ԳՐԱԳԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱԲԻՏԱՐ ԻՄԻՋԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ԳՐԱԳԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱԲԻՏԱՐ ԻՄԻՋԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

5649

Մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով: Այս միտքը, թերևս, բոլորիս է հայտնի, բայց հարկ է նշել, որ կան ոլորտներ, որտեղ ոչ պակաս կարևոր է նաև հագուկապը, քանի որ, ինչպես հոգեբաններն են փաստում, մարդկանց մասին կարելի է դատել նաև իրենց արտաքինով կամ այլ կերպ ասած` հաբիտար իմիջով:

Այսօր մեր քաղաքական դաշտում աչքի ընկնող կին քաղաքական գործիչների իմիջին անդրադառնալով` պիտի փաստենք, որ ոչ բոլորն են հոգ տանում իրենց արտաքինի մասին  և հավուր պատշաճի ներկայանում հանրությանը, ինչն էլ հանգեցնում է տվյալ քաղաքական գործչի լավ կամ վատ ինքնաներկայացմանն ու հասարակության կողմից նրա կերպարի ընկալմանը:

Լրագրողական հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողները հիմնականում առանձնացնում էին Արփինե Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանին, Հրանուշ Հակոբյանին և Շուշան Պետրոսյանին:

Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հաբիտար իմիջին, կարող ենք միանշանակ ասել, որ նա այն քիչ կին քաղաքական գործիչներից է, ով միշտ խնամված տեսք ունի, հետևում է իր հագուկապին: Ակնհայտ է, որ մեր նախարարը սիրահար է գունային բազմազանության, նախընտրում է կրել վառ գույնի կոստյումներ, գրեթե միշտ դասական ոճի մեջ է, վառ կոստյումները մեծ մասամբ համադրում է սպիտակ վերնաշապիկների հետ:

Կարելի է ասել, որ Արփինե Հովհաննիսյանը տաբատների սիրահար չէ, որովհետև նրան շատ հաճախ կարելի է տեսնել նեղ կիսաշրջազգեստներով, որոնք ամբողջովին ընդգծում են նրա կազմվածքը:

Նա երբեք ականջալուր չի լինում, թե ինչ կխոսեն նրա արտաքին տեսքի մասին. կարևորը ինքն իրեն հարմար և գեղեցիկ զգա և չնայած ինքն ասում է` երբեք պարտադրված չի հետևում նորաձևության տենդենցներին, կրում է այն, ինչն իրեն դուր է գալիս, իրականությունն այլ բան է փաստում:

Փորձելով անդրադառնալ յուրաքանչյուրի իմիջին` զրուցեցինք մասնագետների հետ: Իմիջ-մեյքեր Էլինա Ասրիյանը նշեց, որ վերը նշված բոլոր կանանց իմիջն էլ, ընդհանուր առմամբ, սպոնտան է. «Արփինե Հովհաննիսյանը շեշտը դնում է հաբիտար իմիջի տարրերի վրա, խոսքը շատ դիրեկտիվ է, ինչն ավելի բնորոշ է դասախոսին կամ ուսուցչին»:  Հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով էլ նշված քաղաքական գործիչներից ամենալավը Արփինե Հովհաննիսյանն է կարողանում հետևել իր թե՛ իմիջին, թե´ վերբալ և ոչ վերբալ հաղորդակցման համապատասխանելիությանը և թե՛ հաբիտար իմիջին ընդհանրապես, ինչն ապահովում է նրա՝ որպես քաղաքական գործչի ազդեցիկ ինքնաներկայացմանը. «Իմ կարծիքով սա նշանակում է, որ եթե նույնիսկ նրա  հետ իմիջ-մեյքերները չեն աշխատում, Արփինե Հովհաննիսյանն ունի համապատասխան անհրաժեշտ գիտելիքներ քաղաքական գործչին հարիր կեցվածք դրսևորելու համար»:


Ուսումնասիրելով Զարուհի Փոստանջյանի հաբիտար իմիջը` կարող ենք ասել, որ նա Արփինե Հովհաննիսյանի նման շատ է կրում վառ գույնի կոստյումներ. նրա դեպքում  այն տեսակի աշխուժության, ակտիվության մասին է խոսում: Նախընտրում է նաև, սև և սպիտակ գույները, որոնք  առավել գերակշռողն են վերջինիս առօրյայում:

Սփյուռքի նախարարի հաբիտար իմիջին անդրադառնալով` փաստենք, որ նախարարը միշտ հանդես է գալիս դասական ոճով իր տարիքին համապատասխան, հիմնականում գերակշռում են դասական սև, սպիտակ և կարմիր գույները: Նախարարին գործնական կամ առօրյա հանդիպումներին գրեթե անհնար է տեսնել տաբատով կամ ազատ հագուստով, միշտ ունի ներկայանալի տեսք, չնայած, որ նորամուծությունների սիրահար չէ:

Միշտ բարձրակրունկներով է ներկայանում ամեն տեսակ հանդիպումներին. կարելի է հետևություն անել, որ քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանն անում է ամեն ինչ կանացի կերպարում մնալու և իր քիչ թե շատ ‹‹առնականության›› կարծրատիպը կոտրելու համար:

Անդրադառնալով Հրանուշ Հակոբյանին և Զարուհի Փոստանջյանին Էլինա Ասրիյանը նշեց այն հանգամանքը, որ Սփյուռքի նախարարը մարմնավորում է մոր արքետիպային կերպարը. ‹‹Այսօր հարցումների համաձայն Հ. Հակոբյանն ընկալվում է որպես հոգատար մայր փախստականների համար, սակայն կոնկրետ թիրախային լսարանի համար››:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի դիտարկմամբ էլ մեր նախարարը դասական հագուստի սիրահար է. ‹‹Հագուստի հարցում նախապատվությունը տալիս է գունային միատոն բազմազանությանն ու դասականությանը, սիրում է կրել կրծքազարդեր, ինչը քիչ թե շատ բազմազանություն է հաղորդում հաբիտար իմիջին››:

Հոգեբանի կարծիքով Զարուհի Փոստանջյանն այն քաղաքական գործիչն է, ով առօրյայում կրում է ամենօրյա հագուստ, իսկ աշխատավայր (ԱԺ) գրեթե չի ներկայանում քաղաքական գործչին ոչ հարիր կերպարով, իսկ իմիջ-մեյքեր Էլինա Ասրիյանը նշում է. ‹‹Զարուհի Փոստանջյանն ունի հոգեբանության մեջ հայտնի դեմոնստրատիվ շեշտվածություն ունեցող անձի իմիջային ռազմավարություն՝ վառ հագուստ, էպոտաժային վերբալ և ոչ վերբալ իմիջ››:

Շուշան Պետրոսյանի հաբիտար իմիջին անդրադառնալով պիտի նշենք, որ ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների, ովքեր քիչ թե շատ հետևում են նորաձևության տենդենցներին, փորձում են իրենց պաշտոնին հարիր պատշաճ տեսք ունենալ և հիմնականում դասական ոճի մեջ են, ապա նա կրում է այն, ինչ իրեն է հարմար և հիմնականում նախապատվությունը տալիս է ավելի ազատ, հանգիստ հագուկապին: Հոգեբանները գտնում են, որ սպորտային հագուստ կրելը լավագույն և հեշտ միջոցն է ինքնավստահ և հաջողակ մարդու տպավորություն թողնելու համար: Մի կողմից դա ինքնավստահություն է ներշնչում, մյուս կողմից բավականաչափ ջանքեր է պահանջում: Հագուստը, ձեր մասին կարող է սխալ կարծիք ստեղծել, որ դուք ծույլ մարդ եք:

Իմիջ-մեյքերի կարծիքով Շուշան Պետրոսյանը չի ընկալվում որպես քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ նրա վարկանիշը իբրև սիրված երգչուհի տուժեց քաղաքականություն մուտք գործելուն պես: Հոգեբան Սաթեն Գրիգորյանն էլ ի հավելումն այս կարծիքին` նշեց, որ հանրության վերաբերմունքը վերջինիս հանդեպ որպես երգչուհի առավել դրական էր, քան` որպես քաղաքական գործիչ,  քանի որ նա չունի ո´չ քաղաքական գործչին հարիր իմիջային կեցվածք և ո´չ էլ քաղաքական ոլորտի բավարար գիտելիքներ, ինչի արդյունքում էլ ձևավորվում է հասարակության անլուրջ վերաբերմունքը նրա հանդեպ՝ որպես քաղաքական գործիչ. «Տպավորություն է, թե երգչուհին գնում է ոչ թե Ազգային Ժողով, այլ դուրս է գալիս զբոսանքի։ Նրան հազվադեպ կարելի է տեսնել աշխատավայրին հարիր հուգուկապով, ինչն էլ բացասական տեսանկյունից անդրադառնում է նրա վարկանիշի վրա››։

Անհրաժեշտ է հետևել արտաքին տեսքին: Քաղաքական գործիչը պետք է  լինի կոկիկ, զուսպ հագուկապով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դասական տարբերակը  միշտ հաղթող է դուրս գալիս, քանի որ այն ամենահարմարն է կյանքի բոլոր առիթների համար: Նախապատվությունը տալով դասական ոճին, պետք է  փորձել կերպարը համապատասխանեցնել դասականին: Անհատականությունն ընդգծելու համար կարելի է ժամացույց, ակնոց կամ այլ աքսեսուարներ կրել, ինչպես նաև՝ բարձրակրունկ կոշիկները, որոնցով կարելի է մեծ տպավորություն թողնել:

 

 

Լիլիանա Օսիպյան

4-րդ կուրս

Կիսվել