ՆԵՐՇՆՉԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՆԵՐՇՆՉԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

1949

Երազների նկատմամբ հետաքրքրությունը հազարամյակների պատմություն ունի: Մարդկային կյանքի ամենախորհրդավոր ու զարմանալի, միևնույն ժամանակ դեռևս ամբողջավին չբացահայտված երևույթներից են երազները: Երազ տեսնում են բոլորը, սակայն ոչ բոլորն են կարողանում հիշել այն: Իսկ ի՞նչ է թաքնված այդ առեղծվածային երևույթի հետևում և ի՞նչ նշանակություն կարող է այն ունենալ մարդու համար: Հարցեր, որոնց պատասխանները փորձել են գտնել շատերը, հայտնել են տարբեր կարծիքներ, գրել բազմաթիվ աշխատություններ: Բայց առեղծվածն ամբողջությամբ բացահայտել այդպես էլ չի հաջողվել ոչ ոքի:
Այն, որ արտասովոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, համաճարակի նման վարակում հասարակությանը և դառնում սովորական ու ընդունելի, փաստ է: Ահա այդպիսի արագությամբ վարակեցին հասարակությանը նաև երազահաններն ու երազը մեկնաբանող գուշակները, ովքեր անում են ամեն բան՝ երևույթը «գաղտնազերծելու» համար: Եվ արդյունքում շատերն առավոտյան արթնանալուց անմիջապես հետո երազահան են փնտրում՝ հասկանալու իրենց երազի իմաստը: Նույնիսկ համացանցը ողողված է երազահնության ու գուշակության տարատեսակ առաջարկներով:
Վարկածը, որի համաձայն երազն ապագա իրադարձության կանխատեսման միջոց է, առաջ է բերվել վաղուց: Բայց արդյո՞ք կան երազներ, որոնք նախազգուշացնում են ինչ-որ բան:
«Մի շատ հետաքրքիր նախագծի վրա էի աշխատում, շատ էի չարչարվում, քանի որ գիտեի՝ մրցակցությունը դժվար է լինելու: Մտքերով միայն նախագծիս հետ էի, երբ մի օր էլ երազ տեսա, թե ինչպես եմ ներկայացնում իմ ծրագիրը և ինչպես է այն հաղթող դառնում: Նկատեցի որ կան բաներ, որոնց ուշադրություն չէի դարձրել՝ ուղարկելով երկրորդ պլան: Արթնանալուն պես անմիջապես վերցրեցի նախագիծս, վերանայեցի այն և պատկերացրեք իսկապես հաղթեց ծրագիրս»,- պատմում է 25–ամյա Սոնան:
Նման օրինակների հազվադեպ, բայց հանդիպել հնարավոր է: Եվ մարդիկ նման դեպքերի վրա ավելի շատ ուշադրություն են կենտրոնացնում և հավատում, քան այն հազարավորներին, որոնք այդպես էլ չեն իրականացել: Դրանք ոչ այլ ինչ են, քան համընկնումներ: Բայց այդ կարծիքը չի կիսում գուշակ տիկին Նաիրան: «Երազները իրականություն են, բայց կոդավորված: Դրանք խոսում են մեզ հետ խորհրդանիշների լեզվով և շատ կարևոր է դրանք հասկանալ: Մարդու միտքը և զգայական հոգին քնի ժամանակ չեն դադարեցնում իրենց գործունեությունը: Այդ պատճառով միտքը երազի ժամանակ պատկերելով այն, ինչն իրեն զբաղեցնում է արթնության ժամանակ, կարող է նույնիսկ ապագան կանխատեսել: Այս երևույթը կապվում է հոգու գերբնական բնույթի հետ»,- նշում է գուշակը:
Երազների մասին շատ են խոսում նաև հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները: Նրանց առջև դրված ամենահետաքրքրական խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպես են առաջանում երազները: Նրանց հավաստիացմամբ երազներում միշտ կա «ցերեկային հետք», այսինքն դրանք ձևավորվում են ցերեկվա ժամերին, իսկ գիշերը երևում մեր երազներում: «Մենք դեռևս չենք կարող հստակ պատասխանել հարցին, թե ինչու է ստեղծվում հենց այդ երազը, ինչ նշանակություն ունեն այդ պատկերները և ինչպես են դրանք ձևավորվում: Բայց մի բան պարզ է, որ դրանք մեր ցերեկային ապրումների հետևանքն են»,- պարզաբանում է հոգեբան Կարինե Գրիգորյանը և ավելացնում, որ երազի տևողությունը հստակ նշել ևս հնարավոր չէ:
Հավանաբար երազի անծանոթ հյուր բոլորն են ունեցել՝ մարդ, որին իրական կյանքում չեն ճանաչում: Սա պնդում են բոլորը, բայց հոգեբան տիկին Գրիգորյանը վստահեցնում է, որ մեր միտքը չի հորինել այդ կերպարները: Դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց հանդիպել ենք գուցե մարդաշատ վարում, փողոցում քայլելիս կամ շատ փոքր տարիքում:
«Ես շատ հաճախ եմ երազներ տեսնում, դա նույնիսկ լուրջ խնդիր է դարձել ինձ համար, քանի որ դրանցից ձերբազատվել չեմ կարողանում: Կարծես ամենուր հետևում են ինձ: Երբեմն կարողանում եմ մոռանալ դրանք օրվա ընթացքում, բայց ավելի հաճախ անկառավարելի ու սարսափելի երազներ եմ տեսնում ու մնում դրանց ազդեցության տակ ողջ օրվա ընթացքում»,- պատմում է ՀՊՄՀ ուսանողուհի Անահիտը: Իսկ հոգեբան տիկին Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երազները մեր անգիտակցականից են գալիս: «Երազը մարդու համար ունենում է հուզական նշանակություն, այսինքն երազը միայն տեսարան չէ, որը տեսնում ենք: Ամեն երազ ունի հույզեր և երբեմն այնքան խորը, որ մարդու մոտ կարող է փոխել հոգեվիճակ ու տրամադրություն»:
Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս չհավատալ երազահաններին, քանի որ դրանք էլ իրենց հերթին ազդում են մարդկանց գործողությունների վրա՝ ինչ-որ չափով ծրագրավորելով դրանք:
Որքան էլ տարբեր լինեն կարծիքները, միևնույն է, երազների կախարդական աշխարհ մենք մուտք ենք գործում գրեթե ամեն օր: Դրանք մեր իրական տպավորությունների անիրական համադրություններն են: Մեծ նշանակություն տալ երազներին պետք չէ, բայց իսպառ բացառել դրանց գոյությունը ևս հնարավոր չէ:

 

Մերի Մանվելյան
5-րդ կուրս

Կիսվել