ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ «ՀԱՄԱՃԱՐԱԿ»

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ «ՀԱՄԱՃԱՐԱԿ»

2209

Ժամանակին զուգընթաց աշխարհում փոխվում են կանացի գեղեցկությանն առնչվող չափանիշները: Նախկինում գեղեցիկ էր համարվում այն ինչ բնական էր, իսկ այժմ արհեստականն ավելի  նախընտրելի է: Կատարյալ լինելու կանացի ձգտումը վեր է ամեն ինչից և գեղեցիկ երևալու համար նրանք ունեն միջոցների անսպառ տեսականի: Մեր օրերում բավականին ժամանակակից և հարմարավետ տարբերակ են դարձել պլաստիկ վիրահատությունները: Թեև ամբողջ աշխարհն է այսօր օգտվում արտաքին բոլոր թերությունները վերացնելու այդ հնարավորությունից, հայերի մոտ պլաստիկ վիրաբուժությունն ասոցացվում է քթի վիրահատության հետ: Հայկական քիթը՝ արծվաքիթը, ոմանց համար հպարտության, իսկ գերակշռող մասի՝ հատկապես աղջիկների համար էլ կոմպլեքսների պատճառ է հանդիսանում, սակայն Հայաստանում ևս վաղուց այս խնդիրը լուծելի է դարձել:

Պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանի խոսքով պլաստիկ վիրահատությունների քանակը աճել է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում. «Պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը այսօր «ավանդական» դարձած քթի վիրահատությունն է, դրան զուգահեռ ականջների, դեմքի երիտասարդացման՝ մաշկի և կոպերի շրջանում, շրթունքների մեծացման, դեմքի կնճիռները հարթելու համար, որը կարելի է կանխել բոտեքսի հիմքի վրա կիրառվող դեղամիջոցներով: Վերջին մի 4 տարում հետզհետե աճել է նաև կրծքագեղձի պլաստիկ վիրահատության համար դիմող կանաց քանակը: Վիրահատական միջամտության համար շատ են դիմում նաև արտերկրից, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ ի տարբերություն եվրոպական երկրների ավելի մատչելի է, չնայած նախորդ տարիների համեմատ Հայաստանում ևս վիրահատության արժեքը բարձրացել է»:

Հոգեբան Աննա Ղազարյանի կարծիքով պլաստիկ վիրահատության են դիմում հիմնականում այն մարդիկ ովքեր թերարժեքության խնդիր ունեն. «Մարդկությունը ձգտում է կատարելության, սակայն հաճախ չի էլ պատկերացնում դրա չափանիշը որն է: Արտաքին տեսքը այսօր նորաձև միտում ունի, շատերը ցանկանում են նմանվել որևէ հայտնի մարդու: Դեռահաս տարիքում սեփական արտաքինի վերաբերյալ սխալ պատկերացում է ձևավորվում, որ դեմքը այլանդակ տեսք ունի: Շատ քիչ դեպքեր կան, երբ մարդն իրոք պլաստիկ վիրահատության կարիք ունի առողջական խնդիրների պատճառով: Հատկապես կանայք երբեմն չափն անցնում են և իրենց վերածում են արհեստական տիկնիկների: Սկզբում քիթն է տգեղ և դա գեղեցկացնում են, հետո նրանց սկսում է տգեղ թվալ ականջները, շուրթերը և մարմնի այլ հատվածները, ի վերջո նրանք անճանաչելի են դառնում: Պլաստիկան հիանալի մեթոդ է իրական խնդիրները կարգավորելու համար»:

Վիճակագրության համաձայն վիրահատության դիմողների միջին տարիքը 25-35-ն է: Նրանց մեծ մասը կանայք են, 4 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: Քթի վիրահատության թույլատրելի տարիքը աղջիկների համար համարվում է 16 տարեկանը, իսկ տղաների՝ 18 տարեկանը: Հայ տղաների մեծամասնությունը դիմում է շնչառական խնդիրների պատճառով, իսկ կանայք հակառակը կոսմետիկ տեսքի համար:

29-ամյա Հասմիկը չկարողանալով հաղթահարել իր բարդույթը, 21 տարեկանում դիմեց պլաստիկ վիրահատության. «Երբ որոշեցի դիմել պլաստիկ վիրահատության ականջներիս հատվածում, չէի մտածում, որ երբևէ կխոսեմ այս մասին, բայց իսկապես սարսափելի բարդույթ է, երբ դու փորձում ես բոլորից թաքցնել որևէ թերությունդ,  միշտ թվում էր, որ ինձ նայելիս առաջինը ականջներս էին նկատում, թեև դրանք իրականում այնքան էլ մեծ չէին ուրիշների աչքին: Ինձ համար միակ ելքը դա էր: Վիրահատությունից հետո էլ դեռ երկար ժամանակ ես նույն զգացողությունն ունեի, անգամ ամաչում էի նորից խոսել դրա մասին ինչ-որ մեկի հետ»:

32-ամյա  Արևիկը  նույնպես պնդում է, որ միայն վիրահատությունից  հետո սկսեց  իրեն  ավելի վստահ զգալ. «Քթի վիրահատության եմ դիմել, քանի որ կոմպլեքսավորվում էի դրանից: Արծվաքիթը կարծում եմ շատերին է կաշկանդում: Եվ լավ է, որ կա դրանից ազատվելու միջոցը, թեև մեծ գումարի դիմաց, սակայն մեկ անգամ վճարելով հետագա ողջ կյանքս կաշկանդվելու առիթ չեմ ունենա: Գենը կարծես իր գործն արել է, և հիմա նույն խնդիրն ունի աղջիկս: Ես լիովին հասկանում եմ նրա ամաչկոտության պատճառը: Համապատասխան տարիքում նրա համար էլ կդիմեմ վիրահատության»:

30-ամյա Արտյոմի մոտ հակառակ պատկերն է ,-«Ոչ մի անգամ ուշադրություն չեմ դարձրել քթիս տեսքին ու եթե չունենայի շնչառական պրոբլեմներ, հաստատ չէի դիմի պլաստիկ վիրահատության: Ի վերջո հայի քիթ է, թող մի քիչ էլ մեծ լինի, ինչի՞ն է խանգարում: Վիրահատությունը իրոք լավ անդրադարձավ շնչառության տեսանկյունից, բայց քթի նոր ձևը ինձ բոլորովին չգոհացրեց, այնքան էլ չի սազում իմ դեմքին, կարծում եմ միշտ չէ, որ կարելի է ցանկալի արդյունքի հասնել»:

Այս բոլոր վիրահատական միջամտությունները օգնում են բարելավվել  մարդու կյանքի որակը: Թեև արտաքին տվյալները մեծ վստահություն կարող են հաղորդել մարդուն, սակայն մարդկային հատկանիշներն ու  բնավորությունը առավել գնահատելի են բոլոր իրավիճակներում:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել