ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ «ՍԻՍԱԿԱՆ» ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԷՐ

ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ «ՍԻՍԱԿԱՆ» ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԷՐ

1917

Մայիսյան տոներին ընդառաջ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դեկանի՝ Նաղաշ Մարտիրոսյանի հրավերով հյուրընկալվել էին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը, և yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, «Օրակարգից դուրս» հաղորդաշարի վարող Ագնեսա Խամոյանը: Հանդիպումը կայացավ «Եղիշե Չարենց» սրահում՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մասնակցությամբ:

Արցախյան պատերազմի  մասնակից գնդապետ Աշոտ Մինասյանը հպարտանում է, որ իր երիտասարդությունը նվիրաբերել է հայրենիքի ազատագրման գործին: «Ես հպարտ եմ, որ գալիք սերնդին թեև աղքատ, սակայն անկախ երկիր, հայրենիք ու պետություն եմ թողնում»:

Այդ ամենն Աշոտ Երկաթին հաջողվել է հարազատ մարդկանց, այդ թվում՝ 23-ամյա եղբոր արյան գնով: «Սիսական» գնդի հրամանատարը յուրաքանչյուր հայորդու կորուստն իր ցավն է համարում: Արցախյան ազատամարտով նա չի ավարտել իր ծառայությունը հայրենիքին: Ապրիլյան պատերազմի օրերին 2 ավագ որդիների հետ կրկին սահմանին էր:

Աշոտ Մինասյանը վերջերս Ագնեսա Խամոյանի զրուցակիցն էր: Լրագրողն ուսանողներին պատմեց, թե ինչպես է պատրաստվել նրա հետ հարցազրույցին, ինչ դժվարությունների է հանդիպել: Ագնեսան որոշել էր կենտրոնանալ հյուրի կերպարի վրա, և հարցազրույցի ընթացքում հուզական առումով հեշտ ճանապարհ չէր սպասվում:

«Պարոն Մինասյանն ասաց, որ պատերազմից հետո մի անգամ է գիշերը հանգիստ քնել՝ մոր և եղբոր գերեզմանների արանքում: Ես ներողություն խնդրեցի ու դուրս եկա: Նման մարդկանց հետ հարցազրույցները չպիտի լինեն պաթոսով: Պետք չեն բարձրագոչ բառեր ու արտահայտություններ, սրտաճմլիկ ձևակերպումներ. պետք են անկեղծ բառեր»,- ասաց Ագնեսան:

Հանդիպման ընթացքում հնչեցին Աշոտ Մինասյանի բանաստեղծությունները՝ հեղինակի և ուսանողների ընթերացմամբ: Սիրելի հյուրը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

Թամարա Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել