«Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում ապրիլի 28-ին մեկնարկած «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա ցուցահանդեսը շարունակվում է: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ ներկայացնում են իրենց կրթական ծրագրերը:
«Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տեղեկացնել գործող կրթական ծրագրերի մասին, նպաստել կրթօջախների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը:
ԵՊՀ-ն ցուցահանդեսին ներկայանում է առանձին տաղավարով, որտեղ տարբեր ֆակուլտետների ուսանողներ ներկայացնում են իրենց ֆակուլտետի գործունեությունը, կրթական ծրագրերը, հնարավորություններն ու հեռանկարները: Ցուցահանդեսի երկրորդ օրը Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացրին «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտները, որոնք մեծ ոգևորությամբ ավագ դպրոցների աշակերտներին և այցելուներին պատմում էին ֆակուլտետի առավելությունների մասին, կիսվում էին իրենց սեփական փորձով և ցուցադրում էին ֆակուլտետի դասախոսական կազմի հեղինակած մասնագիտական գրքերը:
««Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսը լավ հարթակ է, որտեղ կողք կողքի ներկայացաված են մի շարք ուսումնական հաստատություններ: Այցելուների մեծ մասը ավագ դպրոցների աշակերտներն են: Դիմորդներն այստեղ ստանում են բուհերի, իրենց նախընտրած մասնագիտությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ»,- ասում է մաագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը, և պատմում, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներից ձևավորվել է PR խումբ, որի անդամները էքսպոյի շրջանակում ներկայացրել են ֆակուլտետը և մագիստրոսական ծրագիրը:
Միլենայի խոսքով սա և՛ լավ առիթ էր հանդիպելու, ծանոթանալու այլ բուհերի ներկայացուցիչների հետ, և՛ կարևոր փորձառության հնարավորություն ապագա PR մասնագետների համար:
Ցուցահանդեսի շրջանակում «Որակյալ կրթություն և ուսանողակենտրոն միջավայր» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Նա մի շարք դպրոցականների ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, խոսեց տարբեր ծրագրերի մասին և զուգահեռաբար ցուցադրեց ֆակուլտետի մասին պատմող սահիկաշարը, ինչն ավելի պատկերավոր դարձրեց իր խոսքը: Բանախոսության ավարտին աշակերտները դիտեցին «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի մասին պատմող տեսանյութ:
Էմմա Մամունցը, ով ևս «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող է, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ է տեղափոխվել Արցախի պետական համալսարանից ու ասում է, որ իր բոլոր ակնկալիքներն արդարացվել են. «PR մագիստրոսական ծրագիրն ինձ տվեց ինքնադրսևորվելու, արտահայտվելու, չեղած կապանքներից ազատվելու հնարավորություն: Այստեղ ես զգում եմ ինձ իմ ափսեի մեջ և օր օրի բացահայտում եմ նոր Էմմային, ով ինձ սկսել է շատ դուր գալ: Ես անասելի շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին, որոնք ստեղծում են նման ջերմ մթնոլորտ: Ինչ խոսք, սպասելիքներս արդարացված են: Այլևս միայն առաջ ՝ նոր գիտելիքներ, նոր ձեռքբերումներ»:
Իննա Թումանյան
մագ. 1-ին կուրս