Դարի գլխավոր խնդիրը ժամանակի հետ համընթաց քայլելն ու հետ չմնալն է։ Ուստի լավագույն տարբերակը պարբերաբար փնտրելն ու նոր մասնագիտություն սովորելն է։ Դարի մասնագիտություններից է Մարքեթինգը, որը կարող է հանդիսանալ գրեթե բոլոր բնագավառներում հաջողելու հիմքը։
Մարքեթինգ տերմինի մասին։
Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:
Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։
Գոյություն ունի նաև տերմին, որն անվանվում է Մարքեթինգ միքս. սա մարքեթինգային գործիքների այն ամբողջությունն է, որը մատակարար ֆիրման նպատակային շուկայում կիրառում է մարքեթինգային խնդիրներ լուծելու համար:
Տնտեսագետ Ջ. Մակքարտնին մարքեթինգ միքսը ներկայացնում է 4p-ի համալիրով` ապրանք (product), գին (price), բաշխում կամ իրացում (place) և առաջմղում (promotion):
Իսկ Ֆ. Կոտլերը մարքեթինգ միքսը ներկայացնում է 6P-ով, վերըթվարկված 4P-ին ավելացնում է ևս 2P` քաղաքական ուժեր (political power) և հասարակության վերաբերմունք (public option):
Մեկ այլ տնտեսագետ Ռոտերբոնն նշում է, որ մարքեթինգ միքսի 4P-ին համապատասխանում են սպառողների 4C. Որոնք են՝
- ապրանք (product) – սպառողի որոշում ( customer solutiun )
- գին (price) – սպառողի ծախսումներ ( customer cost )
- բաշխում կամ իրացում (place) – հարմարավետություն ( convenience )
- առաջմղում (promotion) – կոմունիկացիաներ ( comunication )
Ե՞րբ կարող ենք դիմել մարքեթոլոգների օգնությանը։
Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը, թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:
Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ, որքան հնարավոր է շատ հաճախորդների, շատ գումարով և հնարավորինս հաճախակի: Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:
Մարքեթինգի արդյունավետությունը։
Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:
Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:
Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:
Մարքեթոլոգների գլխավոր նպատակները
Յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգում կարևորվում է մարքեթինգի եւ կառավարման կիրառումը՝ իր սկզբունքներով և մոտեցումներով: Պետք է հասկանալ, թե հասարակության և կազմակերպությունների համար ինչ է կառավարումը, ինչ է շուկան, ով է այնտեղ գործում, ով է ֆինանսավորում այն, ինչպիսին են նրա պահանջները:
Մարքեթինգի պահանջն այն է, որ կազմակերպությունը նպատակաուղղի իր գործունեությունը այնպիսի արտադրանքի թողարկմանը, որը կգրավի սպառողների ուշադրությունը, կապահովի շուկայում արտադրանքի պատշաճ մակարդակով ներկայացումը, սպառողի տեսանկյունից դրանց ճիշտ առաջխաղացումը, սպասարկումը, գնային քաղաքականությունը և բաշխումը:
Մարքեթինգի խնդիրն է՝ հասնել այնպիսի գիտելիքների, սպառողների կարիքների եւ պահանջմունքների ըմբռնման մակարդակի, երբ ձեր կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները գնորդների համար կդառնան կենսական անհրաժեշտություն, և ձեր արտադրանքը կվաճառի ինքն իրեն: Իդեալական տարբերակում մարքեթինգի արդյունքն ապրանքը ձեռքբերելու պատրաստ գնորդն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է դարձնել ձեր ապրանքները և ծառայությունները հասանելի ու մատչելի:
Ինչքան ճշտորեն կհամապատասխանի ապրանքը սպառողի ցանկություններին, այնքան ավելի հաջողության կհասնի արտադրողը:
Արտադրողներն իրենք են գտնում սպառողներին, ուսումնասիրում նրանց նախասիրությունները և հետո ստեղծում ապրանք, որն առավելապես կհամապատասխանի սպառողներին: Սպառողներն իրենք են ընտրում, թե ինչ հաղորդում դիտեն երեկոյան, ուր մեկնեն հանգստի, որ կազմակերպություն ներդնեն իրենց դրամական միջոցները։
Զարգացած տնտեսությունում պարտադիր չէ, որ շուկան ինչ-որ ֆիզիկական վայր լինի, ուր հանդիպում են գնորդներն ու վաճառողները և գործարքներ կնքում: Ժամանակակից կապի միջոցների առկայության պարագայում վաճառողը կարող է առավոտյան հեռուստատեսությամբ հայտարարություն տալ վաճառվող ապրանքի վերաբերյալ, օրվա ընթացքում ստանալ մեծ քանակությամբ առաջարկներ, իսկ հաջորդ առավոտ ապրանքն ուղարկել փոստով՝ ոչ մի ֆիզիկական շփում չունենալով գնորդի հետ:
Մարքեթոլոգի մասնագիտության ուսանումը Հայաստանում։
Հայաստանում այսօր մարքեթոլոգներ գլխավորապես պատրաստում է ՀՊՏՀ-ն: ՀՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում գործում է մարքեթինգի ամբիոնը: Մարքեթինգի ամբիոնը ձևավորվել է 1975թ.-ին` առանձնանալով ժողովրդական տնտեսության պլանավորման ամբիոնից: 1996թ.-ից կոչվում է Մարքեթինգի ամբիոն:
Մարքեթինգի ամբիոն գործում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի և առևտրի ֆակուլտետում: Տվյալ մարքեթինգի ամբիոնը դասավանդում է 29 առարկա, որոնք լուսաբանում են մարքեթինգի և վաճառքի գործունեությանն առնչվող տարբեր ոլորտներ: Կարելի է փաստել նաև, որ այսօր շատ դպրոցներ, ուսումնարաններ նույնպես ուսանում են այս մասնագիտությունը և տարածում այն։ Մեր օրերում ամենից մեծ պահանջարկն ունեցող մասնագիտություններից մեկը ընդլայնվում է, օրեցօր յուրացնելով մասնագիտական բոլոր շերտերը։
Ընդհանուր առմամբ ՀՀ-ում մարքեթինգը գտնվում է զարգացման փուլում:
Լիանա Հակոբյան
4-րդ կուրս