Սիրուշը հիշում է՝ ամուսինը բակի բոլոր երեխաների համար պարտքով ամենաթանկ պաղպաղակներն էր գնում, միայն թե ժպիտ պարգևեր նրանց: Երեխաների հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը նրան կռիվ տարան, որպեսզի ապագա սերունդը ապրի խաղաղ ու ունենա լուսավոր ապագա:
Սիրուշն Արցախյան վերջին պատերազմում զոհված մարտիկ Վանիկ Աշոտի Անտոնյանի կինն է։ Վանիկի ու իր որդիների մասին էլ է պատմում՝ Աշոտի և Մոնթեի: Վանիկն ասել է՝ առաջին որդին հոր անունն է կրելու, իսկ մյուս զավակներն անվանակոչվելու են մեր հերոսների անուններով: «Մեծ տղաս՝ Աշոտը, հայրիկին տեսքով է նման, իսկ Մոնթեն՝ բնավորությամբ: Ինչպես Վանիկը, այդպես էլ Մոնթեն այնտեղ է, որտեղ վտանգն է»,- ասում է Սիրուշը։ «Մեզ շատ նվիրված էր․ եթե անգամ դիրքերում էր, ամեն օրը սկսում էր տղաների հետ խոսելով, գիշերն էլ անպայման քնելուց առաջ տեսազանգով պետք է տեսներ նրանց»,- ավելացնում է:
Վանիկը (Վանո) ծնվել է 1990թ․ նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Այրում քաղաքում: Եղել է պայմանագրային զինծառայող, պաշտպանել է հայրենի Տավուշի սահմանները։ Կոչումով սերժանտ էր, դիրքի ավագ:
Հերոսի ապրած կյանքի ու ռազմական գործունեության մասին պատմեցին կինը՝ Սիրուշ Անտոնյանը, և քույրը՝ Մելինե Պետրոսյանը:
Ասում են՝ Վանիկի բնավորության մասին քաղաքում բոլորը գիտեին: Օգնել է բոլորին։ Ամեն անգամ, երբ ինչ որ մեկն օգնության կարիք էր ունենում, վստահ գիտեր, որ Վանիկը պատրաստ է օգնել: Մելինեն հպարությամբ հիշում է․ «Եղբայրս անսահման բարի էր, կարեկցող, ուրիշի ցավը զգացող ու իրենը համարող»:
Բայց բոլորը գիտեին նաև Վանիկի սկզբունքային բնավորության մասին: Դեռ փոքրուց է ապացուցել, որ իր խոսքը գործ է:
16 տարեկան է եղել, երբ գնացել է անտառ՝ մոշ հավաքելու, և այնտեղ բնի մեջ գայլ է տեսել։ Եկել է, բոլորին պատմել, բայց ոչ ոք չի հավատացել, բացի հարևանից: Երկուսով գնացել են անտառ։ Վանիկը կացնով սպանել է գայլին, ձագերին լցրել պարկի մեջ և բերել գյուղամեջ, որ բոլորը տեսնեն՝ ինքը չէր ստում:
Սասունցի Դավթի կերպարն ընդհանրացնում է Վանիկի համառ բնավորության պատկերը:
Սիրուշը, Վանիկին հիշելով, իրենց պատմությունն էլ է հիշում։ Ասում է՝ Վանիկը դաջվածքների մեծ սիրահար էր․ «Դեռ նոր-նոր էինք ընկերություն անում, երբ անունս դաջեց ձեռքին։ Ասում էր՝ եթե հետդ չամուսնանամ, երբեք լիարժեք երջանիկ չեմ լինի։ Այս անգամ ևս իր խոսքի տերն էր: Որպես պատանեկան տարիներից մնացած հիշողություն էլ տարիներ անց կրծքավանդակին գայլ էր դաջել»:
Անսահման բարի Վանիկը մտածում էր բոլորի մասին։ Երբ ընտանիքի անդամները նախատում էին՝ հորդորելով առաջինն իր մասին մտածել, գումար տնտեսել, միշտ ասում էր՝ մեռնել-ապրել կա:
Նվիրվածությունն ու հայրենասիրությունը թույլ չեն տվել, որ նա բավարարվի միայն Տավուշի սահմանների պաշտպանությամբ։ Հոկտեմբերի 17-ին բոլորից գաղտնի մեկնել է Արցախ:
Հերոսական կռիվներ մղելով թշնամու դեմ՝ քաջաբար ընկել է Կուբաթլուի մարտերում․․․
Սիրուշն ասում է՝ անսահման հպարտ է ու հենց ամուսնու հերոսական ոգով է պատրաստվում դաստիարակել որդիներին․ «Զավակներս ամեն օր լսելու են իրենց հերոս հայրիկի մասին ու գիտակցեն, որ իրենք ապրում են այն հայրենիքում, որը պահվել է շատ թանկ գնով․․․»:
Արփինե Բեջանյան
2-րդ կուրս