ԵՐԲ ՂԵԿԻՆ ԿԻՆՆ Է

ԵՐԲ ՂԵԿԻՆ ԿԻՆՆ Է

2431

«Կինը ղեկին նման է երկնքում հայտնված աստղի. դու նրան տեսնում ես, իսկ նա քեզ՝ ոչ»:

Երբ կին վարորդները հայտնվեցին երթևեկության մեջ, տարածվեցին նմանատիպ բազմաթիվ միֆեր հենց վարորդների շրջանում, թե կանայք վատ վարորդներ են: Բայց արդյո՞ք իրականություն է այն, ինչն այդքան հաճախ կարելի է լսել տղամարդկանցից: Ոչ վաղ անցյալում կանանց համար շատ զբաղմունքներ համարվում էին մերժելի: Դրանց թվին էր դասվում  նաև մեքենա վարելը: Կանայք, սակայն, փորձեցին կոտրել կարծրատիպերը. ընդամենը 20 տարի առաջ արտասովոր թվացող այս երևույթն ասօր արդեն չի զարմացնի ոչ ոքի:

Կյանքի արագ ռիթմն ասօր թելադրող է: Փոխվում են ժամանակները և ժամանակի հետ համընթաց քայլելն անհրաժեշտութուն է: Ահա այս անհրաժեշտությունն էր պատճառը, որ ամուսնուն երկար համոզելուց և համաձայնությունը ստանալուց հետո վարորդական դասերի սկսեց գնալ Էլենը: Մասնագիտությամբ իրավաբան է, արդեն 5 տարի է, ինչ մեքենա է վարում: Նաև Հայասատնի ավտոմոբիլային ֆեդերացիայի կանանց ակումբի անդամ է: «Ժամանակները, կյանքը և մտածելակերպը փոխվել են, իսկ մեքենա վարելը կնոջ համար այսօր արդեն պահանջ է: Պետք է երեխաներին մանկապարտեզ և դպրոց տանել, գնումներ կատարել, հասնել աշխատանքի և հասցնել անել շատ այլ բաներ, ինչը անհնար կլինի օրինակ հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում»,- ասում է Էլենը և շտապում հավաստիացնել, որ տարածված կարծիքներն ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը. «Կանայք ավելի կարգապահ և ուշադիր են ղեկի առջև: Բողոքել պետք չէ, քանի որ վատ վարորդների կարելի է հանդիպել նաև տղամարդկանց շարքերում»:

Տղամարդիկ, սակայն, շարունակում են չհաշտվել այն մտքի հետ, որ կանայք էլ կարող են մեքենա լավ վարել: Իր կարծիքը շարունակում է չփոխել արդեն երկար տարիների վարորդական փորձ ունեցող 48-ամյա Կարենը: «Կանայք դանդաղաշարժ են, տարածության մեջ չեն կողմնորոշվում, ճիշտ չեն գնահատում հեռավորությունը և որ ակնհայտ է բոլորի համար՝ չեն կարողանում կայանել: Նաև անկանխատեսելի են նրանց մանևրումները, իսկ հայելիներն օգտագործում են դիմահարդարումը շտկելու և ոչ ճանապարհին հետևելու համար»: Վստահեցնում է, որ կանայք ճանապարհին տեսնում են ամեն ինչ՝ և ցուցափեղկերին փակցված զեղչերը, և նորաբաց խանութները, բաց ոչ ճանապարհային նշանները: Նրան շարունակում են զարմացնել այն կանայք, որոնց մասնակցությամբ ստեղծվում են վթարային իրավիճակներ կամ խցանումներ: «Ախր մեկ-մեկ էնպիսի իրավիճակների ականատես եմ լինում, որ մտքովս անգամ չէր անցնի»,- ասում է նա և հորդորում կանանց զբաղվել միայն իրենց մոտ լավ ստացվող գործերով:

ՀՀ ՃՈ տրամադրած տվյալների համաձայն 2016 թվականի մարտ ամսվա տվյալներով հաշվառված է վարորդական իրավունքի վկայական ստացած 41 հազար 277 իգական սեռի ներկայացուցիչ: ՃՈ տեսուչ Արսեն Համբարձումյանը մեր այն հարցին, թե ինչքանո՞վ են կին վարորդները հետևում երթևեկության կանոններին , պատասխանում է, որ կան և կանոնները խախտողներ, և երթևեկության կանոններին հետևող կանայք: «Այն համոզմանն եմ եկել , որ կին վարորդներին կարելի է բաժանել 2 խմբի. նրանք, ովքեր իսկապես լավ են վարում մեքենան` արագ ու անվտանգ, և նրանք, ում երթևեկության մեջ բաց թողնել չի կարելի»,- ավելացնում է տեսուչը:

Մեքենա վարելու դասեր տալիս հետաքրքիր ու արտառոց դեպքերի պակաս չի ունեցել նաև Սարգիսը: Նրա փոխանցմամբ վերջին երկու տարիներին ավելացել է մեքենա վարել ցանկացող կանանց և աղջիկների թիվը: «Ամայի տարածքում վարելիս հանգստություն և առողջ դատողություն ցուցաբերելով՝ կանայք ճանապարհներին վարելիս կտրուկ փոխվում են: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ չկողմնորոշվելով վթարային իրավիճակում ղեկը բաց են թողել: Եղել են նաև դեպքեր, երբ արգելակի ոտնակը շփոթել են արագության ոտնակի հետ»,- հիշում է նա և հավելում, որ իրեն զարմացրել են այն կին վարորդները, ովքեր հեշտությամբ ընդունել և արագ սովորել են կառավարել մեքենա ցանկացած իրավիճակում:

Այնուամենանիվ մեքենա վարելու կանացի ոճը շատերն են անկանխատեսելի համարում: Բայց հոգեբան Կարինե Գրիգորյանը առաջարկում է վտանգավորության պիտակ չկպցնել ղեկին նստած բոլոր կանանց: «Ես ինքս վարորդ եմ և շատ լավ պատկերացնում եմ իրավիճակը տարբեր տեսանկյուններից: Յուրաքանչյուր անհատականություն ունի մեքենա վարելու իր ոճը: Կին և տղամարդ վարորդներին համեմատել պետք չէ: Կանայք ավելի զգացմունքային են ու տպավորվող, այդ պատճառով հայտնվելով վտանգավոր իրավիճակներում, ավելի հաճախ են խուճապի մատնվում: Բայց չի կարելի ասել, որ սառնասիրտ և զուսպ կանայք չկան: Ավելին, նրանց մոտ ավելի լավ է զարգացած ինքնապաշտպանության բնազդը, ինչն էլ պատճառ է դառնում  ավելի ուշադիր վարել մեքենան»,- ասում է նա և շտապում ավելացնել, որ տղամարդկանց շարքում վատ վարորդների պակաս ևս չեն զգում:

Անհրաժեշտությունը և պարզապես ցանկությունն ու նորաձևության հետ քայլելու մոլուցքը պետք է կարողանալ տարանջատել միմյանցից: Պետք է հասկանալ, որ մեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց: Իսկ վարորդական իրավունքը պարզապես նվեր ստացած մեքենայի բաղկացուցիչ մաս չպետք է լինի: Եթե փորձում և այդպես էլ չեք կարողանում վարել մեքենա, կամ սովորել երթևեկության կանոնները, փորձեք փնտրել այլ փոխադրամիջոց՝ խուսափելով և´ ձեր, և´ մյուսների կյանքը վտանգի ենթարկելուց:

 

Մերի Մանվելյան

5-րդ կուրս

 

Կիսվել