«Ես հիմա հպարտությամբ եմ հայտարարում, որ Մեդիա ակադեմիայի ուսանող եմ»

«Ես հիմա հպարտությամբ եմ հայտարարում, որ Մեդիա ակադեմիայի ուսանող եմ»

819

Աննա Խաչատրյանը, որը սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, վերջերս ընդունվել ու արդեն սովորում է նաև Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիայում: Journalist.am-ի հետ զրույցում Աննան պատմեց դժվարությունների, վախերի ու Մեդիա ակադեմիայում սովորելու փորձի մասին:

Աննան նախ իր մասնագիտական որոնումների մասին խոսեց. «Տավուշից Երևան հասնե՞լ միայն համալսարանի համար, իհարկե՝ ոչ։ Ուսանողական երկու տարիների ընթացքում ոչ մի հայտարարություն բաց չեմ թողել, ոչինչ աչքիցս չի վրիպել ու, որպես կանոն, միշտ ընդունվել եմ այն լրատվականներ, որոնց մասին երազել անգամ չէի համարձակվում»: Առաջին կուրսում ընդունվել է Հանրային ռադիո, բայց հասկացել է, որ ռադիոն իրենը չէ, ու այլևս չի գնացել. «Հետո, երբ տեսա Հանրային հեռուստաընկերության`Մեդիա ակադեմիա ընդունվելու հայտադիմումը, րոպե չկորցրի ու լրացրի այն։ Ինքս ինձանով, ինձ ոգևորելով, հույս տալով, որ եթե չանցնեմ էլ, ամեն ինչ կորած չէ, ուղարկեցի հայտս»:

Հարցին, թե արդյոք սպասո՞ւմ էր, որ կհաղթահարի առաջին փուլը, պատասխանեց, որ ոչ միայն չէր սպասում, այլև իրեն տրամադրել էր, որ չունի եթերին համապատասխան տեսք, ձայն, տեսախցիկի առջև հայտնվելու համարձակություն. «Բայց միևնույն է, սրտիս մի անկյունում հույս էի փայփայում ու ինձ նույնիսկ տեսախցիկների առջև էի պատկերացնում՝ մեկնաբանի աթոռին նստած։ Անսպասելի շրջադարձեր բոլորիս կյանքում էլ լինում են, ու սա, կարծես, թեքեց իմ միապաղաղ կյանքի նավի ուղղությունը դեպի «հրաշքների աշխարհ»»:

Հարցազրույցի օրը մտաբերելիս ամաչում է: Լարվածություն, ձեռքերի դող, սարսուռ. հենց այսպիսին էր Աննան, երբ պետք է հաղթահարեր հարցազրույցի փուլը: «Լարվածությունս շատ մեծ էր։ Նախ ոտք դնել այն տարածք, որի մասին շատերն են երազում, ու հետո ներկայանալի լինել հեռուստադեմքերի համար, դժվար էր ու հաճելի»:

Հարցազրույցի փուլից 2-3 օր հետո սպասվում էր այն, ինչին Աննան իրոք չէր սպասում. «Հարցազրույցից 2-3 օր անց զանգեցին, ասացին, որ ուզում են մի անգամ էլ ինձ լսել, հարցեր տալ, բայց անպայման գնամ եթերային տեսքով։ Մի հույսի շող հայտնվեց իմ մեջ, որ միգուցե անցել եմ։ Հանրայինի հեռուստադեմքեր, տեսախցիկներ, ժպիտներ… Սիրուն օր էր։ Բոլորս լարված էինք։ Ու հանկարծ Ավետ Բարսեղյանը, որի բառերը դաջվել են մտքումս, հայտարարեց. «Դուք պետք է գիտակցեք, որ ընդունվել եք Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիա»։ Սրան հաջորդեցին ջերմ գրկախառնություններն ու ծափերը»:

Աննայի խոսքով՝ ինչ էլ հանրությունը մտածի Հանրային հեռուստաընկերության մասին, միևնույն է, այն ունի մեծ ու ազդեցիկ հեղինակություն. «Ես հիմա հպարտությամբ եմ հայտարարում, որ Մեդիա ակադեմիայի ուսանող եմ. դա և՛ հաճելի է, և՛ պատասխանատու»:

Արդեն մեկ ամիս է, ինչ Աննան սովորում է Մեդիա ակադեմիայում: Սովորում է շաբաթական երկու օր՝ ժամը 14:00-19:30: Ասում է, որ էկրանից երևացող մարդիկ միշտ իր համար անհասանելի էին թվում, բայց հիմա, երբ գրեթե ամեն օր շփվում ու առնչվում է  նրանց հետ, հասկացել է, որ նրանք էլ սովորական մարդիկ են` մեծ հաջողությունների հասած. «Ես ուղղակի վայելում եմ ամեն պահը, որ անցկացնում եմ Հանրայինում։ Իմ ամենամեծ ձեռքբերումը ընկերներներս են` Հանրայինի իմ ընտանիքը»:

Աննան պատմեց, որ  Աելիտա Չիլինգարյանի հետ տաղավար են գնացել ու փորձեր արել, թե ինչպես ճիշտ խոսել ու շարժվել տեսախցիկի առջև, իսկ Մերի Ներսիսյանի հետ լուրերի համար նյութեր են խմբագրել:

Վերջում էլ ներկայացրեց, թե ինչ է սովորել Մեդիա ակադեմիայում իրեն դասավանդող դասախոսներից. «Մարատ Օրդյանից, Մերի Ներսիսյանից, Աելիտա Չիլինգարյանից ու մնացածից գիտելիքների այնքան մեծ պաշար եմ ստանում, որ ամբողջ կյանքում էլ կհերիքեն ինձ լրագրությամբ զբաղվելու համար։ Մեդիա ակադեմիայում առաջին հերթին սովորել եմ խոսքի ու վարվելակերպի կուլտուրան և հետո`գնահատել ու սիրել ինքս ինձ»:

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել