Մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը։ Լսարանում կողք կողքի են ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Նորայր Մարությանի (Արցախյան առաջին պատերազմի մասնակից), Վաչագան Մանուկյանի, Սլավա Բադալյանի և Աշոտ Խաչատրյանի լուսանկարները:
Միջոցառմանը ներկա էին հերոսների ծնողները, հարազատները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, մեծաթիվ հյուրեր:
Բացման խոսք ասաց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը.
«Ոգեկոչումի, փառաբանումի և խոնարհումի այս օրը մեզնից յուրաքանչյուրի համար յուրահատուկ խորհուրդ ունի: Մեր լույս տղաները մեզ ի մի են բերել, որ խորհենք ու խոսենք ապագայի մասին: Խոսենք իրենց հզոր երազանքները կյանքի կոչելու դժվար ուղիների մասին: Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով և բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»:
Միջոցառման ընթացքում ծնողները, հարազատները և դասախոսները հիշեցին հերոսների կյանքից դրվագներ և հույս հայտնեցին, որ այս չորս հերոսների կողքին չեն ավելանա նորերի անուններն ու նկարները:
Որպես ամփոփում՝ ազատամարտիկ Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հանդես եկավ իր բանաստեղծությամբ.
«…Հիշում է անցած ոսկի աշունը,
Երբ ընկերներով տվին երդում,
Եվ խրոխտ մի ձայն
հեռվից հասնում է.
– Զինվո՛ր, մենակ չես դու
այս մարտում…»:
Լսարանը կահավորված է արդիական չափանիշներով: Առկա բոլոր հնարավորություններից կօգտվեն ժուռնալիստիկայի և Եվրոպական լեզուների և հաղորդակցությա ֆակուլտետների ուսանողները:
Արմինե Սահակյան