ՈՐՔԱՆ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ՈՒՍԱՆՈՂ ԵՍ

ՈՐՔԱՆ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ՈՒՍԱՆՈՂ ԵՍ

1556

Ուսանողների համար միշտ էլ խնդրահարույց են եղել գրադարանների դատարկ դարակները կամ գրքերի հնության փոշին։ Իսկ ի՞նչ խնդիրներ են առաջանում, երբ անհրաժեշտ գրականությունը կա, բայց օտար լեզվով։Կարևոր խնդիրներից մեկը լեզվի մասին ՀՀ օրենքի և ուսանողների շահերի թվացյալ բախումն է:

Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդավծում մասնավորապեսն նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Կարելի է ենթադրել, որ խնդրի կարգավորումը դրվում է պետության ուսերին։

Իրավական ոլորտի փորձագետ Շահեն Տոնոյանի հետ զրույցում պարզվեց. «Պետությունը չունի այնպիսի մարմին, որը կզբաղվի համաշխարհային գրականության թարգմանությամբ, և պետության պարտավորությունների մեջ չի էլ մտնում դա։ Բայց մյուս կողմից էլ, ուսանողը գուցե չի տիրապետում անգլերենին, ռուսերենին, կամ պարզապես սկզբունքորեն չի ցանկանում ուսումնասիրել նյութերն այդ լեզուներով»։

Այն հարցին, թե արդյոք այս խնդիրը չի գալիս օրենքի բացթողումից, պարոն Տոնոյանը նշեց, որ կազուսային հարց է առաջանում․«Այս խնդիրը օրենքով հնարավոր չէ կարգավորել, քանի որ միայն հայերեն նյութերի պարտադրանքը խստորեն կսահմանափակի կրթություն ստանալու հնարավորությունն ու իրավունքը։ Այլ հարց է, որ ԲՈՒՀ-երը ներքին կանոնադրությամբ ներկայացնեն և ընդունեն արտասահմանյան գրականության ցանկ, որոնք պարտադիր են ուսումնառության ընթացքում և փորձեն կրթության և գիտության նախարարության կամ սեփական միջոցներով թարգմանել»։

«Որևէ նորմով, օրինակ՝ ԵՊՀ կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով սահմանված չէ, որ մասնագիտական գրականությունը պետք է միայն մայրենի լեզվով լինի: Ուսանողը կարող է այլալեզու գրականության ընթերցումը ծառայեցնել իր գիտելիքի հարստացմանը: Իհարկե, լավ կլինի, որ ֆակուլտետի գիտական ներուժը թույլ տա նաև արտասահմանյան առաջատար ձեռնարկները մասնագիտական խմբերով հայերեն թարգմանել, բայց օբյեկտիվ իրականությունը սա է»,-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Սարգսյան։

Պարոն Սարգսյանը հավելում է․«Լրագրության հայալեզու ձեռնարկներն այնքան էլ շատ չեն, եղածների մի մասն էլ խիստ տեսական է կամ հնացած, ու դա մշտապես խնդիր է եղել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Ռուսալեզու կամ անգլալեզու ձեռնարկներից օգտվելն այս դեպքում դառնում է անխուսափելի»։

Ի հակադրումն այս մտքի՝ նույն ֆակուլտետի ուսանողուհի Էլմիրա Միրաբյանը փաստում է․«Որոնման արդյունքում գրադարաններում հաճախ չի գտնվում գրականություն անգամ օտար լեզվով։ Այնպես չէ, որ եղած այլալեզու գրականությունն արդիական է, այն նույնպես հնացած է»։

Բակալավրիատի «այլալեզու» ճանապարհն անցած լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհին նշում է․«Մեր լեզուն էլի մայրենին է, բայց ի՞նչ կարող է անել դասախոսը,  երբ ուզում է ուսանողին առավելագույն չափով գիտելիք տալ, իսկ հայերեն թարգմանությամբ մասնագիտական գրականություն չկա։ Մագիստրատուրայում գրեթե բոլոր առարկաների նյութերն էլ անգլերեն են։ Մենք քիչ-քիչ, դաս առ դաս խմբերով թարգմանում ենք և անգլերեն չիմացողների համար սա խնդիր է»։

Անգլերենի չիմացության խնդրին առնչվող ԵՊՀ ուսանողուհի Անահիտ Հակոբյանն ապավինում է սեփական ուղեղին, բայց և կարծում է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ սկսած դասախոսներից և գրքերից․«Երբեք դեկանատում չենք բողոքել, որ դասախոսը օտարալեզու աղբյուր է հանձնարարում. իմ կարծիքով` դա մանկապատանեկություն է, օրենքներին հղումներ անելը՝  ևս։ Ոչ ոք մեղավոր չէ, որ ես չգիտեմ անգլերեն և չեմ կարողանում օգտվել այդ աղբյուրներից: Միշտ կարելի է գտնել այլ աղբյուրներ, կամ որ ավելի բարդ է` աշխատեցնել սեփական գլուխը»:

Հ․գ․ Լեզվի մասին ՀՀ օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները: Իսկ ԵՊՀ ուսանողների լեզվական իմացություններն էլ սահմանում, բայց հաճախ չեն կարգավորում դասախոսների, ղեկավարման մարմինների և ուսումնական նյութերի հետ ունեցած խնդիրները։

 

 

Մարիամ Բաբայան

4-րդ կուրս

Կիսվել