Ճանապարհները տանում են արտերկիր, կամ դրսում սովորելու առավելություններն ու թերություւները

Ճանապարհները տանում են արտերկիր, կամ դրսում սովորելու առավելություններն ու թերություւները

1524

24-ամյա Դիանա Ներսիսյանը մեկ տարուց ավելի ուսումը արտերկրում շարունակելու  նպատակով բնակվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում: Հայաստանի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո, ձևակերպում է ուսանողական վարկ և առանց քննություն հանձնելու դիմում է Webster University-ին և ԱՄՆ տեղափոխվում:

«Ուղարկել եմ փաստաթղթերս, և օգտագործել եմ էսսե գրելու կարողությունս: Գրել եմ 5 էջանոց էսսե, թե ինչու եմ ընտրել հոգեբանությունը: Այնուհետև ունեցել եմ  օնլայն հարցազրույց և հենց այդ ժամանակ էլ ինձ տեղեկացրին, որ ընդունվել եմ համալսարան»:

Թագավարակի տարածման պատճառով Դիանան միայն մեկ կիսամյակ է կարողացել  համալսարանում դասի հաճախել: Journalist.am-ի հետ զրույցում նշում է, որ այն կրթությունը, որն ինքն էր ակնկալում, այժմ չի ստանում. «Մինչ այժմ ոչ մի առավելություն չեմ նկատել, և այժմ ինձ մոտ օնլայն կրթություն է, ես նույնիսկ չեմ զգում, որ ինչ-որ կրթություն եմ ստանում»:

Դիանան պատմում է նաև, որ համալսարանը փակ է և չունի ուսանողական կյանք, ողջ օրը տանն է անցկացնում, նույնիսկ համալսարանական ընկերուհի այս ժամանակահատվածում ձեռք չի բերել:

Արտերկրի կրթության վերաբերյալ  խոսելիս նշում է. «Ես սովորել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այստեղի կրթական ձևը գրեթե նույնն է: Հայաստանի դասախոսները ավելի լավն էին, ավելի հետաքրքիր էին դասն անցկացնում, տարբեր տարիքի մարդիկ էին, ինչն ինձ համար միշտ ոգևորիչ է, իսկ այստեղ դասախոսները  ծեր  են` 60-ից անց  և շատ մեծ դժվարությամբ են համակարգչի հետ աշխատում»:

Արտերկրում սովորելու առավելություններից առանձնացնում է իր ընտրած մասնագիտության` հոգեբանության ավելի  զարգացած լինելը. «Հոգեբանության առումով, չեմ կարծում, որ Հայաստանում կստանայի այն կրթությունը, որն այստեղ եմ ստանում, մասնագիտական գրաանությունը շատ է, ամեն թեման մանրամասն քննարկում ենք, և դասախոսները ավելի բաց են շփումերի ժամանակ: Ցանկանում եմ աշխատել զույգերի և երեխաների հետ:  Եվ խոսում ենք մինչ ամուսնություն, ամուսնական կյանքի, հոմոսեքսուալների մասին: Սկզբում ես նույնիսկ ինձ վատ զգացի այդ թեմաները քննարկելիս, բայց դասախոսս ասաց, եթե դու ուզում ես հոգեբան դառնալ, դու երբեք չպետք է լինես հոմոֆոբ, բոլորին պետք է վերաբերվես հավասար»,-Դիանան նաև հավելեց, որ սովորում է ավելի ազատ  մտածել և փորձում է լայնացնել իր մտահորիզոնը:

Արտերկրում սովորելու դժվարություններից առանձնացնում է լեզվական խնդիրը. «Երբ իրենք տեսնում են անգլերեն ակցենտով ես խոսում, մի փոքր «թարս են նայում»: Ես իմ կոմղից նկատել եմ նման բան, երբ սխալ բառ ասեցի կամ ակցենտը սխալ տեղ դրեցի, զգում եմ` ինչ- որ լարվածություն կա, ինձ համար դա կարող է լինել թերություն, շատ եմ աշխատում ինձ վրա և անըդհատ փորձում եմ խոսել, որ «ջարդեմ այդ կոմպլեքսները»»:

Դիանա Ներսիսյանը շատ մեծ ցանկություն ունի  ստացած  գիտելիքները Հայաստանում կիրառելու վերաբերյալ. «Ուզում եմ գալ Հայաստան, զարգացնել  հոգեբանությունը և  հոգեբանական կենտրոն ստեղծել»:

Այժմ անգլերենով հաղորդակցվելիս իրեն ավելի վստահ է զգում, մտածում է անգլերենով և մտքերը առանց նախօրոք հայերեն թարգմանելու է արտահայտում: Ֆինանսական դժվարություններից միակը իր վարկը փակելն է, սովորելուն զուգահեռ աշատում է և փորձում ինքնուրույն կայանալ:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրություն բաժնում սովորող Նարե Մուրադյանին միշտ հետաքրքրել է գերմաներենը:  Նա, ուսումը կիսատ թողնելով, դիմել է Հայաստանում  «Max work» ընկերությանը` որպես  «Au- pair» և, 3 ամիս անցնելով գերմաներենի դասընթաց,  հանձնել է քննություն, ապահովելով լեզվի իմացության A1 մակարդակ, որից հետո տեղափոխվել է մեկ տարով Գերմանիա:

«Max work» ընկերությունը հիմնականում  ուղղորդված է մշակությաին մի քանի ծրագրերի իրականացմամբ: Այն սկզբնական շրջանում զբաղվում էր միայն Au-pair  Գերմանիա ծրագրով: «Max work» ընկերությունը կազմակերպում է լեզվի հատուկ դասընթացներ այն դիմորդների համար, որոնց անհրաժեշտ է բարելավել օտար լեզվի գիտելիքները, որևէ ծրագրին մասնակցելու համար: (Տեղեկությունը վերցված է ընկերության Facebook-յան կայքից):

Մեզ հետ զրույցում Նարեն նշում է. «Նպատակս մեկն էր` ծրագրի շրջանակներում շատ      ճամփորդել, լեզվին լավ տիրապտել և վերադառնալ, սակայն որոշ ժամանակ Գերմանիայում բնակվելով ինձ օտար չէի զգում, կարծես տանն էի: Որոշ ժամանակ անց հասկացա, որ միայն ճամփորդելով չեմ ուզում սահմանափակվեմ և ցանկացա որևէ համալսարան ընդունվել»:

Նարեն ընդունվում է Վիեննայի համալսարան. «Այստեղ երեք ամիս սովորելուց հետո մրցույթ հայտարարվեց ուսումը պրակտիկորեն (փորձաշրջան) Շվեցարիայում շարունակելու համար, ես ընդգրկվեցի հաղթող մասնակիցների մեջ և տեղափոխվեցի Շվեցարիա` ուսումս շարունակելով  մենեջմենթ տուրիզմ մասնագիտությամբ»:

Արտերկրում սովորելու առավելությունները Նարեի համար ակնհայտ են և դրանք միայն կրթությամբ չեն սահմանափակվում. «Այն քեզ վերաձևում է որպես անհատ, ընդլայնում մտահորիզոնդ, հարստացնում է նոր ընկերներով ու մշտապես ճամփորդ լինելու արտոնությամբ, որն ինձ ամենաշատն է դուր գալիս: Համալսարանից, որպես ուսանող, ստանում ես այցեքարտ՝ թանգարաններ այցելելու, երթևեկության քարտ, ճամփորդելիս մշտապես ունես զեղչեր, դա շատ կարևոր է ինքնուրույն ապրող ուսանողների համար, անձնական որակների զարգացման առումով այստեղ ապրելը ևս կարևոր է»:

Սովորելուն զուգահեռ տանից  աշխատում է տուրիստական ընկերությունում. աշխատանքը հատուկ վարձատրվող պրակտիկա է(փորձաշրջան) արտասահմանից եկող  ուսանողների համար:

«Ունեցել եմ և ունեմ լեզվի հետ կապված դժվարություններ, պետք է խնդրեմ, որ խոսեն իսկական  գերմաներենով, ոչ թե շվեցարական գերմաներենով, որը երբ լսում ես, մտածում ես՝ գերմաներեն չէ, այլ ուրիշ լեզու է»:

Ներկա պահին իր ապագան Հայաստանում դեռ չի տեսնում, պատճառը իր անցած երկար ճանապարհի գնահատումն է և Հայաստանում ապրելով կրթվելու նոր ճանապարհներ փնտրել չկարողանալը:

Խոսելով Հայաստանի և Շվեյցարիայի համալսարանների կրթական տարբերություններից՝ նշում է, որ Շվեյցարիայում 90 րոպե տևողությամբ դասերը շատ աննկատ են անցնում. «Դասին չես ձանձրանում, անգամ, եթե ամբողջ գիշեր չես քնել կամ շատ հոգնած ես, այդ ամենը տևում է ընդամենը մի քանի վայրկյան. դասախոսները, պրոֆեսորները, դոցենտները, այնքան լավ են անցկացնում դասը, որ ձանձրանալու ժամանակ անգամ չես ունենում: Հայաստանի համալսարաները, ըստ իս, շատ հետ են սարքավորումների առումով: Իսկ նմանություններ կդժվարանամ նշել, շատ կուզենայի` մեր կրթական համակարգը այնքան աճեր, որ դրսում արժեք ունենար»:

ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Անի Ավանեսսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հանձնաժողովն իր Ֆեյսբուքյան էջում դիմում հայտ է տեղադրում, որը լրացնելուց հետո ուսանողների հետ  անցկացվում է հարցազրույց: Հարցազրույցը բարեհաջող անցած  ուսանողները սկսում են իրենց գործունեությունը  ԵՊՀ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովում:

«ԵՊՀ ուսանողները միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին կարող են ծանոթանալ՝ այցելելով ԵՊՀ կայքի միջազգային կապերի հայտարարություններ բաժինը։ Մագիստրոսական ծրագրերին ծանոթանալու համար կարող են դիմել կրթաթոշակային ծրագրեր առաջարկող համապատասխան գրասենյակներ (ինչպես օրինակ՝ ՀՀ-ում Erasmus+ ազգային գրասենյակը, DAAD երևանյան գրասենյակը և այլն)։ Կրեդիտային շարժունության ծրագրերի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերի մրցույթի մեկնարկի և այլ անհրաժեշտ տեղեկատվության մասին հայտարարությունները մենք տեղադրում ենք նաև մեր հանձնաժողովի ֆեյսբուքյան խմբում»,- նշում է Անի Ավանեսսյանը և հավելում, որ հանձնաժողովի գործունեությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ հանձնաժողովի ֆեյսբուքյան խմբի վարում և սեմինարների, վեբինարների, տեղեկատվական հանդիպումների իրականացում արտաքին համագործակցությունների միջոցով:

ԵՊՀ-ն այս պահին պայմանագրեր և համաձայնագրեր ունի 50 երկրների շուրջ 270 համալսարանների, միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների հետ:

«Եթե խոսենք միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մասին, ապա այն տևում է մեկ կիսամյակ, որից հետո հետ գալով Մայր բուհ՝ ուսանողը շարունակում է կրթությունը իր ֆակուլտետում, իր կուրսի հետ։ Իսկ եթե խոսենք մագիստրոսական ծրագրերի մասին, ապա դրանք տևում են 1-2 տարի՝ կախված ծրագրից, որին ուսանողը դիմել է։ Սա, սակայն, համալսարանից անկախ գործընթաց է, և այս ծրագրին դիմելու համար ուսանողը համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնի այն գրասենյակ, որի կրթաթոշակային ծրագրով նա հետաքրքրված է»:

ԵՊՀ-ն ավարտած 25-ամյա Աստղիկ Մանուկյանը (անուն,ազգանունը փոխված է) իր ուսանելու տարիներին համալսարանական ծրագրով երկու ուսումնական տարի(սովորել է  2017-2019 ընկած հատվածում)  անցկացրել է Հորդանանում և սովորել Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական համալսարանում:

Նա journalist.am-ի հետ զրույցում նշեց. «Համալսարանական ծրագրերը հիմնականում ընտրում են բարձր ՄՈԳ(միջին որակական գնահատական) ունեցող ուսանողների, իսկ իմ ՄՈԳ-ը 19-ից բարձր էր և ինձ ընտրեցին արտերկրում սովորելու համար` որպես արաբագետ: Կրթությունս շարունակելու համար անհրաժեշտ էր անգլերեն և արաբերեն լեզուների իմացություն (B2,C1 մակարդակներ) և ես միայն հանձնել եմ «TOEFL»:

Դրսում սովորելու թերություններից և ռիսկերից խոսելիս առանձնացնում է լեզվական դժվարությունները. «Այնտեղ ոչ բոլորը գիտեին անգլերեն, ռուսերեն և դու պետք է անցնեիր արաբերենի, թերություններից էր այն, որ ուսանողների մի մասը ինտեգրվում էին տեղի հասարակությանը  և հետ չէին գալիս: Դրսում սովորելը  նաև ռիսկային է նրանով, որ այդ երկրի կազմակերպությունները քեզ կարող են որպես լրտես դիտարկել և անկախ քեզնից ծառայես այդ երկրին` ֆինանսական, տնտեսական, կրթական տեղեկություն տրամադրելով»:

Աստղիկը համալսարանում շատ լավ սովորել էր արաբերենի քերականությունը և ուղղագրությունը, բայց արաբերենով խոսել և հարցերին պատասխանել չգիտեր. «Նրանք չէին խոսում այն արաբերենով, որը մենք անցել էինք համալսարանում, խոսում էին բարբառներով: Այնտեղ սովորելու ընթացքում Հորդանանի համալսարանը կարողացավ  զրո մակարդակով արաբերեն խոսողից դարձնել ինձ  native speaker (լեզվակիր): Դժվարություն էր այն, երբ դու այնտեղ ինտեգրվելուց հետո վերադառնում ես  և քեզ արաբերենը սկսում են  հայերենով  դասավանդել, սակայն  անմիջապես Հայաստան գալուց հետո դու զգում ես քո լեզվական մակարդակի առավելությունը, այնուհետև որակավորվում ես որպես մասնագետ, և աշխատանքի բազում առաջարկներ ստանում»:

Ֆինանսական դժվարությունները ևս Աստղիկին չեն շրջանցել. «Ֆինանսական խնդիրը հիմնականում ընտանիքս էր լուծում և մասամբ պետությունը, օգնում էր նաև Հորդանանի տեղի հայ համայնքը: Այնտեղ սնունդը շատ թանկ էր, օրինակ` ծորակի ջուրը խմելու չէր` դեղնավուն էր և աղի, իսկ հագուստը համեմատաբար ավելի էժան էր»:

Հորդանանի և Հայաստանի համալսարանների նմանություններից խոսելիս առանձնացնում է դասախոսական կազմի ճիշտ ընտրությունը. «Ունենք շատ լավ և կիրթ դասախոսներ, որոնք քեզ ոչ միայն առարկայի շրջանակներում, այլև  կյանքի դասեր են տալիս: Երկու երկրներում էլ քեզ հասկացնում էին, որ համալսարանական լինելով, դու գտնվում ես բարձր հաստատությունում և հասարակ անձնավորություն չես:

Թերություններից նշում է, որ Հորդանանի դասախոսները ավելի անմիջական էին և ուսանողները շատ հանգիստ կարողանում էին արտահայտել իրենց կարծիքը. «Այնտեղ սովորեցնում էին կարծիք արտահայտել, նույնիսկ այն թեմաների վերաբերյալ, որոնցից կարծիք չունեիր: Քննարկում էինք գլոբալ հարցեր, օրինակ` գործազրկություն: Կարծիք արտահայտելու հնարավորություն էին տալիս, և թե ինչպես դու կարող ես լուծել որևէ խնդիր, որը իմ կարծիքով բացակայում է պետական համալսարանում: Խմբերը 7 հոգին չէին գերազանցում, ժամանակը բոլորին բավարարում էր, և այդ ընթացքում մեծ գիտելիքներ էինք ստանում»:

 Համալսարանական տարբերություններից առանձնացնում և կարևորում է նաև դասապրոցեսների անցկացումն ու ուսանող-դասախոս փոխհարաբերությունը. «Հորդանանում դասերի մեծ մասը կարող էինք անցկացնել այգում` խոտերին նստած, ունեին այնտեղ դասախոսի հետ տեղ գնալու պարտադիր օր, օրինակ`մենք դասախոսների հետ գնացել ենք թանգարան, ընթրելու, արաբական նախաճաշի, դասախոսի հետ շփվում էինք որպես ընկերներ, այդ ամենը ես շատ կուզենայի տեսնել ԵՊՀ-ում»:

Աստղիկ Մանուկյանը արտերկրում սովորել ցանկացողներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ լեզվական իմացությունների վրա. «Օգտվեք ձեզ ընձեռված  հնարավորությունից արժեքավոր գիտելիքներ ստանալու համար, երբ այնտեղ ես լինում, մշակութային գիտելիքներդ  ևս խորանում են: Այնտեղ մարդուն գնահատում էին` ըստ գիտելիքի»:

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել