ԱԼԵՐԳԻԱ

ԱԼԵՐԳԻԱ

3273

Ալերգիաների առաջացման պատճառները տարբեր են լինում: Այն իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է օտարածին մարմինների ներթափանցման դեմ, որոնք անվնաս են մարդկանց մեծամասնության համար:
25-ամյա Անի Գրիգորյանի խոսքով գարունն ու ծաղկունքն իր վրա բացասական անդրադարձ են ունենում:
«Ես դա ինձ մոտ հայտնաբերեցի դեռևս 10 տարեկանում: Գարնանն ընդառաջ ինձ մոտ սկսվեցին փռշտոց, հազ գրիպին նման ինչ-որ զգացողություն: Սկզբում անհասկանալի էր այն. հետո պարզեցի որ ամեն տարի շարունակաբար ես նույն վիճակում եմ հայտնվում»,-ասաց նա:
Մասնագետների խոսքով` ալերգիկ հիվանդություններն ախտորոշելիս անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն հավաքել հիվանդից, ճշտել ոչ միայն հիվանդության բնույթը, այլև առաջացման պայմանները։ Դա հնարավորություն է տալիս բժշկին պարզելու հիվանդության պատճառ հանդիսացող ալերգենների խումբը։ Կոնկրետ ալերգենը հայտնաբերվում է հատուկ ախտորոշիչ փորձերի և լաբորատոր հետազոտությունների միջոցով։
Ալերգիկ հիվանդությունները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում և գնալով նրանց թիվն ավելանում է։ Որոշ երկրներում բնակչության մինչև 10%-ը տառապում է ալերգիկ հիվանդություններով, որոնցից առավել տարածված են բրոնխիալ ասթման, պոլինոզները, եղնջացանը։ Հիմնական պատճառը հակաբիոտիկների և այլ դեղապատրաստուկների լայն օգտագործումն է։ Կապված քիմիական արդյունաբերության բուռն զարգացման հետ՝ վերջին ժամանակներս գործածվում են շատ սինթետիկ նյութեր, ներկեր, լվացափոշիներ, արդյունաբերական և կենցաղային զանազան նյութեր, որոնց մեծ մասը կարող է դառնալ ալերգեն:
Ալերգիայի առաջացման պատճառները տարբեր են լինում: Որոշակի դեր ունեն ժառանգականությունը, նյարդային և ներզատիչ համակարգերի վիճակը։ Փոխանցվում են ոչ թե ծնողների հիվանդությունները, այլ դրանց նկատմամբ նախատրամադրվածությունը՝ արտածին ալերգեններին ալերգիկ ուժեղ հակազդեցություններով պատասխանելու ունակությունը։ Լինում են նաև դեղորայքային, կենցաղային, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական ալերգեններ և այլն:
30-այա Մերի Գալստյանն իր ալերգիայի մասին պատմում է, որ այն առաջանում է միջատներին տեսնելիս՝ անգամ պատկերացնելիս: «Ես սարսափում եմ այդ փոքրիկ արարածներից, ինձ մոտ առաջանում է սարսափելի քոր և ինձ մոտ աննդհատ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միջատներն ինձ վրա են բարձրանում: Յուրաքանչյուր անգամ նրանց հանդիպելուց հետո ինձ մոտ առաջանում է քոր և կարմիր կետիկներ»-ասաց Մերին:
Որոշ մասնագետների խոսքով ալերգիկ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներից են գերզգայնացնող արտահայտված ազդեցությամբ օժտված նյութերի հետ կրկնակի շփման և օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունների խանգարումների կանխումը։ Առաջին խմբի միջոցառումներից են` դեղերի ընդունման սահմանափակումը, միայն անհրաժեշտության դեպքում և բժշկի հսկողությամբ դրանց նշանակումը։ Կարևոր կանխարգելիչ միջոց է երեխաներին կրծքով կերակրելը։ Պարզվել է, որ արհեստական կերով սնվող երեխաները հետագայում ավելի հաճախակի են հիվանդանում ալերգիկ հիվանդություններով։ Շատ կարևոր նշանակություն ունի նաև աշխատանքի ու հանգստի ճիշտ պայմանների ապահովումը։
Երեւանի № 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցի Կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ, պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը նշեց, որ ալերգիան օրգանիզմի ոչ ադեկվատ պատասխանն է համեմատաբար անվնաս նյութերին: Նրա խոսքով, ալերգիա են առաջացնում բույսերի, ծառերի, խոտերի փոշեհատիկները, մոլախոտերը կամ մարգագետնային խոտերը, սնունդը եւ անգամ միջատների խայթոցները։
«Այժմ աղետալի կերպով ավելանում են ալերգիկ հիվանդությունները»,- նշեց Գամբարովը՝ ավելացնելով, որ ամբողջ Եվրոպայում ալերգիայով տառապող մարդկանց թիվը հասել է մոտ 120 միլիոնի։ Ալերգիայի հետ կապված խնդիրները վաղուց արդեն զուտ բժշկական հարցեր չեն, այլ դարձել են սոցիալական բնույթի, քանի որ բոլոր երկրները ֆինանսական մեծ կորուստներ են կրում դրա պատճառով: «Օրինակ, ԱՄՆ-ը ամեն տարի կորցնում է գրեթե 30 միլիարդ դոլար բրոնխիալ ասթմայով հիվանդների պատճառով»,-ընդգծեց մասնագետը։
Ալերգիայի դրսևորումները կարող են լրջորեն խանգարել առօրյայում: Ուստի, կարևոր է ալերգիայի կասկածների առաջացման ժամանակ ճիշտ գնահատել շրջակա միջավայրը, հնարավոր ալերգենները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա, որպեսզի խորհրդակցեք ընտանեկան բժշկի կամ ալերգոլոգի հետ: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է: Դա նշանակում է, որ պետք է իմանալ, թե ինչն է հանդիսանում ալերգեն և բացառել դրա հետ շփման հնարավորությունը:
Մրսածությունը, ջրակալող աչքերը, քորը և ալերգիայի այլ դրսևորումներն անհանգստացնում են ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին: Ալերգիա կարող է առաջանալ ցանկացած տարիքի երեխաների մոտ, հատկապես եթե ծնողներն ունեն զգայունություն որևէ ալերգենի նկատմամբ: Երբեմն ալերգիան ինքն իրեն անցնում է, երբ երեխան մեծանում է, իսկ երբեմն դրա հետ ստիպված ես ապրել ողջ կյանքում:
Մասնագետների պնդում են, որ Ինչ վերաբերում է փոշեհատիկներից առաջացած ալերգիաներին, ապա ալերգիկները քամու ժամանակ պետք է փակ պահեն պատուհանները, եւ դրանք միայն երեկոյան բացեն։ Շատ մարդկանց մոտ ալերգիան առաջանում է միջատների խայթոցից՝ ընդ որում երբեմն բավականին լուրջ ազդեցությամբ։ Նման հիվանդներին խորհուրդ չի տրվում քայլել աղբամանների կողքով, հագնել շատ վառ հագուստ:
Գամբարովը նաեւ նշեց, որ այս ամենը բուժում չէ եւ անպայման պետք է դիմել բժշկի, ով անհատական մոտեցում կցուցաբերի. «Մարդու մոտ կարող է ինչ-որ մի կոնկրետ պատճառից ալերգիա ի հայտ գալ, սակայն որոշ մարդկանց մոտ ալերգիան կարող է միանգամից մի քանի բաներից առաջանալ»։ Ըստ նրա` «ալերգիկ» հասկացություն չկա, քանի որ մարդու մոտ ալերգիան հստակ է, այնպես, ինչպես իմունային պատասխանը։
Մասնագետի հավաստմամբ` ալերգիաները սրվում են հատկապես գարնան եւ աշնան ամիսներին՝ պայմանավորված բնության մեջ կատարվող մի շարք գործոններով՝ ծաղիկների փոշոտմամբ եւ այլն։
«Ալերգիա» տերմինը 1-ին անգամ օգտագործել է մանկաբույժ Կլեմենտ Ֆոն Պիկետոնը 1906 թվականին: Նա նկատել է, որ իր հիվանդներից որոշների մոտ ախտանիշները ի հայտ են գալիս արտաքին միջավայրի որոշակի նյութերի` ալերգենների հետ շփումից:

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

Կիսվել