«Մենք կենդանի ենք մեր ու շատ ու շատ այլ Սամվելների շնորհիվ»

«Մենք կենդանի ենք մեր ու շատ ու շատ այլ Սամվելների շնորհիվ»

934

«Ես էլ կծիծաղեմ, կշարունակեմ ապրել, բայց սրտիս ցավը երբեք չի անցնի։ Ասում են՝ կյանքը շարունակվում է, բայց մեզ համար կյանքը կանգ է առել»։ Այսպես սկսեց խոսել հերոսի քույրը իր եղբոր՝ Սամվելի մասին, որն անմահացավ Արցախյան երկրորդ պատերազմում։

Սամվել Խաչատրյանը ծնվել է 2002թ.-ի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ Սամվելի մայրը հուզմունքով է հիշում տղայի մանկությունը,  առաջին բառերն ու իր կողմից արված ուղղումները. «Տղաս, երբ նոր-նոր սկսել էր խոսել, շատ բառեր, ոնց բոլոր երեխաները սխալ էր ասում, օրինակ մամայի փոխարեն միշտ ասում էր Լալա, էնքան քաղցր էր հնչում էդ Լալան, բայց ես միշտ փորձում էի ուղղել, ասում էի՝ Սամ ասում ենք ոչ թե Լալա, այլ մամա»։

Սամվելը սովորել է Բենիամինի միջնակարգ դպրոցում,  ութ տարի սովորելուց հետո  կրթությունը շարունակել սպորտդպրոցում. «Եղբայրս շատ մեծ սիրով սովորում  էր նաեւ Գյումրու Օլիմպիական դպրոցում, զուգահեռ հաճախում թեթեւ աթլետիկայի, որտեղ նույնպես ստվերում չէր մնում, գրանցում էր անթիվ հաջողություններ, արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի»։

Սամվել Խաչատրյանը 2020թ.-ի հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղ։ Քրոջ խոսքով` հուզմունքով բայցեւ մեծ ուրախությամբ են Սամվելին բանակ ճանապարհել. «Այդ օրը, որքան էլ մտածում էինք կարոտի մասին, ամեն բան անում էինք, թաքցնում հուզմունքը, որ Սամվելը չզգա ոչինչ, բոլորս բարձր տրամադրությամբ եղբորս ամռանը  բանակ ճանապարհեցինք»։Սամվելը ծառայության մասին խոսելիս երբեք չի դժգոհել ոչնչից, ընտանիքի անդամներին բանակից միշտ միայն լավն է պատմել. «Նախ բանակից միշտ բարձր տրամադրությամբ էր զանգում, ասում էր, որ շատ է սիրում էն տեղը, որտեղ ծառայում էր, բանակի ուտելիքի մասին միշտ տարբեր կարծիքներ ենք լսում, բայց Սամվելը ուտելիքից էլ գոհ էր շատ»։

Սամվել Խաչատրյանը պատերազմական գործողություններին մասնակցել է պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից։ Հարազատները սկզբում կարծել են, որ տղային դիրքեր չեն տանի, քանի որ ամռանն էր բանակ զորակոչվել՝ նորակոչիկ էր, բայց հետո հենց Սամվելից իմացան, որ կռվի դաշտում է. «Հոկտեմբերի 2-ին զանգեց, երկար խոսեցինք, ասաց ապահով է, ամեն ինչ լավ է, մեզ հանգստացրեց, որ  չանհանգստանանք, բայց մենք անգամ չգիտեինք, որ հրետանավոր է եւ դիրքերում  է արդեն»։ Այդ օրը Սամվելը հասցրել է խոսել բոլորի հետ, նաեւ զանգել է ՌԴ-ում գտնող հորը. «Տղայիս հետ այդ օրը երկար չհհասցրինք խոսել, մոտ մեկ րոպե խոսեցինք, ասեցի ամենակարեւորը դուխով եղիր տղես»։ Հարազատների հետ կապի դուրս գալուց ճիշտ մեկ օր անց՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 14։00-ի մոտակայքում, թշնամու արկը դիպչել է Սամվելի մոտ գտնվող հրետանուն եւ նրա հարվածից էլ զոհվել է հերոսը, հարազատները դեպքի մասին իմացել են հինգ օր անց՝ հոկտեմբերի 8-ին։

Սամվելի քույրը պատմում է, որ միշտ անհամբեր սպասում էր եղբոր զանգերին, նրա համար դրանց նշանակությունն էլ ավելի էր մեծանում, երբ գիտակցում էր, որ եղբայրը զինվոր է. «Միշտ անհամբեր սպասել եմ, թե երբ է եղբայրս զանգելու, որ զանգում էր, միշտ առանձնանում էի բոլորից ու ասում, որ շատ եմ սիրում իրեն, շատ եմ կարոտում ու զգում իր կարիքը»։

Տատիկը Սամվելին իր հարազատ տղայի պես է միշտ սիրել ու դեռ փոքրուց տղային տվել իր անսահման ուշադրությունը. «Կյանքիցս առավել սիրել եմ Սամվելին։ Իրա մաման, որ հաց կդնե,ր կասեի կարողա երեխեն քիչ կերավ, ասում էր ինչ տարբերություն դու ես հացը տալիս, թե ես, դե ես որպես տատիկ գիտեի թե, որ իրա մաման հացը կտար Սամվելս չեր կշտանա, ես էլ իմ կողմից էի ուզում անեի»։

Սամվելի մոտ ընկերը՝ Արման Բերբերյանը մինչ այժմ չի կարողանում հաշտվել ընկերոջ բացակայության հետ. «Ես ու Սամվելը միասին սովորել ենք հինգ տարի, բայց էդ մեզ մի ամբողջ կյանք ա թվացել։ Սամը իմ համար ընկերոջից էլ առավել է միշտ եղել, հալալ ախպոր պես, ու հիմա, երբ ինքը չկա, շատ դժվար ա բոլորիս համար»։

Հերոսի անսահման համեստության ու Սամվելի հետ իր հուշերի մասին պատմեց նաեւ Սամվելի աթլետիկայի մարզիչը. «Սամվելը բոլորի կողմից սիրված էր, բոլորին միշտ օգնում էր՝ պատճառը տղայի անսահման ընկերասիրությունն էր ու անկեղծ նվիրումը։ Մրցումներին, երբ առաջին տեղն էր զբաղեցնում, ասում էի, որն ա պատճառը, որ կարում ես հաղթես, ասա ամեն մրցումից առաջ հիշացնեմ ջղայնացի հաղթի, ասում էր, որ ինքն էլ չգիտի, կմտածի կասի։ Հաջորդ օրը հարցրի մտածել ա, ասեց, որ մտածելա հաղթելու մասին ու հենց մտածելուց ա ջղայնացել ու հաղթել»։

Սամվելի հորեղբոր խոսքով, վիշտը անասելի  մեծ է, բայց իրենց սփոփողը իրենց հերոսից տրված հպարտությունն է. «Սամվելը հերոս է մենք հպարտանալու տեղ ունենք, ճիշտ է, վիշտը մեծ է, թե´ ծնողների ու թե ´մեր համար, բայց մենք էնքանով ենք հպարտ, որ ամեն տեղ կարող ենք փառաբանել մեր հերոսին, մեր Սամվելին, որովհետեւ մենք կենդանի ենք հենց Սամվելի ու շատ ու շատ այլ Սամվելների շնորհիվ»:

Սամվել Խաչատրյանին հետմահու շնորհվել է «Արիության համար» մեդալ։

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել