ԶԻՓԼԱՅՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ

ԶԻՓԼԱՅՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ

2819

Էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար Հայաստանում միայն վերջին մեկ տարվա ընթացքում կառուցվել է երկու զիփլայն՝ երկուսն էլ Տավուշի մարզում:

Երրորդը կառուցվելու է շուտով՝ Ծաղկաձորում:

Թեև արկածային տուրիզմի այս տեսակը աշխարհում տարածված է բավական երկար ժամանակ, մեզ մոտ այն նորություն է: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում Հայաստան այցելող զբոսաշրջիկներին՝ այստեղ ևս հետաքրքրությամբ կատարելու զիփլայնային թռիչքներ:

Զիփլայնի հաջողությանն է նպաստում նաև մեր երկրի ռելիեֆը՝ լեռներ, անտառներ , ձորեր, հստակ արտահայտված տարվա չորս եղանակներ, ինչը պակաս կարևոր չէ գեղագիտական տեսանկյունից:

Գիտ-էքսկուրսավար Լիանա Դալլաքյանը կարծում է, որ զիփլայների առկայությունը հետաքրքրություն ու նորություն է բերում էքստրեմալ տուրիզմ, ինչը շատ կարևոր է դինամիկա պահանջող այս ոլորտում, բայց դրանցից բեկումնային փոփոխություն ակնկալելը առայժմ վաղ է:

-Մենք ունենք հիանալի բանական ռեսուրսներ, որոնք աշխարհի շատ  երկրներ չունեն: Ունենք անհատներ, ովքեր մեծ հետաքրքություն են դրսևորում տուրիզմի այս տեսակի նկատմամբ, ցանկանում են կառուցել, զարգացնել ոլորտը, սակայն այս ամենը ավելի հեռանկարային դարձնելու համար միայն անհատները բավական չեն: Մեզ պակասում է ավելի բարձր՝ պետական մակարդակի հետաքրքրությունը:

Ըստ նրա՝ զիփլայնային տուրիզմի զարգացման հաջող մեկնարկը արդեն տրված է, մնում է միայն, որ այս ոլորտը նույնքան կարևորվի, որքան ասենք ժամանակին կարևորվեց ճոպանուղիներ կառուցելը: Այս խնդիրը լուծելու պարագայում զիփլայնը կարող է տուրիզմի զարգացման ոչ միայն դրական արդյունք գրանցել, այլև դառնալ էքստրեմալ տուրիզմի հայաստանյան դիմագիծը:

 

Էլեն Պարսամյան

4-րդ կուրս

Կիսվել