Վերջին շրջանում քաղաքացիները հաճախակի են դիմում ընտանեկան նպաստի կապակցությամբ: Ընտանեկան նպաստի ծրագիրը գործում է արդեն 10-րդ տարին, այն սոցիալական աջակցության հասցեական ծրագիր է՝ ուղղված աղքատ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանը: Հասցեականություն ասելով՝ այս պարագայում հասկանում ենք, որ ծրագրում պետք է ընդգրկվեն աղքատ ընտանիքները: Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե ո՞ր ընտանիքն է աղքատ.ակնհայտ է, որ ընտանիքի նյութական աղքատության մակարդակն անմիջականորեն կապված է ընտանիքի եկամուտների հետ, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չեն մեր երկրում ստվերային տնտեսության առկայությունը եւ բնակչության (կամ ընտանիքի) փաստացի եկամուտների հաշվառման դժվարությունները: Ուստի և այս տարիների ընթացքում կիրառվում է ընտանիքի անապահովության գնահատման այլ եղանակ, երբ օգտագործվում են աղքատությունը բնութագրող անուղղակի ցուցանիշներ:
Հայաստանում համավարակի տարածումը և պատերազմը ծանր հետևանքներ թողեցին ոչ միայն երկրի տնտեսական ու սոցիալական, այլ նաև մի շարք այլ ոլորտների վրա: Այն նաև չշրջանցեց անապահով ընտանիքների խնդիրը: Չնայած նրան, որ իշխանությունները շարունակում էին աջակցություններ տրամադրել անապահով ընտանիքներին, միևնույն է դրանք անարդյունավետ եղան: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
«Պաշտոնական վիճակագրություն չեմ կարող նշել, թե որքան ընտանիք տուժեց թագավարակի և պատերազմի ժամանակ: Բայց կարող եմ նշել, որ Կառավարությունը թագավարակի հետևանքների հաղթահարման ծրագրերի շրջանակներում ծախսել է շուրջ 320 մլն դոլար: Գումարի կեսը սուբցիդավորվեց բիզնեսի վարկերը, իսկ մյուս մասը այն աշխատողներին, ովքեր կորցրեցին իրենց աշխատանքը, կամ նրանց, ում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր՝ պայմանավորված կարանտինային իրավիճակով: Իսկ պատերազմին մենք թույլ տնտեսություն ունեինք: Հետևաբար պատերազմն էլ իր հերթին բացասական ազդեցություն թողեց տնտեսության վրա»,-այս մասին զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով 2020 թվականի ՀՀ-ի տնտեսական անկումների մասին:
Ըստ Պարսյանի՝ 2021թ.-ին տնտեսական ոլորտում սպասումները բացասական են, քանի որ 2020թ.-ը փակեցինք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ,-«2020թ.-ին մոտ 10%-ի չափով քիչ հարկեր հավաքագրեցինք: Դրանով է պայմանավորված, որ կառավարությունը ցանկանում է նոր հարկեր սահմանել՝ առողջապահության, կրթության ոլորտներում»:
Տնտեսագետը ներկայացրեց, թե համավարակի ընթացքում ինչ չափի աջակցություններ են տրամադրվել քաղաքացիներին, վերջինիս խոսքով՝ աշխատանք կորցրածներին տրամադրվեց 68 հազարից մինչև 136 հազար ՀՀ դրամ: Տրամադրվեց նրանց, ում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր: Պետությունը աջակցեց նաև այն ընտանիքներին, որոնք 2 և ավելի երեխաներ ունեին կամ երեխայի էին սպասում,-«Կարող եմ փաստել, որ այդ 320 մլն դոլարը, որը ծախսվեց 2020թ.-ի ընթացքում, բավական ցածր արդյունավետություն էր: Շատ ընտանիքներ չկարողացան իրենց նվազագույն պայմանները հոգալ: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ գործող իշխանությունները մտածում էին, որ թագավարակով պայմանավորված ճգնաժամը 1-2 ամիս է տևելու: Բայց իրականում այս ճգնաժամը 1 տարի է կա և կարծում եմ, որ այն կշարունակվի 2021թ.-ին»:
Պարսյանի պնդմամբ՝ մենք այս 11 ամիսների ընթացքում ունենք 7.2% տնտեսական անկում, որն իր նմանը չի ունեցել անգամ վերջին 12 տարիների ընթացքում: 2021թ.-ին ՀՀ պետական բյուջեն 7%-ով ավելի քիչ է քան 2020թ.-ին, – «2021թ.-ին 700մլն պարտք է հավաքագրվելու՝ Ասիական բանկից, Եվրոպական բանկից և այլ կազմակերպություններից»:
Տնտեսական ծանր իրավիճակի հետ զուգահետ օր օրի երևացող թանկացումների մասին Պարսյանը նշեց, որ իրականում, թանկացումները կանխատեսելի են՝ նկատի ունենալով դրամի արժեզրկումը, իսկ այն մի քանի շաբաթվա ընթացքում արժեզրկվեց 7-8%-ով:
«Խնդիրն այն էր, որ ՀՀ բնակչությունը պատրաստ չէր այս թանկացմանը: Կառավարությունը պետք է վերանայեր սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, ինչպես նաև տեղական արտադրանքը պետք է խրախուսվեր»,-ընդգծեց նա:
Անժելա Ոսկանյան
4-րդ կուրս