ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ. ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿՆ ԱՌՈՂՋ Է

ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ. ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿՆ ԱՌՈՂՋ Է

2720

Բոլոր կանայք են ցանկանում գեղեցիկ և գրավիչ տեսք ունենալ: Գեղեցիկին հասնելու ձգտման ճանապարհին անհնարին է շրջանցել կոսմետիկ միջոցները: Դրանց դասակարգումը կատարվում է ելնելով նրանց օգտագործման սկզբունքներից, քանի որ կոսմետիկան մարմնի և մաշկի հիգիենայի անբաժանելի մասն է, ապա կոսմետիկ միջոցների դասակարգումը կատարվում է հետևյալ ձևով`

  • Հիգիենիկ միջոցներ
  • Դեմքի մաշկի խնամքի հատուկ միջոցներ
  • Ձեռքի մաշկի և եղունգների խնամքի հատուկ միջոցներ
  • Գեղազարդ կոսմետիկ միջոցներ
  • Մազերի խնամքի միջոցներ
  • Օծանելիք և անուշաբույր ջրեր

Իսկ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել անորակ կոսմետիկայի օգտագործումը. բժիշկ-կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը մեզ հետ զրույցում նշեց.

-Կոսմետիկ միջոցները շատ հաճախ վնասում և ծերացնում են մարդկանց մաշկը, այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում մաշկի ձգումներ անելու, ինչը, ճիշտ է, էֆեկտիվ է, բայց դա էլ իր վնասակարությունն ունի: Գրագետ կոսմետիկայի ընտրությունը կարևոր է, այդ դեպքում վնասակարությունը հասնում է մինիմալի:

Որոշ մասնագետներ արհեստական արևարյուքը (սոլյարի) ևս կոսմետիկ միջամտությունների շարքին են դասում: Այն ծովափին ստացած արևարյուքից դժվար է տարբերել և շատերը դիմում են սոլյարիի հենց այդպիսի տպավորություն ստեղծլու համար, հաճախ չգիտակցցելով կամ անտեսելով այն հանգամանքը, որ այն վնասակար ազդեցցություն կարող է ունենալ մարդու մաշկի վրա: Դրա չարաշահումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման` որոշ դեպքերում էլ չարորակ:

Անին տարիներ շարունակ գեղեցիկ մաշկ ունենալու համար դիմել է սոլյարիի, բայց այժմ պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ.

-Գեղեցիկ և համաչափ արևարյուքը շատերի պես ինձ ևս գրավում էր, ծանոթներս հաճախ էին ինձ խորհուրդ տալիս չօգտվել, բայց ես չէի լսում, իսկ այժմ արդեն երեք վիրահատություն եմ տարել մաշկիս խնդիրները լուծելու համար:

Ինչո՞ւ է ցանկալի խորհրդակցել մասնագետի հետ. շատերին թվում է, որ կոսմետիկայի ընտրությունը բարդ չէ, ի՞նչ խնդիր կա, կվերցնեն այն ինչ իրենց դուր է գալիս և գեղեցիկ է. վերջ, ընտրությունն արված է: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Մաշկաբան Լուսինե Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց.

-Ցանկացած կոսմետիկ միջոց ընտրելիս կարևոր է, որ այն լինի մաշկի որակին ու առանձնահատկություններին համապատասխան: Յուրաքանչյուր մաշկ ունի իր առանձնահատկությունները և շատ հաճախ խանութներում գտնվող բազմազանության մեջ դժվար է ճիշտ ընտրություն անելը:

Եվ ինչպե՞ս ճիշտ ընտրել կոսմետիկ միջոցներ. բժիշկ-կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը մատնանշեց մի քանի առանցքային խնդիրներ, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել կոսմետիկա ընտրելիս:

  • Կրեմի տուփի լավագույն ձևը պլաստմասե երկարավուն անոթն է, որի մեջ քսուքը ավելի լավ է պաշտպանված միկրոբներից: Եթե այնուամենայնիվ ընտրել եք այլ տիպի փաթեթավորմամբ կրեմ, ապա օգտագործման ողջ ընթացում մի հանեք կափարիչի տակ փակցված պոլիէթիլենային կամ պլաստմասե շերտը, քանի որ այն ունի պաշտպանիչ նշանակություն:
  • Հիշե´ք՝ կրեմը չպիտի պարունակի խառնուրդներ, օտար մարմիններ, կոշտ մասսա, կրիստալներ: Մակերևույթին չպիտի լինի աչքի ընկնող դեղին փառ կամ կուտակված ջուր:
  • Ուշադրություն դարձրեք, թե կա արդյոք տուփի վրա ամբողջական ինֆորմացիա ապրանքի մասին: Պարտադիր է, որ տուփի վրա գրված լինի ոչ միայն կրեմի բաղադրությունը, այլև ուրիշ տեղեկություններ, օրինակ՝ օգտագործման ժամկետը, սերտիֆիկացումը, արտադրող ընկերության հեռախոսահամարն ու հասցեն, օգտագործման ամենաընդունելի ձևը:
  • Եթե տուփի վրա բաղադրության փոխարեն գրված է, օրինակ, «պատրաստված է հին, տնական բաղադրատոմսով», ապա ռիսկի մի դիմեք գնել այդ ապրանքը:
  • Աշխատեք ընտրել կրեմ հնարավրինս թույլ հոտով:
  • Ընտրեք քիչ յուղայնությամբ քսուք, որպեսզի չխցանեք դեմքի օդափոխանակությունն ապահովող ծակոտիները:
  • Խուսափեք 3 և ավել տարի օգտագործման ժամկետ ունեցող քսուքներից:

 

Հասմիկ Եղիազարյան

5-րդ կուրս

Կիսվել