ՀԱՄԱՑԱՆՑԸ ԸՆԿԵ՞Ր Է, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԸՆԿԵ՞Ր Է, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

7455

Ինտերնետի ստեղծումը մեծ հեղաշրջում էր ամբողջ աշխարհում: Համացանցը դարձել է մեր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, կենցաղի անփոխարինելի բաղադրիչը: Համացանցի մասին մարդկանց գնահատականները տարբեր են, քանի որ այն լայն է, դրանից մարդկանց օգտվելու հնարավորությունները՝ տարբեր: Հիմա կարելի է մեծ անջրպետ նկատել այն և ներկա ժամանակներում մարդկանց շփման և միմյանց հանդեպ վերաբերմունքի մեջ: Մարդկանց մեծ մասն այսօր արդեն չեն գիտակցում ռեալ շփումների կարեվորությունը:

Ինտերնետը միշտ էլ եղել է մարդկանց մտքի երևակայության աղբյուր, բայց հիմա այն ոչ թե երևակայություն է, այլ հետաքրքիր, ժամանցային նաև շատ վտանգավոր իրականություն: Համացանցը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց ամեն մի նորություն իր հետ բերում է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Համացանցի մասայականացումը և աճող սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շփման ավանդական ձևերին ավելացավ ևս մեկը՝ վիրտուալը, որը տարեցտարի ընդլայնում է իր տիրապետությունը: Սոցցանցերը տալիս են բացարձակ մեծ հնարավորություն շփվել տարբեր մարդկանց հետ, անկախ իրենց հեռավորությունից, և նաև ձեռք բերել տարբեր բնագավառի գործընկերներ, ընկերներ:

Մասնագետների հավաստմամբ՝ վիրտուալ շփումով տարվելը աչքերի և ողնաշարի հետ կապված խնդիրներից բացի, նաև մարդու ներաշխարհի լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում, կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ: Ըստ մասնագետների՝ վերոնշյալ խնդրի նկատմամբ առավել խոցելի են դեռահասները. ‹‹Դա այն տարիքն է, երբ մարդիկ սկսում են միջսեռային հարաբերություններ հաստատել: Համացանցն այս պարագայում օգնում է թերարժեքության բարդույթներով երեխաներին ավելի ինքնավստահ զգալ, սակայն, միևնույն ժամանակ, հենց այս շրջանում դեռ չձևավորված անհատը պիտի փորձի գտնել այն ընկերախումբը, որտեղ իրեն լավ կզգա: Դա հմտություններ է պահանջում, որը համացանցը չի տալիս: Կյանքում կարևորվում են ինտիմ հարաբերությունները, որոնք համացանցում փոխարինվում են ընդհանուր զրույցներով, ինչը բացասական հետևանքներ է ունենում››,- ասում է հոգեբան Կարինե Գրիգորյանը:

Այսօր համակարգիչը իր բազմազան խաղերով երեխաների կյանքում մեծ տեղ է զբաղեցնում՝ երկրորդական դարձնելով իրական շատ այլ խաղեր: Համակարգիչը կյանքը տեղափոխում է վիրտուալ դաշտ: Այսօր բնական շփմանը փոխարինում է համացանցը, գրքին` կայքէջը: Այս հանգամանքը խանգարում է երեխաներին հետագայում ռեալ հասարակության մեջ դրսևորվել: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղալ համակարգչային այնպիսի խաղեր, որոնք զարգացնում են երեխաների հիշողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, պարունակում են գիտելիքներ. «Համակարգչային խաղերի աշխարհը երեխայի համար գնալով ավելի գրավիչ է դառնում: Այսօրվա խաղերը գունեղ են, հետաքրքիր, հաղթելու հնարավորություն տվող: Ավելի հեշտ է հարված ստանալ համացանցից, քան բակում ընկերոջից: Երեխան էլ հեշտ ճանապարհն է ընտրում, դա նորմալ է», – ասում է տիկին Գրիգորյանը:

Երիտասարդության մի զգալի հատվածի համար համացանցը սահմանափակվում է սոցիալական ցանցերում նոր ծանոթություններ ձեռք բերելով, ընկեր ընկերուհիների հետ հաղորդակցվելով: Համացանցը նման է հեղեղի: Խելացի մարդը՝ հեղեղի միջից ընտրում է օգտակարը, իսկ ոչ խելացին ընկնում է հեղեղի մեջ և կործանվում: Ոմանք կենդանի շփումները փոխարինում են համացանցի կապերով, ինչը շատ սխալ է:

Ամբողջ աշխարհում 2012թ-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի: Գոյություն ունի 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Googleով, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել: Նայելով այս հսկայական թվերին հերթական անգամ համոզվում ենք, որ ինտերնետը դա ինֆորմացիայի հզոր աղբյուր է:

 

 

Գոհար Մարտիրոսյան

5-րդ կուրս

Կիսվել