«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՄԻ ՔԻՉ ԲՈՅՈՎ ԼԻՆԵԼ»

«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՄԻ ՔԻՉ ԲՈՅՈՎ ԼԻՆԵԼ»

1449

Աշոտ Ղազարյանը հանրության կողմից շատ սիրված ու ճանաչված հումորիստ է, ում հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Ինչպե՞ս է սկսվել Ձեր ճանապարհը այս ոլորտում։

-Ես գաղտնի եմ ընդունվել թատերական ինստիտուտ, հայրս չէր ցանկանում, որ այդ ուղղությունն ընտրեի, ես էլ որոշեցի ոչինչ չասել։ Նա շատ պատահական է իմացել այդ մասին և բավականին ուշ։ Բայց ճակատագիրը արդեն նախապատրաստել էր երկար ճանապարհ ինձ համար։ Սկզբում ինքս գրում էի, ինքս խաղում։ Հետո «բացվեցին» Ամերիկայի դռները։

-Ձեր բնավորության ո՞ր գծին եք պարտական Ձեր հաջողությունների համար։

-Հաջողության հասնելու համար ես կարևորում եմ աշխատասիրությունը։ Հենց այս հատկանիշով կարելի է շատ բաների հասնել։

-Ի՞նչ այլ մասնագիտություն կուզենայիք ունենալ։

-Ես ցանկացած մասնագիտության մեջ հաջողություն կունենայի, սիրելով եմ անում, աշխատասեր եմ, բացի բժշկից. Արյունից վախենում եմ։

-Ո՞ր դերասաններն են Ձեզ վրա ազդեցություն գործել։

-Մի խումբ դերասաններով միշտ հիացել եմ։ Սակայն ինձ համար հանճարը Մհեր Մկրտչյանն է, ումից շատ բան եմ սովորել։ Նա ինձ համար կյանքի ուսուցիչ է եղել։ Ինձ համար մեծություններ են նաև Չարլի Չապլինը, Միխայիլ Ուլյանովը և այլն։

-Մարմնավորու՞մ եք արդյոք Ձեզ առաջարկված ցանկացած կերպար։

-Ո’չ, ոչ բոլոր կերպարներն եմ համաձայնում խաղալ, սերիալներում նկարահանվել չեմ ցանկանում։ Բացասական կերպարներ մարմնավորելուց էլ եմ խուսափում։ Եթե մարդու աչքերը բարի են, նրա խաղը կեղծ կթվա. Իմ աչքերը բարի են։ Սովորաբար աչքերը մատնում են մարդու էությունը։

-Ինչի՞ց եք էներգիա ստանում։

-Էներգիա ստանում եմ հանդիսատեսից։ Սիրում եմ մարդկանց ժպիտներ պարգևել։ Երևի հենց դա է պատճառը, որ բեմ դուրս գալիս միշտ հուզվում եմ, կարծես առաջին ներկայացումս լինի. Ամեն անգամ՝ առաջին անգամ։

-Ի՞նչ կցանկանայիք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես փոխել Ձեր մեջ։

-Ես ընդունում եմ այն հոգեկերտվածքը, որով ստեղծվել եմ։ Ֆիզիկական հատկանիշներից առանձնապես չեմ բողոքում, բայց կուզենայի մի քիչ բոյով լինել(ծիծաղում է)։

-Ի՞նչ գերբնական ուժով կցանկանայիք օժտված լինել։

-Կցանկանայի պատերազմները վերացնելու կարողություն ունենայի։

-Եվ ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին։

-Մաղթում եմ սեր և երջանկություն սեփական ընտանիքներում, քանի որ մարդու երջանկությունը սկսվում է ընտանիքից, և որ միշտ հասնեն իրենց նպատակներին։

 

 

Արմենուհի Օվսեպյան

2-րդ կուրս

Կիսվել