ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ. ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ. ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ

6597

Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է,  որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։

Մանկության ժամանակ ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի՝ հատկապես ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից։

Մանկաբույժ Մարինա Ջալադյանի կարծիքով շրջապատի գնահատականներից ստացված տենդենցը հետագայում պահպանվում է. «Չնայած, որ անձը գնալով ավելի անկախ ինքնագնահատական է ձեռք բերում, դրա ձևավորման վրա շարունակում են ազդեցություն ունենալ նշանակալի մարդկանց  և խմբերի կարծիքները»։

Ինքնագնահատականի խնդիրը մանուկ հասակում այլ է, հասուն տարիքում` միանգամայն այլ։

Որոշ մասնագետներ պնդում են, որ տարիքի աճին զուգընթաց` ինքնագնահատականը դառնում է առավել տարբերակված՝անհատի կյանքի տարբեր ոլորտներում կրած հաջողություններից կամ անհաջողություններից։ Որոշ հետազոտողներ այս երևույթը կապում են իմացական ոլորտի զարգացման՝ վերլուծելու կարողության զարգացման հետ։

Օրինակ Թամարա Մարտիրոսյանի կարծիքով նրա մոտ երբեմն ինքն իր վրա թողնում է ինքնասիրահարվածի տպավորություն։

«Հաճախ մտածում եմ, որ մարդկանց բարձրից եմ նայում ու զգալով դա` աշխատում եմ ցույց չտալ, բայց այն իմ ներսից է»։

Հակառակ կարծիքի կրողն է Մարիամ Ղուկասյանը։ Նա կարծում է, որ ունի ցածր ինքնագնահատական. «Եթե ես չեմ շպարվում, գեղեցիկ ու կոկիկ չեմ հագնվում  ինձ մոտ անվստահություն է առաջանում։ Ինձ թվում է, թե մյուսներն ինձանից որևէ առավելություն ունեն։ Դրա հետևանքով ես դառնում եմ ինքնամփոփ ու կոմպլեքսավորված»։

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով ցածր ինքնագնահատականը կապված է շրջակա միջավայրի կարծիքների հետ:

«Ցածր ինքնագնահատականը հիմնականում քննադատությունների արդյունք է․ մարդ չի կարողանում պայքարել կողմնակի մարդկանց կարծիքների դեմ,  ովքեր փորձում են նրան կաղապարել իրենց կարծիքներով։ Հաճախ նաև լինում է ինքնաքննադատություն, օրինակ՝ մարդ ինքն իր արտաքինից, արածից, պահվածքից գոհ չի լինում, ինչն էլ պատճառ է հանդիսանում ցածր ինքնագնահատականի համար»։

Որոշ մասնագետներ կարծում են, որ մարդիկ սովորաբար իրենց ողջ հույսերն  ու երազները կապում են ապագայի հետ։ Չպետք է անտեսել ներկան, մարդիկ պետք է գիտակցեն  նաև իրականության և անիրակնության տարբերությունը, որը հաճախ դառնում է ցածր ինքնագնահատականի պատճառ։

Ըստ հոգեթերապեվտ Գեղեցիկ Սարգսյանի տղամարդկանց դեպքում ինքնագնահատականը կարող է կապված լինել աշխատանքային խնդիրների կամ աղջիկների հետ ծանոթանալու խնդրի հետ։

«Կարող է զարմանալի թվալ, բայց հաճախ հենց դրանք դառնում են ցածր ինքնագնահատականի պատճառ»,-ասաց հոգեթերապեվտը։

Ինքնագնահատականի մակարդակը ազդում է մարդու բոլոր գործողությունների վրա: Հաճախ անձի ինքնագնահատականը ցածր է լինում այն դեպքում, երբ նրա ռեալ հնարավորությունները շատ ավելի բարձր են, քան նա կարծում է: Սովորաբար դա կապված է նրա հետ, որ ինքնագնահատականը հիմնականում  ձևավորվում է մանուկ հասակում, երբ մարդու հնարավորությունները դեռ թույլ են զարգացած:
Անձը ձևավորվում է մանուկ և վաղ երիտասարդ տարիքում, երբ նրա հնարավորությունները պարզ պատճառներով սահմանափակ են լինում: Ինքնագնահատականը բարձրացնելը բավականին ռեալ է, չնայած, որ դա բավականին դանդաղ պրոցես է: Սակայն, երբ մարդը գիտակցորեն փորձում է բարձրացնել սեփական ինքնագնահատականը, դա կարող է շատ օգտակար լինել գրեթե յուրաքանչյուրի համար:

Առանց ինքնագնահատականի դժվար է ինքնորոշվել կյանքում: Ճիշտ ինքնագնահատականը ենթադրում է քննադատական վերաբերմունք իր նկատմամբ, սեփական հնարավորությունների համադրում կյանքում առաջադրված պահանջների հետ, ինքնուրույն սեփական անձի  առջև իրականանալի  նպատակներ դնելու կարողություն, սեփական մտքի ընթացքի և արդյունքների խիստ գնահատում, բոլոր կողմ և դեմ կարծիքների կշռադատում, անհիմն վարկածներից հրաժարում և այլն:

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

 

 

Կիսվել