«ԲԱՐԴԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ԲԱՐԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«ԲԱՐԴԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ԲԱՐԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1625

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հերթական բարեգործական համերգը «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ և աջակցությամբ: 

Մայիսի 9-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» համերգային ծրագիրը` հեղինակային երգի կատարողներ Ռուբեն Հախվերդյանի, Էդուարդ Զորիկյանի, Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Գագիկ և Սարգիս Շիբոյանների, Կարեն Մամիկոնյանի, Արմեն Ադամյանի, Ռուբեն Քամալյանի, Վարդան Գալստյանի, Քրիստ Մանարյանի, Վահե Քոչարի, Վահան Արծրունու մասնակցությամբ:

«Ասում են`այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մարդիկ իրար չեն սիրում, չգիտեմ, միգուցե կա նման բան, բայց այսօրվա երեկոն պնդում է, որ դա այդքան էլ այդպես չէ»,- ասում է Քրիստ Մանարյանն ու կիթառը փոխանցում Արմինե Հայրապետյանին. «Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար: Անչափ սիրում եմ սիրո այս ջերմ պոռթկումը, որ ամենքիս մի փոքրիկ քայլով տանում է օգնության: Թող Աստված բոլոր բալիկներին առողջություն պարգևի: Ես այսօր այստեղ երգչուհի չեմ, ես որևէ մեկը չեմ, որ կարող է կերպար ստեղծել, ես այսօր ընդամենը մայր եմ»:

Ապա Էդուարդ Զորիկյանի «Հուսո առագաստով» ամփոփվեց բարեգործական նավարկությունը, որից ստացված 1,400,000 ՀՀ դրամ կփոխանցվի 4-ամյա Սաթենիկ Նազարյանի համար բացված հաշվեհամարին:  Սաթենիկը 4 տարեկան է: Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշել են Ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Այս ախտորոշումը ճշգրիտ չէ և դեռ հաստատված չէ: ճշգրիտ ախտորոշում իրականացնելու և համապատասպան բուժում ստանալու նպատակով բժիշկները ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել,ինչը ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում:

 

 

Էլեն Պարսամյան

4-րդ կուրս

Կիսվել