ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ

4069

Ժողովրդական իմաստությունն ասում է. «Հաց ունես՝ ամեն ինչ ունես: Կուզես ճանաչել մարդուն՝ հետը հաց կիսիր»։
Հացը մեր կյանքի կենսական հիմքն է հանդիսանում: Մարդն առանց հաց ուտելու չի կարող գոյատևել: Այսօր մարդկանց ֆինանսական վիճակը դժվարացել է, և մարդիկ իրենց զրկում են կյանքի շատ հաճույքներից, ինչու չէ, նաև լավ սննդամթերքից, բայց հացից զրկել իրենց չեն կարող:
Հաց ստանալու համար կան պատրաստման տարբեր եղանակներ: Հացի որակի ցուցանիշներից են արտաքին տեսքը, համը, հոտը, ինչպես նաև խոնավությունը, թթվայնությունը:
Հայաստանում տարածված հացատեսակներից են՝ բոքոնը, մատնաքաշը, լավաշը:
Այցելեցինք Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Վահան Թադևոսյան ԱՁ հացի արտադ¬¬րամաս: Խոսեցինք հացաթխման արտադրամասի սեփականատեր Վահան Թադևոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու հացի գների, պահանջարկի, մրցունակության հետ կապված խնդիրների շուրջ: Պարոն Թադևոսյանն ասաց, որ հացը փռից իրենք խանութներին են տալիս 130 դրամով, իսկ խանութները այդ նույն հացը վաճառում են 150-160 դրամով:
«Ցավով պետք է ասեմ, որ այսօր հացի պահանջարկը մեր փռում մի փոքր նվազել է, որովհետև շուկայում շատ են հայտնվել այլ հացաթխման արտադրամասեր, և առաջացել է մրցակցություն: Իսկ շուկայում հաղթող դուրս գալու համար, պետք է չգցել հացի որակը, քաշը»:
Իմ այն հարցին, թե օրական քանի՞ հաց են թխում և առաքում խանութներ, պարոն Թադևոսյանն ասաց. «Դե, ես կարող եմ միջինով ասել, որ օրական 12 խանութի մենք տալիս են մոտ 200-300 հատ հաց (0.5կգ)»:
Զրուցեցինք նաև սպառողների հետ, ովքեր իրենց բողոքները ներկայացրին հացի գների վերաբերյալ: Իրենց խոսքով՝ հացի գները բարձրացնում են, բայց դրա հետ մեկտեղ՝ հացը օր օրի փոքրացնում:
«Ախր ես ի՞նչ ասեմ, ամեն օր ամենաքիչը 1000 դրամ փող ենք ծախսում ու նորմալ էլ չենք կշտանում: Հացերը շատ են փոքրացրել, լավա գոնե 20 դրամով էժանացրել են: Եթե առաջ «հրազդան» հացը գնում էինք 180 դրամ, հիմա, նույն հացն արժի 160 դրամ. բոլորս էլ տեսնում ենք, որ էժանացրին, բայց դե մեջը օգուտ չկա»:
Խոսեցինք նաև տարեց տատիկի հետ, ով տանը մենակ է ապրում և ամեն օր գնում է հաց և, ինչպես ինքն է նշում, միայն այդ հացի գնին է ծանոթ:
«Ես ամեն օր մեկ «ծաղիկ» հաց եմ գնում, ընդամենը 120 դրամ, ու ինձ լրիվ հբավարարում է: Ես հացի գնից չեմ բողոքում»:
Բայց այս ամենը սպառողների կարծիքն է: Մենք փորձեցինք նաև համեմատական անցկացնել խանութներում եղած հացերի գների միջև: Այցելեցինք 4 խանութ և ծանոթացանք «հրազդան», «մատնաքաշ», «ծաղիկ» հացերի գներին: «Մատնաքաշ» և «ծաղիկ» հացերը 4 խանութներում էլ նույնն արժեքն ունեին. «մատնաքաշ» մեծը՝ 250 դրամ, փոքրը՝ 150դրամ, «ծաղիկ» հացը՝ 120դրամ: Այ իսկ «հրազդան» հացի գինը տարբեր էր՝ 170, 160 կամ 150: Հիմնականում տարբերությունը տատանվում է 10-20 դրամի մեջ:
Հացի մյուս տեսակն էլ համարվում է մեր ավանդական լավաշը: Լավաշը սովորաբար թխում են թոնիրում: Մարդիկ կան, ովքեր միայն լավաշ են ուտում, բոքոն չեն ուտում: Ոմանք ասում են, որ այն դիետիկ է, ոմանք էլ ասում են, որ ավելի հեշտ է ծամվում: Բայց սպառողներից մեկն էլ բողոքում է. «Լավաշը շատ լավ է, լավաշ շատ ենք սիրում, բայց լավաշի հատը 100 դրամ է, ու մենք քանի հատ պետք է գնենք օրեկան, որ բավական լինի»:
Այսպիսով, այսօր շատերի համար, նույնիսկ հաց գնելն ու ուտելն է դարձել օրակարգային խնդիր:

 

Ջուլիետա Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել