել է նաև այն, որ «Հայոց Եկեղեցու Պատմություն» առարկան  պարտադիր իբրև առանձին առարկա պետք է դասավանդվի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից տեղեկացանք նաև, որ Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի:

Կրոնագետ Արամ Մելիքյանը ևս պնդում է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի դպրոցներում։ Իսկ այն հարցը, թե առարկան ավելի շատ քարոզ է, և ինչ պետք է անեն այն դպրոցահասակները, ովքեր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ չեն, Մելիքյանը պարզաբանում է.

«Եթե հոգևորականը Կոմիտասի պատարագից մի հատված հանրային վայրում կատարում է, դա քարո՞զ է, թե՞ գեղարվեստական ստեղծագործության ներկայացում։ Իսկ ի՞նչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ չեն, ի՞նչ եք կարծում, ՀՀ բնակչության 90%-ից ավելին դավանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ուրեմն այն 10%-ի պատճառով առարկան չանցնեն դպրոցներում, կամ ինչպես հիմա են ասում, կցեն Հայոց պատմություն առարկային։ Եվ վերջիվերջո, ոչինչ չի պարտադրվում, չի ցանկանում, թող չմասնակցի»։

Հասկանալու համար՝ որ փուլում է գտնվում նախագծի քննարկումը, հարցում ուղարկեցինք  նախարություն։ Հարցմանն ի պատասխան նախարարությունը նշեց՝ ‹‹Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայոց եկեղեցու պատմությանն առնչվող թեմաները ներառված են «Հայրենագիտություն» բնագավառում, որը կրթության բովանդակության տիրույթ է և ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ 2020 թվականի հուլիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում››։

Լենա Կարապետյան

2-րդ կուրս

Կիսվել